Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-539-31.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության  2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ:

4. Հանրաքվեն վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի:

Վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա եւ քվեարկության օրվա միջեւ ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից  մինչեւ քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի վերսկսման դեպքում մինչեւ կասեցման պահը կատարված գործողությունների ընթացքը շարունակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվանից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը` պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ եւ սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը: Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:»:

Հոդված 4. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի  մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առկա իրավիճակը

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ Օրենք) ռազմական կամ արտակարգ դրության պատճառով հանրաքվեի չեղարկման խնդրին անդրադառնում է երկու դրույթներում` 6-րդ հոդվածում եւ 12-րդ հոդվածի 5-րդ մասում: Մասնավորապես, 6-րդ հոդվածի կարգավորումները վերաբերվում են այն դեպքերին, երբ ռազմական կամ արտակարգ դրության նշանակման պահին ունենք մի իրավիճակը, որտեղ հանրաքվեի կազմակերպման գործընթացը մեկնարկել է, սակայն, այն դեռեւս չի նշանակվել:
12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է ռազմական կամ արտակարգ դրության պատճառով արդեն նշանակված հանրաքվեն անցկացնելու արգելքը:
6-րդ հոդվածը կանոնակարգում է դեռեւս չնշանակված` կազմակերպման փուլում գտնվող հանրաքվեի նախաձեռնությունը ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո վերսկսելու գործընթացը:

Օրենքը, սակայն, չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը:

Առաջարկվող կարգավորումները

Նախագծով առաջարկվում է 6-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով, որոնք վերաբերվում են այն դեպքերին, երբ նշանակված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չի անցկացվում: Մասնավորապես, սահմանվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով եւ 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ:

Նախագծով առաջարկվում է 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Ըստ այդմ, սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Բացի այդ 5-րդ մասով սահմանվում են կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները: Մասնավորապես, որ վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա եւ քվեարկության օրվա միջեւ ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից  մինչեւ քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից, իսկ ԿԸՀ-ն` սահմանում է վերսկսված հանրաքվեի գործընթացի կազմակերպման նոր ժամանակացույց: Ի դեպ, ԿԸՀ-ն` պատճառաբանված որոշմամբ, կարող է փոխել հանրաքվեի կազմակերպման գործընթացների առանձին ժամկետների հաշվարկը` վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Օրենքի 20-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր մասով, որով նախատեսվում է կարգավորել վերսկսված հանրաքվեի «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության հիմնադրամների հետ կապված գործընթացները:

Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի կասեցված գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
«30» մարտի 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՝ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

1) օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող` Վահագն Հովակիմյան).

2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքի  փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ  օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով`

ՀՀ ԱԺ պատգամավոր      Վահագն Հովակիմյան