Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-591-17.05.2005-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի հունիսի 17-ի ՀՕ-247 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը 31-րդ գլխից հետո լրացնել նոր 31.1 գլխով հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 31.1 ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 182.1 Դիմում տալը

Երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը տրվում է որդեգրվող երեխայի բնակության վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան:

Հոդված 182.2 Դիմումին առաջադրվող պահանջները

1. Դիմումում պետք է նշվեն՝

1) Որդեգրել ցանկացող անձի (անձանց) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը,

2) Որդեգրվող երեխայի ազգանունը անունը հայրանունը, ծննդյան ժամանակը եւ բնակության վայրը,

3) եթե որդեգրվող երեխան մինչեւ 1 տարեկան է, ապա որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը փոփոխելու մասին,

4) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակի եւ վայրի փոփոխելու, իրեն (իրենց) որպես որդեգրվող երեխայի ծնող (ծնողներ) գրառելու մասին:

2. Դիմումին պետք է կցվեն`

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրում ցանկացող անձը (անձինք) գտնվում է (են) ամուսնության մեջ,

3) երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում որդեգրման համար մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, եթե երեխան չի որդեգրվում երկու ամուսինների կողմից,

4) Տասը տարին լրացած երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը։ Եթե երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում եւ նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու.

Որդեգրմանը երեխայի համաձայնությունը ի հայտ են բերում խնամակալության եւ հոգաբարձության մարմինները.

5) որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը (պատճենը),

6) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք,

7) որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք,

8) խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաների խնամակալների (հոգաբարձունների) գրավոր համաձայնությունը, ինչպես նաեւ խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը.

9) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր՝ որդեգրվող երեխայի ծնողների կողմից գրավոր համաձայնություն՝ երեխային որդեգրման տալու մասին, ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողի (ծնողների) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ,

10) անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաեւ նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությունը,

11) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության եւ այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի եւ որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ բոլոր այն փաստաթղթերի պատճեները, որոնք որդեգրել ցանկացող անձը (անձինք) ներկայացրել են եզրակացությունը ստանալու համար,

12) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս` սույն հոդվածի առաջին մասի 1-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաեւ երեխայի օրինական ներկայացուցչի եւ այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաեւ որդեգրման համար տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ,

13) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում սույն հոդվածի առաջին մասի 1-10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով տրված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված նախնական համաձայնությունը։

Հոդված 182.3 Դիմումի քննությունը

Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եւ որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ։ Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի մասնակցությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուչներին, եւ այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաեւ տաս տարին լրացած որդեգրվող երեխային:

Երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը դատարանը քննում է դռնփակ դատական նիստում:

Հոդված 182.4 Դատարանի վճիռը

Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ որդեգրումը հաստատելու մասին։

Որդեգրվող երեխայի անվան, հայրանվան եւ ազգանվան, ծննդյան ժամանակի եւ (կամ) վայրի փոփոխման, որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու անհրաժեշտության, ինչպես նաեւ որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու դեպքերում նշվում են որդեգրման մասին դատարանի վճռի մեջ։

Դատարանի կողմից որդեգրումը մերժվում է.

1) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծ են,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Դատարանի վճիռը, որով հաստատված է ճանաչվում երեխայի որդեգրումը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից՝ պետական գրանցման համար։

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետում «որդեգրման գաղտնիությունը,» բառերը հանել։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: