Armenian ARMSCII Armenian
Կ-54213-31.03.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին).»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  3-րդ կետի «(Երեւան քաղաքում՝ քաղաքապետի)» բառերը փոխարինել «եւ տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների կատարման նկատմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները.»:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներ են համարվում տեսչական մարմնի կողմից  տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումները:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների իրականացման կարգը

1. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներն անցկացվում են տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած՝ տեսչական մարմնի կառավարման խորհրդի  հաստատած ստուգումների տարեկան ծրագրին համապատասխան:

2. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները յուրաքանչյուր մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմնում կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ:

3. Ստուգումն սկսվելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ այդ մասին ծանուցվում  է մարզպետը կամ համայնքի ղեկավարը (Երեւանի քաղաքապետը): Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները, ստուգումն իրականացնող անձանց տվյալները եւ ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:

4. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 10 աշխատանքային օր: Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության պարագայում ստուգումն իրականացնող անձանց զեկուցագրի հիման վրա  տեսչական մարմնի ղեկավարը կարող է հրամանով երկարաձգել ստուգման ժամկետը մինչեւ հինգ աշխատանքային օրով՝ այդ մասին իրազեկելով մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երեւանի քաղաքապետին):

5. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու կամ վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք՝ երկու օրինակից, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող եւ ստուգվող մարմինները, ստուգման հիմքերը, ստուգումն իրականացնող անձանց տվյալները, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման արդյունքները:

6. Կախված ստուգման արդյունքներից՝ տեղեկանքը պետք է նաեւ պարունակի՝

1) խախտում կամ թերություն չհայտնաբերելու դեպքում՝ եզրակացություն այդ մասին.

2) վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում՝ ցուցումներ դրանք վերացնելու մասին:

7. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ՝ 2 օրինակից, որը, սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները, ժամանակը, բնույթը), պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական նորմերը, ակտի օրինակների քանակը եւ հերթական համարը:

8. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ կազմված ակտն ստուգումն ավարտվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են մարզպետին կամ համայնքի ղեկավարին   (Երեւանի քաղաքապետին):

9. Մարզպետը կամ համայնքի ղեկավարը  (Երեւանի քաղաքապետը) տեղեկանքը կամ ակտն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ստորագրում է այն: Ակտի հետ անհամաձայնության դեպքում համապատասխան հիմնավորումները հատուկ կարծիքի տեսքով կցվում են ակտին՝ այդ մասին համապատասխան գրառում կատարելով ակտում:

10. Ստորագրված տեղեկանքի կամ ակտի մեկ օրինակը մնում է մարզպետի կամ համայնքի ղեկավարի  (Երեւանի քաղաքապետի) մոտ, մյուս օրինակը հանձնվում է  տեսչական  մարմնի ղեկավարին:

11. Տեղեկանքը տեսչական  մարմնի ղեկավարն ընդունում է ի գիտություն:

12. Ակտն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական   մարմնի ղեկավարը կայացնում է որոշում՝

1) ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով մարզպետներին կամ համայնքների ղեկավարներին (Երեւանի քաղաքապետին)  պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները եւ ցուցումները չկատարելու իրավական հետեւանքները.

2) խախտում կատարած մարզպետի կամ համայնքի  ղեկավարի (Երեւանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելու վերաբերյալ.

3) խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին:

13. Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված որոշումների մասին  տեսչական  մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում իրազեկում է մարզպետին,  համայնքի ղեկավարին (Երեւանի քաղաքապետին):»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ եւ 8-րդ մասերը «օր» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով.

2) 3-5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տեսչական  մարմինն ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է իրականացնել մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ քաղաքացիների, իրավաբանական անձանց գրավոր դիմումների հիման վրա, կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, որը կարող է տրվել նաեւ մարզպետների կամ պետական մարմնի ղեկավարի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից դիմումների հիման վրա ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացվում են օրենքով նախատեսված դեպքում եւ կարգով:

4. Տեսչական մարմինը մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-10-րդ մասերով սահմանված կարգով, ընդ որում, ստուգման արդյունքում ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երեւանի քաղաքապետին), մյուսը հանձնվում է  տեսչական  մարմնի ղեկավարին:

5. Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկանքն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում տեղեկանքն ի գիտություն ընդունելու մասին, իսկ ակտն ստանալուց հետո կայացնում է որոշում՝

1) ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով մարզպետներին կամ համայնքների ղեկավարներին (Երեւանի քաղաքապետին)  պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները եւ ցուցումները չկատարելու իրավական հետեւանքները.

2) խախտում կատարած մարզպետի կամ համայնքի  ղեկավարի (Երեւանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելու վերաբերյալ.

3) խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններ հաղորդում ներկայացնելու մասին:»:

3) 14-րդ եւ 15-րդ մասերի «2-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ 16-րդ մասի «5-օրյա ժամկետում» բառերը՝ «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի որոշումները կամ գործողությունները կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական մարմինների» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 8. Օրենքում «պետական լիազոր» բառերը փոխարինել «տեսչական» բառով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: