Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5421-31.03.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին»   2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի

1. վերնագրում եւ 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարություն» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմին» բառերով եւ համապատասխան հոլովաձեւերով:

2. 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքում 8-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Վերահսկողությունը վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում

1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):

2. Տեսչական մարմնի իրավասություններն են.

1) վտանգավոր բեռների փոխադրումների պայմանների, այդ թվում՝ վտանգավոր բեռների փոխադրումներին վերաբերող աշխատանքների եւ ծառայությունների չափանիշների, ստանդարտների, նորմերի, կանոնների, պահանջների նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

2) իր լիազորությունների սահմաններում վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում փոխադրման եւ անհրաժեշտ փաստաթղթերի համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացնում.

3) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: