Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-542-31.03.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «պահպանման» բառից հետո լրացնել «վերահսկողության,» բառով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «Պատասխանատվությունը»  բառից առաջ լրացնել «Վերահսկողությունը ավտոմոբիլային ճանապարհների նկատմամբ,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլուխում 16-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝  16.1-րդ հոդվածով.

«Հոդված 16.1. Վերահսկողությունը ավտոմոբիլային ճանապարհների նկատմամբ

1. Ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի սույն օրենքով սահմանված նախագծման, շինարարության (տեղադրման), շահագործման  պահպանման եւ նորոգման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության եւ տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):

2. Տեսչական մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողությունն իրականացնելիս կարող է մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնել քաղաքաշինական օբյեկտներում եւ ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն՝ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների սկզբից մինչեւ ավարտն ընկած ամբողջ ժամանակահատվածում՝ դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: