Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-517-13.03.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը ստորագրվել է 2017թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից:

Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության (վերապահումով), Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2018թ. դեկտեմբերի 30-ից՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության համար:

Արձանագրությունը բաղկացած է 20 հոդվածից:

Արձանագրության նպատակն է խորացնել համագործակցությունը թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման եւ քննության գործում, ինչպես նաեւ սահմանել քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի եւ զենքի փոխանցման կարգ:

Արձանագրության շրջանակներում Կողմերը համագործակցում են իրեղեն ապացույցների փոխանցման հարցերում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա: Կողմերի իրավասու մարմիններն ուղարկում, ստանում են հարցումներ, կազմակերպում են դրանց օպերատիվ եւ պատշաճ կատարումը: Կողմերի իրավասու մարմինների ցակը սահմանում է յուրաքանչյուր Կողմը: Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին յուրաքանչյուր Կողմ 30 օրվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:

Արձանագրության համաձայն՝ Կողմերն իրենց իրավասու մարմինների միջոցով կատարվող հարցումով պարտավորվում են միմյանց փոխանցել իրեղեն ապացույցներ՝ հարցում ուղարկող Կողմի քրեական դատավարության ընթացքում օգտագործելու համար:

Հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժվել, եթե հարցում ստացող Կողմը ենթադրում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետական շահերին կամ հակասում է իր ազգային օրենսդրությանը:

Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է ուղարկվել ֆաքսիմիլային կապի միջոցով, ինչպես նաեւ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ: Միաժամանակ, հարցման բնօրինակը պետք է ուղարկվի փոստով կամ սուրհանդակի միջոցով: Իրեղեն ապացույցների անմիջական փոխանցումը կատարվում է հարցման բնօրինակը ստանալուց հետո:

Յուրաքանչյուր Կողմ ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը եւ իրեղեն ապացույցների անվտանգությունը: Իրեղեն ապացույցների հասանելիության սահմանափակման աստիճանը որոշում է հարցում ուղարկող Կողմը:

Իրեղեն ապացույցների փոխանցման կարգը սահմանված է Արձանագրության 1-ին հավելվածով, համաձայն որի՝ իրեղեն ապացույցների տեղափոխումն Արձանագրության մասնակից պետությունների տարածքով կատարվում է Կողմերի իրավասու մարմինների հսկողության ներքո՝ նրանց ազգային օրեսդրությամբ սահմանաված կարգով: Փոխանցման ժամանակ իրեղեն ապացույցները պետք է փաթեթավորել պատշաճորեն՝ ապահովելով դրանց անվնաս եւ անվտանգ տեղափոխումը՝ հարցում ստացող Կողմի ազգային օրենսդրության համաձայն: Իրեղեն ապացույցների ընդունում-հանձնումը ձեւակերպվում է Արձանագրության 2-րդ հավելվածով սահմանված արձանագրությամբ:

Արձանագրության կատարման ընթացքում Կողմերը ծախսերը կատարում են ինքնուրույն, եթե ամեն կոնկրետ դեպքի համար այլ կարգ չի համաձայնեցվում:

Կողմերի համաձայնությամբ Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կձեւակերպվեն համապատասխան արձանագրությամբ:

Արձանագրության կիրառման եւ մեկնաբանման ժամանակ Կողմերի միջեւ ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջեւ՝ խորհրդակցությունների եւ բանակցությունների միջոցով:

Ադրբեջանի Հանրապետության կողմից Արձանագրության վերաբերյալ վերապահումը ներկայացնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է վերապահումով, համաձայն որի՝ ոչ մի իրավունք, պարտավորություն եւ դրույթ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չեն կիրառվի մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովորդի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունք է:

ՀՀ ֆինանսների նախարարության եզրակացության համաձայն՝ Արձանագրությամբ սահմանված ԱՊՀ շրջանակներում քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացում, հետեւաբար նաեւ ծախսերի ավելացում: Միաժամանակ, Արձանագրությունում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության համաձայն՝ Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Միաժամանակ, Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով:

ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացության համաձայն՝  արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար եւ հիմնավորված է համարում Արձանագրության վավերացումը:

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ  ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը ստորագրվել է 2017թ. հոկտեմբերի 11-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից:

Արձանագրության նպատակն է խորացնել համագործակցությունը թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման եւ քննության գործում, ինչպես նաեւ սահմանել քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի եւ զենքի փոխանցման կարգ:

Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության (վերապահումով), Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2018թ. դեկտեմբերի 30-ից՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության համար:

2017թ. հոկտեմբերի 11-ին ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

6 մարտի 2020 թվականի  N  305  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 6
  Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

30  մայիսի 2019 թվականի  N  652 - Ա

«ՔՐԵԱԿԱՆ   ԳՈՐԾԵՐՈՎ  ԻՐԵՂԵՆ  ԱՊԱՑՈՒՅՑ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հունիսի 5
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

21  նոյեմբերի 2019 թվականի  N  1658-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 652-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» N 652-Ա որոշման 4-րդ կետում «Հովհաննես Քոչարյանին» բառերը փոխարինել «Վարդան Մովսիսյանին» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. նոյեմբերի 26
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ


ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Կարապետյան

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ           ԱՆԻ ՕԲՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

Հարգանքով՝             ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ