Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-543-01.04.2020-ՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
 
«7. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կայացվում են նիստերի (առկա կամ առցանց), ինչպես նաեւ առանց նիստ հրավիրելու` հարցման միջոցով` սույն օրենքով, Պալատի կանոնադրությամբ եւ Պալատի խորհրդի կողմից հաստատված խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով:

Առկա ձեւով խորհրդի նիստն անցկացվում է նույն տարածքում խորհրդի անդամների անմիջական մասնակցությամբ (ներկայությամբ):

Առցանց ձեւով խորհրդի նիստն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով` խորհրդի անդամների անմիջական մասնակցությամբ:

Հարցման ձեւով խորհրդի որոշումը կայացվում է խորհրդի նախագահի կողմից խորհրդի անդամներից սահմանված կարգով ստացված քվեարկության տվյալներն ամփոփելու միջոցով:

Կարգապահական գործով հարցման ձեւով խորհրդի որոշումը կայացվում է գործը գրավոր ընթացակարգով քննելու միջոցով:»:

Հոդված 2. Օրենքի  10-րդ  հոդվածի  8-րդ  մասը  շարադրել  նոր խմբագրությամբ`

«8. Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

Փաստաբանների պալատի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող, իսկ հարցման ձեւով որոշում կայացնելու դեպքում` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե փաստաբանների պալատի կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում շարադրել նոր` 9-րդ մաս`

«9. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները ստորագրում է փաստաբանների պալատի խորհրդի նախագահը, բացառությամբ կարգապահական գործով խորհրդի որոշումների:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում շարադրել նոր` 10-րդ մաս

«10. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 5. Օրենքի 39.6-րդ հոդվածի 4-րդ մասում «մասնակցող այլ անձանց:» բառերից հետո լրացնել «,բացառությամբ այն դեպքի երբ խորհուրդը որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով:» բառերը:

Հոդված 6. Օրենքի  39.7-րդ  հոդվածի  2-րդ  մասի  առաջին նախադասությունում «խորհրդակցական սենյակում:» բառերից հետո լրացնել «բացառությամբ հարցմամբ (գրավոր ընթացակարգով) իրականացվող կարգապահական գործի քննության դեպքի:» բառերը:

Հոդված 7. Օրենքի 39.7-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«7. Խորհրդի որոշումը կողմերին ուղարկվելուց հետո հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ դռնփակ նիստերով կայացված որոշումների, որոնց դեպքում հրապարակվում է միայն որոշման բնույթը եւ եզրափակիչ մասը:»:

Հոդված 8. Օրենքի 39.7-րդ հոդվածի շարադրել 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«8. Կարգապահական գործը գրավոր ընթացակարգով քննելու ժամանակ Փաստաբանների պալատի խորհրդի կողմից կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոքի քննության գրավոր ընթացակարգը:

Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումն ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում Պալատի խորհրդի որոշումը հանձնել հասցեատիրոջը` հասցեն փոխելու կամ այլ պատճառով, ապա խորհրդի որոշման բողոքարկման ժամկետը հաշվարկվում է Պալատի խորհրդի որոշումը փաստաբանների պալատի ինտերնետային կայքում հրապարակվելու պահից: Կարգապահական գործի քննության արդյունքում փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին Պալատի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում միայն սույն հոդվածով նախատեսված բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, իսկ բողոքարկման դեպքում` խորհրդի որոշման օրինական ուժի մեջ մտնելը կասեցվում է (արտոնագիրը շարունակում է գործել) մինչեւ դատարանի եզրափակիչ ակտի ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: