Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-592-17.05.2005-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-247, այսուհետ` օրենսգիրք) 13-րդ հոդվածը «վճիռներ եւ որոշումներ» բառերը փոխարինել «վճիռներ, որոշումներ եւ վճարման կարգադրություններ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 95. Հայցադիմումի պատասխանը

1. Հայցադիմումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչեւ երկու շաբաթ տեւողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:

Պատասխանողը պարտավոր չէ ներկայացնել հայցադիմումի պատասխանը, եթե երկշաբաթյա ժամկետում ներկայացրել է հակընդդեմ հայց:

Սույն օրենսգրքով, գործերի քննության եւ լուծման երկամսյա ժամկետի համեմատ ավելի կրճատ ժամկետներ սահմանված լինելու դեպքում, պատասխանողը մինչեւ գործի քննությունն իրավունք ունի դատարան եւ գործին մասնակցող այլ անձանց պատասխան ուղարկել հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր:

2. Պատասխանում նշվում են`

1) դատարանի անվանումը.

2) հայցվորի անունը (անվանումը).

3) հայցվորի պահանջները լրիվ կամ մասնակիորեն մերժելու շարժառիթները, ինչպես նաեւ այդ պահանջների վերաբերյալ առարկությունները հիմնավորող ապացույցները.

4) պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը:

Պատասխանում կարող են նշվել նաեւ այլ տեղեկություններ, ինչպես նաեւ պատասխանողի միջնորդությունները:

3. Պատասխանն ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:

Ներկայացուցչի կողմից ստորագրված պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիր:

Պատասխանողի ներկայացրած պատասխանը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դատարանն այն ուղարկում է հայցվորին:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված պատասխանը չներկայացվելու դեպքում, դատարանն իրավունք ունի գործի նյութերով կայացնել վճիռ` եթե դա հնարավոր է:

Հոդված 3. Oրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 36.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 36.1. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը

Հոդված 204.1. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիությունը

1. Որոշակի դրամական պահանջներով թույլատրելի է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթ (ստորեւ՝ կարգադրության վարույթ)՝ սույն գլխի դրույթներին համապատասխան: Սույն գլխում պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ, կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:

2. Կարգադրության վարույթ թույլատրելի չէ, երբ`

1) դրամական պահանջը կապված է դեռեւս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ,

2) ներկայացված պահանջի հիմքում ընկած է վարկային պայմանագիրը եւ նախատեսված տոկոսադրույքը պայմանագրի կնքման պահին եղել է ավելի, քան օրենքով սահմանված տոկոսադրույքը:

Հոդված 204.2. Վճարման կարգադրություն արձակելու դիմում

1. Դատարան ներկայացվող դիմումը պետք է ուղղակիորեն պարունակի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մասին եւ ներառի հետեւյալ տվյալները`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

2) կողմերի անունները (անվանումները), հաuցեները (գտնվելու վայրը).

3) հիմնական եւ լրացուցիչ պահանջների հիմքը եւ չափը` առանձին-առանձին.

4) պահանջը հաստատող ապացույցները.

5) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռեւս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են.

6) դիմում ներկայացնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի ստորագրությունը:

Եթե դիմումը uտորագրված է դիմողի օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից, ապա դիմումին կցվում է նաեւ վերջիններիu ներկայացուցչությունը հավաuտող համապատասխան փաստաթղթերը:

2. Եթե պարտավորությունն ապահովված է գրավով եւ դիմումատուն ցանկանում է հանդես գալ որպես գրավով ապահովված պարտատեր, ապա դիմումին պետք է կցվի նաեւ գրավի պայմանագիրը:

3. Դիմումը եւ կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից:

Հոդված 204.3. Ընդդատություն

Վճարման կարգադրություն արձակելու գործն ընդդատյա է միայն պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարանին:

Հոդված 204.4. Վճարման կարգադրություն արձակելու դիմումի մերժում

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումը մերժվում է այն մասով, որով՝

1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 204.1-204.3 հոդվածների դրույթներին,

2) պահանջը առերեւույթ հիմնավորված չէ, կամ

3) պահանջը հաստատող ապացույցները կասկածելի են:

2. Մերժումից առաջ դիմողը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքս, էլեկտրոնային փոստի միջոցներ եւ այլն): Դիրքորոշում չարտահայտելն արգելք չէ մերժման մասին որոշում կայացնելու համար: Մերժման մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման:

3. Մերժման մասին որոշումը խոչընդոտ չէ, որ հայցվորը հայցի ձեւով ներկայացնի իր պահանջի մերժված մասը:

Հոդված 204.5. Վճարման կարգադրությունը

1. Վճարման կարգադրություն արձակելու դիմումն ամբողջովին մերժելու մասին որոշում չկայացնելու դեպքում, դատարանն առանց նիստ հրավիրելու արձակում է վճարման կարգադրությություն:

2. Վճարման կարգադրությունը պարունակում է.

1) նշում առ այն, որ դատարանը, ըստ էության, չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը,

2) կարգադրություն՝ երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետեւյալ գործողություններից որեւէ մեկը՝

- կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,

- դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել գրավոր առարկություն, եթե պատասխանողը ներկայացված պահանջը դիտում է որպես չհիմնավորված:

Պատասխանողն իրավունք ունի գրավոր առարկություն ներկայացնել նաեւ պահանջի միայն մի մասի վերաբերյալ, մյուս մասով կատարելով վճարման պահանջը:

3) նշում առ այն, որ առարկություն ներկայացնելու դեպքում վեճը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը.

4) նշում առ այն, որ սահմանված ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ եւ ենթակա է հարկադիր կատարման:

3. Վճարման կարգադրությանը կցվում է դիմումի եւ կից փաստաթղթերի կրկնօրինակը:

4. Վճարման կարգադրությունը պատասխանողին ուղարկվում է փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ):

Հոդված 204.6. Դիմումի քննության ժամկետները

Դատավորը պարտավոր է դիմումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում ձեռնարկել հետեւյալ գործողություններից մեկը՝

1) արձակել վճարման կարգադրություն.

2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը.

3) մասամբ մերժել վճարման կարգադրություն արձակելու դիմումը՝ մյուս մասով արձակելով վճարման կարգադրություն:

Հոդված 204.7. Անցում հայցային վարույթի

Սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է: Այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով:

Հոդված 204.8. Վճարման կարգադրության ուժի մեջ մտնելը

Այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումը (տեղեկացումը) ստանալու օրվանից երեք շաբաթվա ընթացքում դատարանն առարկություն չի ստանում, կամ ստանում է առարկություն, որը պատասխանողն ուղարկել է երկշաբաթյա ժամկետի խախտմամբ, վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ եւ ենթակա է հարկադիր կատարման: Դատարանը` դիմողի պահանջով բռնագանձման մասին դիմողի դիմումի հիման վրա տալիս է կատարողական թերթ: Եթե դիմումին կցված է եղել գրավի պայմանագիրը, ապա կատարողական թերթում նշում է կատարվում, որ բռնագանձումը կարող է տարածվել նաեւ գրավի առարկայի վրա:

Հոդված 4. Oրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 129.1 հոդվածով`

«Հոդված 129. Սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալը

Քաղաքացիական գործով սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: