Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` «Օրենսգիրք») լրացնել նոր 4081 -ին հոդվածով.
«Հոդված 4081 . Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
1. Պայմանագրային պարտավորության խախտման համար անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե պարտավորությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելն անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության հետեւանք է, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Անհաղթահարելի ուժ է համարվում այն իրադարձությունը,
- որի տեղի ունենալը որեւէ կերպ կախված չէ պարտապանի կամքից (արտաքին ազդեցություն) եւ դուրս է նրա վերահսկողությունից (անկառավարելի),
- որի ազդեցության հետեւանքներից հնարավոր չէ խուսափել` կիրառելով անհրաժեշտ միջոցներ (անկանխելի),
- որը սահմանափակում է պարտապանի կողմից պարտավորության պատշաճ կատարումը (ուղղակի ազդեցություն),
- որը հնարավոր չէր կանխատեսել պայմանագրի կնքման պահին (անկանխատեսելի):
3. Սույն օրենսգրքի իմաստով` անհաղթահարելի ուժ են համարվում ռազմական գործողությունները (զինված ընդհարումները), պատերազմը (այդ թվում` քաղաքացիական), արտակարգ կամ ռազմական դրությունը կամ արտակարգ իրավիճակը, տարերային աղետը, համաճարակը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշներով բնորոշվող այլ իրադարձությունը:
4. Պայմանագրով կարող է նախատեսվել այլ տեսակի անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով պարտավորությունների կատարման հետաձգում կամ կասեցում, դրանց կատարումից կամ պատասխանատվությունից ազատում:
5. Եթե կողմը վիճարկում է անհաղթահարելի ուժի ազդեցության փաստը, ապա վեճը լուծվում է դատական կարգով: Ընդ որում, պարտավորությունն անհաղթահարելի ուժի ազդեցությամբ չկատարելու կամ անպատշաճ կատարելու փաստն ապացուցում է պարտապանը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մասում «, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ եւ անկանխելի հանգամանքների» բառերը փոխարինել «ազդեցության» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 864-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «, ինչպես նաեւ տարերային բնույթի այլ երեւույթների (հրդեհների, ջրհեղեղների եւ այլնի) կամ ռազմական գործողությունների» բառերը փոխարինել «ազդեցության» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա: