Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-512-12.03.2020-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը՝ շարադրել նոր խմբագրությամբ.

«1) Զինծառայության ժամանակ մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Գործող ՀՀ «Փաստաբանների» մասին օրենքով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը, այդ թվում օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձանց, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին: Հետեւաբար, նման վերաբերմունքը արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքի անդամների հանդեպ, որոնց զավակները ՀՀ Զինված Ուժերում իրենց ծառայությունը իրականցնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում, եւ նման տարբերակված խտրական մոտեցման արդյունքում չեն կարողանում ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն: Հարկ է նշել, որ Զինված Ուժերում մահացած զինծառայողների հարազատները պարբերաբար բարձրաձայնում են վերոնշված անարդարացի իրավիճակի մասին եւ ակնկալում, որպեսզի օրենքով կարգավորվի պետության կողմից իրենց անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը, որով պայամանվորված իրենց իրավունքների պաշտպանությունը հանրային պաշտպանի գրասենյակի կողմից կկազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուր շահառու հանդիսացող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

Ըստ Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրված վիճակագրական տվյալների՝ ՀՀ Փաստաբանների մասին օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված շահառուներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու գործերի քանակը եղել է հետեւյալը՝ 2016 թ. 123 գործ, 2017թ. 66 գործ, 2018 թ. 100 գործ, 2019 թ. 122 գործ: Ընդ որում, պրակտիկայում արձանագրվել են դեպքեր, երբ հանրային պաշտպանի գրասենյակին դիմել են Զինված Ուժերում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները, սակայն նրանց օրենքով նախատեսված շահառու չհանդիսանալու հիմքով՝ չի տրամադրվել անհրաժեշտ անվճար իրավական օգնություն:

Օրենքի նախագծի ընդունմամբ պետությունը օրենքով կերաշխավորի եւ կապահովվի Զինված Ուժերում ծառայության ընթացքում մահացած զինվորների ընտանիքի անդամներին՝ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅՆԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ՀՀ «Փաստաբանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

1) օրենքի նախագծի (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան).

2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքների նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆ