Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5925-17.05.2005-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (15 հունիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր 2.1 եւ 2.2 կետերով հետեւյալ խմբագրությամբ.

«2.1) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դատարանի վճիռները եւ որոշումները.

2.2) դատարանի արձակած վճարման կարգադրությունները»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր՝ 53.1 հոդվածով՝ հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 53.1. Գույքի ուղղակի վաճառք

1. Ուղղակի վաճառք է համարվում գույքի իրացումը որոշակի գնորդի, որն իրականացնում է հարկադիր կատարողը կատարողական թերթին համապատասխան:

2. Շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող (ինչպես օրինակ ընտանի կենդանիներ), սակավարժեք, օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող, սահմանափակ շրջանառության եւ յուրահատուկ հատկանիշներով գույքը, ինչպես նաեւ oգտագործված կենցաղային իրերը իրացվում են ուղղակի վաճառքի միջոցով:

Սույն օրենքի իմաստով`

ա) շուտ փչացող գույք է համարվում սննդամթերքը, օծանելիքակոսմետիկական ապրանքները, դեղորայքը, դեղամիջոցները, դեղանյութերը, կենցաղային քիմիայի ապրանքները եւ նմանատիպ այլ ապրանքները, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետը գույքի վաճառքի պահին պակաս է մեկ տարուց.

բ) պահպանման էական ծախսեր պահանջող գույք է համարվում ընտանի եւ այլ կենդանիները եւ այլ նմանատիպ ապրանքները, որոնց պահպանման համար մեկ ամսվա հաշվարկով սովորաբար կատարվելիք ծախսերը գերազանցում են գույքի արժեքի 10 տոկոսը.

գ) սակավարժեք գույք է համարվում մինչեւ 10.000 դրամ արժողությամբ գույքը, եթե այն մեկ միասնական խմբաքանակ չէ.

դ) օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող գույք է համարվում կիսաքանդ մեխանիզմները, հաստոցները որոնց սովորաբար օգտագործման համար պիտանի դարձնելու անհրաժեշտ ծախսերը գերազանցում են գույքի արժեքի 30 տոկոսը.

ե) սահմանափակ շրջանառության գույք է համարվում օրենքով այդպիսին ճանաչված գույքը.

զ) յուրահատուկ հատկանիշներով գույք է համարվում այն գույքը, որն իր ապառողական հատկանիշներով հետաքրքրություն է ներկայացնում սահմանափակ թվով սպառողների համար.

է) օգտագործված կենցաղային իրեր են համարվում կենցաղային օգտագործման համար նախաեսված առարկաները:

Անշարժ գույքը, բաժնեմասերը (բաժետոմսերը, փայը), ինչպես նաեւ մշակութային արժեք հանդիսացող գույքը իրացվում է միայն հրապարակային սակարկություններով:

Պարտապան հանդիսացող հաշվետու թողարկողների արժեթղթերի իրացումը կատարվում է հրապարակային սակարկությունների միջոցով` ֆոնդային բորսայում:

3. Ուղղակի վաճառքի մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացվում է գույքագրման ժամանակ: Որոշման մեջ նշվում է գույքի անվանումը, ուղղակի վաճառքի գինը, ինչպես նաեւ այն ժամն ու վայրը, որտեղ պարտապանը կամ պահանջատերը, կամ իրենց մատնանշած անձինք սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով իրավունք ունեն գնել այդ գույքը:

Գույքի ուղղակի վաճառքի գինը որոշում է հարկադիր կատարողը: Որպես գույքի ուղղակի վաճառքի գին սահմանվում է գույքային շրջանառության սովորական մասնակցից տվյալ տեսակի գույքի համար ակնկալվող ողջամիտ գինը:

Ուղղակի վաճառքի մասին որոշումը առձեռն հանձնվում է պարտապանին եւ ոչ ուշ, քան որոշման կայացումից հետո մեկ օրվա ընթացքում պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պահանջատիրոջը (պահանջատերերին): Եթե գույքագրմանը մասնակցում է նաեւ պահանջատերը, ապա որոշումը նրան հանձնվում է առձեռն:

Եթե պարտապանին հնարավոր չէ գտնել, այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն եւ որոշումը պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պարտապանի բնակության վայրի կամ կատարողական թերթում նշված հասցեով:

4. Ուղղակի վաճառքի մասին որոշումը հանձնելուց (ուղարկելուց) հետո երկշաբաթյա ժամկետում կողմերը կամ իրենց մատնանշած անձինք իրավունք ունեն սահմանված ժամին եւ վայրում որոշմամբ սահմանված գնով կամ դրանից ավելի բարձր գնով գնելու գույքը: Գույքի ուղղակի վաճառքին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում, գույքը վաճառվում է առավել բարձր գին առաջարկողին:

Եթե սահմանված ժամկետում կողմերը չեն գնում գույքը սույն մասի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով, ապա հարկադիր կատարողը գույքը վաճառում է ուղղակի վաճառքի մասին որոշմամբ սահմանված գնով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով 10 օրյա ժամկետում գույքը չիրացվելու դեպքում, ուղղակի վաճաքի ներկայացված գույքի համար հարկադիր կատարողը սահմանում է նոր գին, սույն հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում է կողմերին եւ գույքի ուղղակի վաճառքն իրականացնում է սույն հոդվածով սահմանված կարգով»:

Հոդված 3. Օրենքի 67-րդ եւ 68-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 67. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը

1. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի եւ հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

2. Կատարողական գործողությունների կատարման ծախuերը բռնագանձվում են պարտապանից`

ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով 100.000 դրամ եւ ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5%-ի չափով.

բ) մինչեւ 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով եւ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:

Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման եւ կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում:

3. Կատարողական գործողությունների կատարման ծախuերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախuերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը բռնագանձվում է պարտապանից` դատական կարգով:

Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախuերը բռնագանձվում են պահանջատիրոջից` դատական կարգով: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի 1 տոկոսից:

5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն uտանալուց հրաժարվելու հետեւանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիu, ապա կատարողական գործողությունների կատարման ծախuերը բռնագանձվում են պահանջատիրոջից` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

6. Եթե կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հետեւանքով, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախuերը բռնագանձվում են պարտապանից` սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Այդ ծախսերը բավարարվում են դատական ծախսերի հետ` միեւնույն հերթում:

7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման եւ համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` կատարողական ծախսերի եւ համակարգի զարգացման համար: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 68. Ծախսերի դիմաց պահանջատիրոջ կողմից կանխավճար տրամադրելը

1. Կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով պահանջատերն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության մարզային uտորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծել համապատաuխան ծախuերի կամ դրանց մի մաuի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:

2. Կատարողական գործողություններն ավարտելուց հետո կանխավճարը վերադարձվում է պահանջատիրոջը, եթե այն հնարավոր է եղել բռնագանձել պարտապանից»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

Սույն օրենքի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրված կատարողական թերթերով կատարողական գործողություններ իրականացնելիս: