1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը, այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության պահպանման պահանջ սահմանելու դեպքում, որեւէ կերպ չի կարող նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւ մրցունակության ապահովման առումով): Առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղության պահպանման պահանջը եւ ժամկետը սահմանվում են յուրաքանչյուր ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:»:
2) 2-րդ մասից հանել՝ «Այն պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից:» նախադասությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պահանջը սահմանելու ընթացքում` ոչ հիմնավորված, վերացական որոշումների ընդունումը բացառելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջը սահմանվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն: Ընդ որում վերը նշված հոդվածի համաձայն` առանց առողջապահական այս կամ այն ոլորտի ծառայությունների մատուցման որակը, ծավալները եւ նման ծառայությունների բավարարման մակարդակն ու զարգացման հեռանկարները հաշվի առնելու, առողջապահական ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանումը պարտադիր է ընկերության ամբողջ գործունեության ընթացքում, անկախ սեփականատիրոջ փոփոխությունից: Նման, միանշանակ եւ վերացական մոտեցումը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել, առողջապահական հիմնարկների հետագա գործունեության ճանապարհին: Ներկայացված նախագծով առաջարկվում է հիմնական ուղղության պահպանման եւ դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանը, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով առկա վիճակից, առողջապահության ոլորտում տարվող քաղաքականությունից, ինչպես նաեւ ընկերությունների համար ազատ գործունեություն ծավալելու համար նաեւ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից սահմանում է հիմնական ուղղության պահպանման նպատակահարմարությունը եւ ժամկետները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող` «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-95-Ն, 09.06.2017թ.):
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Առողջապահական ընկերությունների մասնավորեցման ընթացքում գործունեության հիմնական ուղղության պահպանման վերաբերյալ միակողմանի եւ վերացական որոշումների կայացումը բացառելու եւ բազմակողմանի հիմնավորված որոշումներ ընդունելու նպատակով առաջարկվում է առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտությունը եւ ժամկետների սահմանման լիազորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերապահել ՀՀ կառավարությանը: Օրենքի համապատասխան հատվածից առաջարկվում է հանել «անկախ սեփականատերերի փոփոխությունից» արտահայտությունը, քանի որ հիմնական ուղղության պահպանման պահանջ դրվում է ընկերության նկատմամբ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման ընթացքում հիմնական ուղղության սահմանման ժամանակ ոչ հիմնավորված որոշումների ընդունումը, որի շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն այդ ընկերությունների արդյունավետ գործունեությունը կազմակերպելու ու ծավալելու հարցում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 2020 թվականի N 289 - Ա
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. մարտի 16
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
20 մարտի 2020 թվականի N 377 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. մարտի 20
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 289-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ