Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-593-17.05.2005-ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Հոդված 1. ՀՀ Սահմանադրության 1 հոդվածից հետ ավելացնել նոր 1.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1.1.  Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերով գործող նպատակային գործունեության սուբյեկտ է, որը՝ իր Սահմանադրությամբ, օրենքներով, իր կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված ազգային եւ համամարդկային արժեքներից, սկսզբունքներից ելնելով ինքն է որոշում իր գործունեության ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, դրանց իրագործման ծրագրերը։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական գործունեության ընթացքում պարտավոր են ղեկավարվել այդ ծրագրերով»։

Հոդված 2. Սահմանադրության 2 հոդվածից հետո ավելացնել նոր 2.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդած 2.1 ՀՀ-ում՝

ա) իշխանական համակարգի ընդհանուր կառուցվածքի եւ գործունեության ուղղությունների,

բ) մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների ապահովման,

գ) հասարակական կյանքի կազմակերպման,

դ) այլ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման,

ե) ինչպես նաեւ պետական երկարաժամկետ ծրագրերի, նպատակների եւ խնդիրների ընտրության հիմնական սկզբունքներն ու մոտեցումները որոշվում եւ փոփոխվում են միայն համաժողովրդական հանրաքվեների եւ ընտրություններում ընտրողների հավանությանն արժանացած նախընտրական ծրագրերում պարունակվող դրույթների հիման վրա»։

Հոդված 3. Սահմանադրության 4 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը։ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։

Իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն ու պետությունը սահմանափակված են սահմանադրորեն ամրագրված այդ իրավունքներով, որպես անմիջականորեն գործող իրավունք»։

Հոդված 4. Սահմանադրության 4 հոդվածից հետո ավելացնել նոր 4.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 4.1.  Պետությունը միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով թույլ տրված սահմաններում, իր կարողությունները ի նպաստ է դնում համազգային խնդիրների եւ նպատակների իրականացմանը»։

Հոդված 5. Սահմանադրության 5 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5.  Պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման հիման վրա։

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով եւ օրենքից անմիջականորեն բխող՝ օրենքի կիրառումն  ապահովող օրենսդրական այլ ակտերով»։

Հոդված 6. Սահմանադրության 6 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 6.  Հայաստանի  Հանրապետությունում  երաշխավորվում է օրենքի գերակայությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը։

ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն։ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաեւ Սահմանադրության եւ օրենքների բովանդակությունից չբխող, նրանց հակասող ճանաչված իրավական ակտերն իրավական ուժ չունեն։ Օրենքները կիրառվում են միայն պաշտոնական հրապարակումից հետո Մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին վերաբերվող չհրապարակված իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն։

Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայամանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո։

Վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե նրանցում պարունակվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրնքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայամանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո միայն»։

Հոդված 7. Սահմանադրության 7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7.  Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ երաշխավորվում  է բազմակարծությունն ու բազմակուսակցությունը։

Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը, մասնակցում հասարակական կյանքի կարգավորման, կառավարման գործընթացներին։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու նրանց նախընտրական միավորումները ընտրողներին են ներրկայացնում այն նախընտրական ծրագրերն ու մոտեցումները, որոնք պետք է հիմք ծառայեն պետական քառամյա եւ տարեկան ծրագրերի մշակման, գործադիր իշխանության գործունեության ուղղությունների որոշման համար՝ եթե Սահմանադրությամբ սահմանված կարգով նրանք ընտրությունների արդյունքով կառավարություն կազմելու իրավունք ստանան։

Կուսակցությունների գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանն ու օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին»։

Հոդված 8. Սահմանադրության 7 հոդվածից հետո ավելացնել նոր 7.1. հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.1.  Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից։

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու պատմական բացառիկ դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը»։

Հոդված 9. Ավելացված 7.1. հոդվածից հետո ավելացնել նոր 7.2 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.2.  Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կոչված են ապահովելու ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Հոդված 10. Սահմանադրության 8 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը։ Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն պատկանող գույքը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, չխախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը, չզրկի պետությանը օրենքով ամրագրված իր խնդիրների եւ ծրագրերի իրականացման հնարավորությունից։

Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զագացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը, արգելված են շուկայական մենաշնորհն ու անբարեխիղճ մրցակցությունը»։

Հոդված 11. Սահմանադրության 10 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 10.Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերարտադրությունը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը»։

Հոդված 12. Սահմանադրության 11 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Հայ մշակույթի զարգացման, մշակութային արժեքների պահպանության խնդիրները գտնվում են պետության մշտական հոգածության ներքո։ Իր հնարավորությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությունը նպաստում է քաղաքակրթության առաջընթացին, նպաստում , որ իր քաղաքացիներն ազատ հաղորդակցվեն համաշխարհային մշակութային ժառանգությանը։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, աջակցում հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը»։

Հոդված 13. Սահմանադրության 11 հոդվածից հետո ավելացնել նոր 11.1 հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.1 ՀՀ վարչատարածքային միավորներն են շրջաններն ու համայնքները։ Երեւան քաղաքն ունի շրջանի կարգավիճակ եւ նրա կազմի մեջ են մտնում թաղային համայնքները»։

Հոդված 14. Ավելացված 11.1. հոդվածից հետո ավելացնել նոր 11.2. հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը։

Ինքնակառավարումն իրականացվում է բոլոր վարչատարածքային միավորումներում՝ շրջաններում, համայնքներում, Երեւան քաղաքում եւ նրա թաղային համայնքներում»։

Հոդված 15. Ավելացված 11.2. հոդվածից հետո ավելացնել նոր 11.3. հոդվածը՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.3. Հայաստանի հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման կարգը սահմանվում է օրենքով։ Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն են ձեռք  բերում  պարզեցված կարգով։

Հայաստանի Հանրապետությունում չբնակվող ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում կարող են ստանալ երկքաղաքացիության կարգավիճակ։ Երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետությունում, պետության պարտավորությունները նրանց նկատմամբ սահմանվում  են երկքաղաքացիության մասին օրենքով։

Ոչ ոք չի կարող զրկվել ՀՀ քաղաքացիությունից, ինչպես նաեւ քաղաքացիություն փոխելու իրավունքից։

ՀՀ քաղաքացուն չի կարելի հանձնել այլ պետությանը, բացառութամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։ Հանձնման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան։

ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են ՀՀ պաշտպանության ներքո»։

Հոդված 16. Սահմանադրության 14 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա ազատությունների ու իրավունքների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Հայաստանի Հանրապետությունն ապահովում է Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Հոդված 17. Սահմանադրության 14 հոդվածից հետո ավելացնել նոր 14.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 14.1. Մարդիկ՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, իրավահավասար են, ունեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված բոլոր իրավունքները, ազատություններն ու պարտականությունները եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:

Հոդված 18. Սահմանադրության 15 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

Հոդված 19. Սահմանադրության 16 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  23. Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված կարգով եւ հետեւյալ դեպքերում՝

1) երբ նա դատապարտվում է ազատազրկման իրավասու դատարանի կողմից.

2) դատարանի օրինական վճիռը չկատարելու համար կամ օրենքով նախատեսված պարտավորության կատարումն ապահովելու նպատակով.

3) հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում,  կամ  երբ դա  անհրաժեշտ է  նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

4)  անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու դատարանին ներկայացնելու նպատակով.

5) վարակիչ հիվանդությունների տարածումը եւ հասարակական այլ վտանգները  կանխելու նպատակով.

6) նրա  անօրինական մուտքը Հանրապետություն կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է  իր ձերբակալման պատճառների եւ  ներկայացվող մեղադրանքի մասին: Ձերբակալության մասին անհապաղ տեղեկացվում է ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից ընտրված անձը։ Ձերբակալվածը պարտավոր չէ առանց իր պաշտպանի մասնակցության որեւէ ցուցմունք տալ։

Ձերբակալված յուրաքանչյուր ոք պետք է 48 ժամվա ընթացքում բերման ենթարկվի դատարան, որը պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում  որոշում կայացնի նրա նկատմամբ կալանք կամ այլ  խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Անձի ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը վիճարկել վերադաս դատական ատյանում:

Յուրաքանչյուր  ոք իրավունք ունի ապօրինի ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու համար  օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով պատճառված վնասի հատուցման:

Ոչ ոք չի կարող ձերբակալվել, կալանքի տակ պահվել կամ դատապարտվել ազատազրկման միայն իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

Մարդուն չի կարելի  խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:

Հոդված 20. Սահմանադրության 17 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  17. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի: Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք:

Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, այդ թվում՝ բժշկական  փորձերի:

Հոդված 21. Սահմանադրության 18 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։ Եթե խախտվել են անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, ապա նա պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք ունի:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

 Յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին, եթե սպառվել են ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները:

Հոդված 22. Սահմանադրության 19 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 19. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից խելամիտ ժամկետում  իր գործի հրապարակային քննության իրավունք:

Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը դատական քննության ընթացքում կամ դրա մի մասում կարող է արգելվել օրենքով, սակայն վերջնական դատական ակտերը ենթակա են հրապարակման՝ դռնբաց դատական նիստում:

Հոդված 23. Սահմանադրության 20 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 20. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Արդարադատության շահերից ելնելով՝ դատապաշտպանի ծառայության դիմաց վճարման բավարար միջոցներ չունեցող մեղադրյալին, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից  պաշտպան ունենալու իրավունք:

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից դատավճռի վերանայման իրավունք: Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք:

Տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 24. Սահմանադրության 21 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեւությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

Հոդված 25 . Սահմանադրության 22 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 22. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների դեմ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

 Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:

Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի:

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատապարտվել նույն արարքի համար:

Հոդված 26. Սահմանադրության 23 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Պետական իշխանության մարմինները չեն կարող անձի վերաբերյալ հավաքել, պահպանել, օգտագործել եւ տրամադրել այլ տեղեկատվություն, քան նախատեսված է օրենքով:

Յուրաքանչյուր քաղաքացի, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, իրավունք ունի ծանոթանալ իր վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը եւ պահանջել դրանց ճշգրտում կամ վերացում, եթե դրանք հավաստի չեն կամ ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով։

Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշմամբ, իսկ օրենքով նախատեսված անհետաձգելի դեպքերում՝ մինչեւ դատարանի որոշումը։

Հոդված 27. Սահմանադրության 24 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ, իսկ օրենքով նախատեսված անհետաձգելի դեպքերում՝ մինչեւ դատարանի որոշումը:

Հոդված 28. Սահմանադրության 25 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Յուրաքանչյուր ոք, ով օրինական հիմքերով բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ունի Հանրապետություն վերադառնալու իրավունք:

Հոդված 29. Սահմանադրության 26 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:

Հոդված 30. Սահմանադրության 27 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու  իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Մամուլի եւ տեղեկատվության մյուս միջոցների ազատությունը երաշխավորվում է:

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանակային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող համազգային ռադիոյի եւ հեռուստատեսության հանրային ծառայության առկայությունը եւ ազատ գործունեությունը:

Պետությունը նպաստավոր պայմաններ, աջակցություն է ապահովում ազատ եւ անկախ մամուլի եւ տեղեկատվության այլ միջոցների  գործունեության եւ զարգացման համար:

Հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորում է օրենքով ստեծված անկախ հասարակական մարմինը, որի անդամները պետք է նշանակվեն ժողովրդավարական եւ հրապարակային եղանակով, բացառելով կախվածությունը իշխանական մարմիններից եւ որի որոշումները ենթակա պետք է լինեն դատական կարգով վերանայման:

Հոդված 31. Սահմանադրության 27  հոդվածից հետո ավելացնել նոր 27.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված  27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

Հոդված 32. Սահմանադրության 28 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  28. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ ստեւծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ եւ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել միայն Զինված ուժերի ծառայողների եւ պետական  ծառայողների առանձին խմբերի  նկատմամբ:

Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որեւէ կուսակցության կամ միավորման:

Միավորումների, այդ թվում՝ կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով:

Հոդված 33. Սահմանադրության 29 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր, եւ այլ զանգվածային միջոցառումներ  անցկացնելու իրավունք:

Զինված ուժերում եւ պետական ծառայության մեջ գտնվող որոշ անձանց կողմից այդ իրավունքների իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով։

Հոդված 34. Սահմանադրության 30 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 30. Հայաստանի Հանրապետության` տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:

Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքը:

Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները: Օրենքով կարող են սահմանվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրական իրավունքի լրացուցիչ սահմանափակումներ:

Հոդված 35. Սահմանադրության 30  հոդվածից հետո ավելացնել նոր 30.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 30.1. Քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով պետական ծառայության ընդունվելու իրավունք:

Պետական ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:

Հոդված 36. Սահմանադրության 31 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 31. Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման իրավունք:

Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում եւ օգտագործում է իրեն պատկանող գույքը, իր մտավոր գործունեության արդյունքները: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ հողի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Հոդված 37. Սահմանադրության 31  հոդվածից հետո ավելացնել նոր 31.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված  31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:

Հոդված 38. Սահմանադրության 32 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  32. Յուրաքանչյուր ոք ունի  աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի արդարացի եւ  օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որի իրականացման հետ կապված սահմանափակումները սահմանվում են օրենքով:

 Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը եւ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

Պետությունն իրականացնում է գործազրկության կրճատման եւ արդյունավետ զբաղվածության ծրագրեր։ Մինչեւ 16 տարեկան երեխաներին  մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

Հարկադիր աշխատանքն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 39. Սահմանադրության 33 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  33. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք:

Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով:

Հոդված 40. Սահմանադրության 33 հոդվածից հետո ավելացնել նոր 33.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:

Պետությունը վարում է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականություն:

Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու  կամ դրա տրամադրումը մերժելու համար:

Հոդված 41. Սահմանադրության 34 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 34. Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների  այս իրավունքի իրականացման համար:

Հոդված 42. Սահմանադրության 35 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 35. Ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է: Ընտանիքը, մայրությունը եւ մանկությունը գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Ամուսնական տարիքի կանայք եւ տղամարդիկ ունեն ամուսնանալու եւ ընտանիք ստեղծելու իրավունք։ Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում եւ ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:

Ամուսնությանը եւ ընտանիքին առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Հոդված 43. Սահմանադրության 36 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 36. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար:

Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների մասին:

Հոդված 44 . Սահմանադրության 37 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 37. Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ սոցիալական ապահովության իրավունք:

Հոդված 45. Սահմանադրության 38 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  38. Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք: Բժշկական օգնության եւ սպասարկման կարգը սահմանվում է օրենքով: Պետությունն իրականացնում է բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը:

Հոդված 46. Սահմանադրության 39 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 39. Յուրաքանչյուր  ոք  ունի կրթության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում հիմնական ընդհանուր միջնակարգ կրթությունը  պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:

Միջնակարգ կրթությունը պետական եւ համայնքային  ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սահմանները եւ սկզբունքները որոշվում են օրենքով:

Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 47. Սահմանադրության 40 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված  40. Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:

Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

Հոդված 48. Սահմանադրության 41 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 41. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների պահպանման,  էթնիկական, լեզվական, մշակութային եւ կրոնական ինքնությունն անարգել արտահայտելու, պահպանելու եւ զարգացնելու  իրավունք:

Հոդված 49. Սահմանադրության 42 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 42. Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները եւ ազատությունները սպառիչ չեն եւ չեն կարող մեկնաբանվել որպես մարդու եւ քաղաքացու  այլ հանրաճանաչ իրավունքների եւ ազատությունների բացառում:

Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը  վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտականություններով սահմանված շրջանակները:

Հոդված 50. Սահմանադրության 43 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 43. Սահմանադրության  23-30-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի չորրորդ մասով ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն արտակարգ դեպքերում ընդունվող ժամանակավոր օրենքներով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման,  հանրության առողջության ու բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:

Հոդված 51. Սահմանադրության 44 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 44. Մարդու եւ քաղաքացու առանձին իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության  15, 17-22, 26-րդ եւ 42-րդ հոդվածներում նշվածների, արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կարող են օրենքով սահմանված կարգով՝ իրավիճակին համարժեք չափով, ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

Հոդված 52. Սահմանադրության 45 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 53. Սահմանադրության 46 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 46. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Հոդված 54. Սահմանադրության 47 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով:

Հոդված 55. Սահմանադրության 48 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 48. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով օժտված են նաեւ իրավաբանական անձինք՝ այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Հոդված 56. Սահմանադրության 49 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 49. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, պետական ծրագրերի կատարման ընթացքին, նպաստում  օրենսդիր , գործադիր եւ դատական իշխանության բնականոն գործունեությանը։

Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության, պետական իշխանության շարունակականության ապահովման, հրապարակայնության, պաշտոնական տեղեկատվության եւ ՀՀ վիճակագրական տվյալների հավաստիության երաշխավորն է»։

Հոդված 57.    Սահմանադրության 55 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 55.  Հանրապետության  Նախագահը՝

1. Ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին։

2. Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո քսանմեկօրյա  ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն։ Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել ԱԺ, պահանջելով նոր քննարկում։  Ազգային ժողովի կողմից վերստին ընդունած օրենքը  ՀՀ Նախագահը ստորագրում եւ հրապարակում է հնգօրյա ժամկետում կամ դիմում է Սահմանադրական դատարան դրա` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումով: Եթե Սահմանադրական դատարանը տալիս է եզրակացություն օրենքի դրույթների Սահմանադրությանը հակասելու մասին Հանրապետության Նախագահը չի ստորագրում այն:

3. Պետական քառամյա ծրագրերը իր տարեկան կտրվածքներով, չկատարելու դեպքում՝ ԱԺ լիազորություների առաջին տարվա վերջում Հանրապետության  Նախագահը ուղերձով զգուշացնում է Ազգային ժողովին եւ կառավարությանը եւ եթե դրանից հետո էլ ծրագիրը շարունակվում է չկատարվել, ապա ՀՀ Նախագահը Ազգային ժողովի լիազորությունների երկրորդ կամ երրորդ տարվա առաջին կիսամյակից հետո կարող է կրճատել Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը եւ նշանակել ԱԺ նոր արտահերթ ընտրություններ։

4. Նշանակում է Ազգային ժողովի հերթական, արտահերթ  ընտրությունները։

5. Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում։

6. Օրենքով նախատեսված կարգով կազմավորում է Ազգային անվտանգության խորհուրդը եւ նախագահում նրա նիստերը։

7. Որպես պետության գլուխ ներկայացնում է ՀՀ միջազգային հարաբերություններում, օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը։

8. Կառավարության առաջարկությամբ նշանակում եւ ետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը։

9. Ազգային ժողովի հետ համաձայնելով նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է նրա տեղակալներին։

10. Նշանակում է՝ իր կողմից եւ Ազգային ժողովի կողմից ներկայացվող Սահմանադրական դատարանի անդամներին։ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրական դատարանի իր կողմից նշանակված անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել նրա նկատմամբ։

11. Սահմանադրությամբ նախատեսված կարգով մասնակցում է դատական իշխանության մարմինների ձեւավորմանը։

12. Արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ ստանձնում է գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները եւ համակարգում պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում։

13. Որոշում է ընդունում  Զինված ուժերի օգտագործման մասին` Հանրապետության վրա Զինված հարձակման, դրա  անմիջական վտանգի  առկայության կամ պատերազմ հայտարարվելու  դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք: Նման վիճակում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը եւ այլ զորքերը դիմում են պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ենթակայության տակ: Պատերազմի ժամանակ ՀՀ Նախագահը կարող է նշանակել եւ ազատել Զինված ուժերի գլխավոր հրամանատարին:

Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով  անհապաղ գումարում է ԱԺ հատուկ նիստ, որը քննության է առնում ձեռնարկված միջոցառումների իրավիճակին համապատասխանության հարցը։

Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով:

14. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Այս դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ, որը քննության է առնում ձեռնարկված միջոցառումների` իրավիճակին համապատասխանության հարցը:

15. Օրենքով սահմանված կարգով լուծում է ՀՀ քաղաքացիության եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը։

16. Պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում օրենքով սահմանված կոչումներ, բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ։

17. Ներում է շնորհում դատապարտյալին»։

Հոդված 58. Սահմանադրության 57 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 57. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունների միտումնավոր կամ շարունակական չկատարման, պաշտոնազանության, պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան։

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից։

Հոդված 59.    Սահմանադրության  62 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 62.  Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունը իրականացնում է Ազգային ժողովը։

Ազգային ժողովն է նշանակում վարչապետին, վարչապետի ներկայացմամբ՝ կառավարության անդամներին, հաստատում կառավարության կազմը, կառուցվածքը, գործունեության ուղղությունները։ Կառավարության ներկայացմամբ ընդունում է հեռանկարային, քառամյա, տարեկան եւ հատուկ պետական ծրագրերի ու բյուջեի մասին օրեքները, որոշում է Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, փոփոխություններ կատարում դրանց մեջ, վերահսկում դրանց կատարման ընթացքը։

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ եւ նրա հիմքով ընդունված Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով։

Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան։

Հոդված 60. Սահմանադրության 63 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 63.Ազգային ժողովը կազմված է համամասնական կարգով ընտրվող հարյուր եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվող երեսունմեկ պատգամավորներից։ Մեծամասնական կարգով Երեւան քաղաքից ընտրվում է հինգ, իսկ Գյումրի, Վանաձոր քաղաքներից եւ ՀՀ վարչատարածքային միավոր՝ շրջաններից մեկական պատգամավոր»։

Հոդված 61. Սահմանադրության 63 հոդվածից հետո ավելացնել նոր 63.1 հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 63.1. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը չորս տարի է։

Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով տվյալ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետը կարող է կրճատվել եւ նշանակվել ԱԺ արտահերթ ընտրություններ։

Ազգային ժողովի ընտրություններ չեն կարող նշանակվել ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ։

Ռազմական դրության ժամանակ  ԱԺ լիազորությունների ժամկետը երկարացվում է։ Նոր գումարման Ազգային ժողովի ընտրություններ նշանակվում են ռազմական դրության ավարտից հետո։

Նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման օրը»։

Հոդված 62. Ավելացված 63.1. հոդվածից հետո ավելացնել նոր 63.2. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ։

«Հոդված 63.2. Համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ նրանց նախընտրական միավորումները ընտրողներին են ներկայացնում առաջիկա չորս տարվա համար նախատեսված իրենց նախընտրական քառամյա ծրագրերն ու մոտեցումները, որոնցով պետք է ղեկավարվեն, եթե ընտրությունների արդյունքով իրավունք ստանան կառավարություն ձեւավորելու։

Նախընտրական քառամյա ծրագրերը պետք է պարունակեն ըստ բոլոր հիմնական ոլորտների ենթածրագրեր՝ իրենց տարեկան կտրվածքներով, նշված պետք է լինեն կատարման ընթացքի գնահատման քանակական եւ որակական ցուցանիշները, թույլատրելի շեղումների չափը եւ ծրագրի կատարման անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությունը։

Անհաղթահարելի խոչընդոտների բացակայության դեպքում ծրագիրն ամբողջությամբ կամ իր տարեկան կտրվածքով համարվում է չկատարված, եթե հիմնական ցուցանիշները, ըստ վիճակագրական տվյալների ցածր են եղել նախատեսված նվազագույնից»։

Հոդված 63. Ավելացված 63.2. հոդվածից հետո ավելացնել նոր 63.3. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 63.3. Կուսակցությունը պատասխանատվություն է կրում ընտրությունների ընթացքում ընտրողներին ներկայացվող իր կամ իր մասնակցությամբ նախընտրական միավորման նախընտրական քառամյա ծրագրի համար։

Եթե կուսակցությունը  հրապարակայնորեն հրաժարվում է նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից, կամ եթե կուսակցությունն օրենքով, սահմանված կարգով դադարել է գործելուց, ապա սահմանադրական դատարանի եզրակացության առկայության դեպքում, Ազգային ժողովի որոշմամբ նա զրկվում է իր պատգամավորական տեղերից։

Թափուր տեղերի համար, եթե կուսակցությունն առանձին է մասնակցել ընտրություներին, Ազգային ժողովի որոշմամբ կարող են նշանակվել լրացուցիչ համամասնական ընտրություններ, որին մասնակցում են միայն Ազգային ժողովում ներկայացված մյուս կուսակցություններն ու միավորումները։ Իսկ, եթե կուսակցությունը ընտրություններին մասնակցել է նախընտրական միավորման շրջանակում, ապա թափուր տեղերը լրացվում են միավորման ցուցակին համապատասխան միավորման մեջ մնացած մյուս կուսակցությունների ներկայացուցիչներով»։

Հոդված 64. Ավելացված 63.3. հոդվածից հետո ավելացնել նոր 63.4. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ։

«Հոդված 63.4. Կուսակցության նախընտրական քառամյա ծրագրի հիմնադրույթներից հրաժարված  համամասնական ընտրակարգով ըտրված պատգամավորը զրկվում է պատգամավորական լիազորությունից եւ նրա փոխարեն պատգամավոր է դառնում ցուցակով հաջորդը»։

Հոդված 65. Ավելացված 63.4 հոդվածից հետո ավելացնել նոր 63.5. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 63.5. Մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող  պատգամավորության թեկնածուները ընտրատարածքի ընտրողներին են ներկայացնում ընտրատարածքում եւ Ազգային ժողովում իրենց գործունեության ծրագիրը՝ այն հիմնական խնդիրներն ու նպատակները, որոնց իրականացմանն են հետամուտ լինելու եւ որոնց համար պատասխանատվություն են ստանձնում։

Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորին, նախընտրական պարտավորությունների չկատարման համար, ընտրողները տեղական հանրաքվեով կարող են ետ կանչել։

Այդ դեպքում թափուր տեղի համար նշանակվում է լրացուցիչ ընտրություն»։

Հոդված 66. Ավելացված 64.5. հոդվածից հետո ավլացնել, նոր 63.6. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 63.6. Հերթական եւ արտահերթ ընտրություններում ըստ ստացած քվեների համամասնության պատգամավորական տեղեր են ստանում այն կուսակցությունների նախընտրական միավորումները, որոնց օգտին տրվել են վավեր ձայների առնվազն հինգ տոկոսը։

Մեծամասնական ընտրակարգով տվյալ ընտրատարածքից ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է վավեր ձայների կեսից ավելին։ Եթե դա չի կատարվել, ապա մեկ շաբաթ անց, առավել ձայն ստացած երկու թեկնածուների միջեւ անց է կացվում կրկնական ընտրություններ»։

Հոդված 67. Սահմանադրության 66. հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 66. Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում։

Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել նրա նկատմամբ առանց Ազգային ժողովի համաձայնության։

Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է ԱԺ նախագահը եւ առաջիկա նիստում քննարկվում է համաձայնություն տալու հարցը։ Եթե համաձայնություն չի տրվում, պատգամավորն անհապաղ ազատ է արձակվում»։

Հոդված 68. Սահմանադրության 68 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 68. ԱԺ հերթական ընտրություններն անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող յոթանասուն օրվա ընթացքում։ Հերթական ընտրությունների քվեարկությունը կատարվում է սեպտեմբեր ամսի երկրորդ կիրակի օրը։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է քվեարկությունից տասն օր հետո։

Մինչեւ ԱԺ նախագահի ընտրությունը ԱԺ նիստերը վարում է Ազգային ժողովում առավել տեղեր ստացած կուսակցության կամ նախընտրական միավորման ներկայացուցիչը»։

Հոդված 69 . Սահմանադրության 71 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 71. Օրենքները եւ ԱԺ որոշումները, բացառությամբ այլ կերպ նշվածների ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»։

Հոդված 70. Սահմանադրության 73 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 73. Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից Ազգային ժողովում կազմվում է տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողով։

Բացի այդ հանձնաժողովից Ազգային ժողովում կարող են ստեղծվել ոչ ավելի, քան ինը մշտական հանձնաժողովներ։

Մշտական հանձնաժողովները ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ առաջարկությունների նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար։

Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման եւ որոշակի իրադարձություններին, փաստերի եւ ծրագրերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար»։

Հոդված 71. Սահմանադրության 74 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 74. Ազգային ժողովի առաջին նիստում առավել տեղեր ստացած կուսակցությունը կամ նախընտրական միավորումը Ազգային ժողովին է ներկայացնում իր նախընտրական քառամյա ծրագրի հիմնադրույթները, կառավարության կազմի գործունեության հիմնական ուղղությունների իր մոտեցումները եւ վարչապետի իր թեկնածունին։ Մեկ շաբաթվա ընդմիջումից հետո գումարվող ԱԺ հաջորդ նիստում վարչապետի թեկնածուն Ազգային ժողով է ներկայացնում նախընտրական ծրագրի հինման վրա կազմված պետական քառամյա ծրագրի նախագիծը, կառավարության կազմը՝ դնելով կառավարության վստահության հարցը։

Վստահության հարցը դնելուց քսանչորս ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3 նախաձեռնությամբ կարող է ներկայացվել կառավարությանը անվստահիություն հայտնելու որոշոման նախագիծ։ Կառավարությանը անվստահութուն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայցնելուց ոչ շուտ, քան քսանչորս եւ ոչ ուշ, քան քառասունութ ժամվա ընթացքում։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու  կամ նման որոշում չընդունվելու դեպքում պետական քառամյա  ծրագիրը, կառավարության կազմը եւ վարչապետի թեկնածությունը համարվում է հավանության արժանացած»։

Հոդված 72. Սահմանադրության 74 հոդվածից հետո ավելացնել նոր 74.1. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 74.1.Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Սահմանադրության 74-րդ հոդվածով տրված ժամկետում եւ կարգով մեկ անգամ  եւս կարող է փորձել կազմավորել կառավարություն:

Եթե Սահմանադրության 74-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով նորից է անվստահություն հայտնում կառավարությանը, ապա կառավարություն կազմելու իրավունքը անցնում է Հանրապետության Նախագահին:

Մեկշաբաթյա ընդմիջումից հետո գումարվող ԱԺ նիստում նախագահի կողմից նշանակված վարչապետի թեկնածուն Ազգային ժողովին է ներկայացնում պետական քառամյա ծրագրի իր նախագիծը, կառավարության կազմը դնելով Սահմանադրության 74-րդ հոդվածով սահմանված կարգով կառավարության վստահության հարցը»:

Հոդված 73 . Ավելացված 71.1. հոդվածից հետո ավելացնել նոր 74.2. հոդվածը հետեւյալ բովադակությամբ.

«Հոդված 74.2. Եթե Սահմանադրության 74-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովը նորից է անվստահություն հայտնում կառավարությանը, ապա Հանրապետության Նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր ընտրություններ»։

Հոդված 74. Ավելացված 74.2. հոդվածից հետո ավելացնել նոր 74.3. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 74.3.Բացի Սահմանադրության հոդվածներ 74-ում եւ 74.1.-ում նշված դեպքերի, իր լիազորությունների ժամանակահատվածում Ազգային ժողովը կարող է մեկ անգամ անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդ դեպքում կարող են փոխվել միայն վարչապետն ու կառավարության կազմը։  Եթե երկրորդ անգամ կառավարությանն անվստահություն է հատնվել Ազգային ժողովի կողմից, ապա ԱԺ լիազորությունների ժամկետը կրճատվում է եւ նշանակվում նոր գումարման ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հանրաքվեով Ազգային ժողովին անվստահություն հայտնելու, նախագահի կողմից քառամյա ծրագիրը չկատարելու պատճառով կամ գարնանային նստաշրջանում կառավարությանը երկրորդ անգամ անվստահություն հայտնելու պատճառով ԱԺ լիազորությունների ժամկետը կրճատվելու դեպքում ԱԺ արտահերթ ընտրություններն անց են կացվում յոթանասուն օրվա ընթացքում եւ քվեարկությունները նշանակվում են համապատասխան տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը։ ԱԺ կողմից աշնանային նստաշրջանում անվստահություն երկրորդ անգամ հայտնելու դեպքում նշանակվող արտահերթ ընտրությունները անց են կացվում հիսուն օրվա ընթացքում։ Այդ դեպքում մինչեւ Ազգային ժողովի եւ նրա կողմից կառավարության ձեւավորումը, նոր քառամյա ու տարեկան պետական ծրագրերի եւ բյուջեի հաստատումը նախորդ կառավարությունը շարունակում է իր աշխատանքները բյուջետային համամասնությունների պահպանման սկզբունքով։

Հոդված 75. Սահմանադրուկթյան 85 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 85. ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է։

ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով, հայեցակարգերով ամրագրված նպատակներից եւ խնդիրներից ելնելով.

Կենսագործելու համար Հայաստանի Հանրապետության հեռանկարային, քառամյա, տարեկան ծրագրերի ու բյուջեի կատարումը.

Օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարությունը համակարգում, ղեկավարում եւ վերահսկում է գործադիր իշխանության մյուս բոլոր պետական մարմինների աշխատանքը  եւ ընդհանուր պատասխանատվություն է կրում նրանց գործունեության համար։

Կառավարության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով։

Իր լիազորությունների շրջանակում կառավարությունը ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման հանրապետության ամբողջ տարածքում։

Կառավարությանը անվստահություն հայտնելու, նոր կառավարություն ձեւավորելու կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ։

Հոդված 76. Սահմանադրության 85 հոդվածից հետո ավելացնել նոր 85.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 85.1. ՀՀ կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից։

Կառավարությանը համարվում է կազմված եթե նշանակված են վարչապետը եւ օրենքով նախատեսված բոլոր նախարարները։

Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ։

Վարչապետը նախարարներից մեկին նշանակում է իրականացնելու վարչապետի լիազորությունները վարչապետի բացակայության ժամանակ։

Կառավարության կառուցվածքը եւ գործունեության կարգը սահմանվում է կառավարության մասին օրենքով։

Հոդված 77 . Սահմանադրության 86 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը։

Կառավարության նիստեր հրավիրվում են  կառավարության անդամների մեկ երրորդի պահանջով։

Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը։

Հոդված 78. Սահմանադրության 87 հոդվածից հետո ավելացնել նոր  87.1. հոդվածը հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 87.1. Նախարարությունները ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով եւ սահմաններում ղեկավարում են կառավարության մասին օրենքով նախատեսված որոշակի ոլորտը, ապահովում պետական քառամյա եւ տարեկան ծրագրերով այդ ոլորտի համար նախատեսված ենթածրագրերի կատարումը։

Նախարարը ղեկավարում է նախարարության աշխատանքը եւ պատասխանատու է համապատասխան ենթածրագրերի կատարման ընթացքի համար։ Նախարարությունների կանոնադրությունները օրենքներ են եւ կառավարության ներկայացմամբ հաստատվում են Ազգային ժողովին կողմից։

Հոդված 79. Սահմանադրության 89 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 89. Կառավարությունը՝

1. Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով ԱԺ հաստատման է ներկայացնում ՀՀ քառամյա պետական ծրագրի մասին օրենքի նախագիծն իր տարեկան կտրվածքներով, ըստ ոլորտների ենթածրագրերով, կատարման ընթացքի, հնարավոր շեղումների գնահատման չափանիշներով, ծրագրի կատարման համար անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությամբ.

2. Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվում տարեկան պետական ծրագրերի եւ բյուջեի նախագծերը, ապահովում նրանց կատարման ընթացքը, որի վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնում Ազգային ժողովին.

3. Կառավարում է պետական սեփականությունը.

4. Տնտեսական, հասարակական կյանքի կարգավորման բոլոր ոլորտներում ապահովում է պետական միասնական քաղաքականության իրականացումը.

5. Ապահովում է Հանրապետության պաշտպանության, Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը.

6. Ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ»։

Հոդված 80. Սահմանադրության 90 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 90. Կառավարությունը տարեկան պետական ծրագրի եւ բյուջեի մասին օրենքների նախագծերը ԱԺ քննարկման է ներկայացվում  բյուջետային տարին սկսելուց առնվազն քառասունհինգ օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով համատեւ քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը։

Բյուջեի եւ տարեկան ծրագրի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը»։ 
  
ԳԼՈՒԽ 6. Դատական իշխանությունը 
  
Հոդված 81. Սահմանադրության 91 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն  իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Դատական որոշումները, վճիռները եւ դատավճիռները ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից:

Հոդված 82. Սահմանադրության 92 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 92. Հայաստանի Հանրապետությունում գործում են սահմանադրական դատարանը,  ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ մասնագիտացված դատարաններ:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հոդված 83. Սահմանադրության 93 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 93. Ընդհանուր իրավասության եւ այլ մասնագիտացված դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կարող են վերանայվել վճռաբեկ դատարանի կողմից:

Հոդված 84. Սահմանադրության 94 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 94. Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են  Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Հոդված 85. Սահմանադրության 94 հոդվածից հետո ավելացնել նոր 94.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 94.1. Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով ձեւավորվում եւ գործում է Արդարադատության խորհուրդը:

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ երեք տարի ժամկետով  ընտրված ինը դատավորներ եւ ԱԺ-ի կողմից նշանակված երեք իրավաբան գիտնականներ:

Արդարադատության խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ:

Հոդված 86. Սահմանադրության 95 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 95. Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով`

1) կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների պաշտոնեական պիտանիության եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

2) դատավորներին  ենթարկում է կարգապահական պատասխանատվության.

3)  սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պաշտոնանկ   է անում դատավորներին։

Արդարադատության խորհուրդը՝ գլխավոր դատախազի առաջարկով, եզրակացություն է տալիս դատավորին որպես մեւադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին:

Հոդված 87. Սահմանադրության 96 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 96. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելի են: Դատավորը պաշտոնավարում է մինչեւ իր 65 տարին, իսկ սահմանադրական դատարանի անդամը՝ 70 տարին լրանալը: Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Հոդված 88. Սահմանադրության 97 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 97. Արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը եւ օրենքին:

Դատավորի եւ սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները եւ պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են օրենքով:

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող որպես մեղադրյալ ներգրավվել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Սահմանադրությամբ նախատեսված  մարմնի համաձայնության։ Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ  այն  կատարվում է հանցագործության վայրում եւ բխում է գործի քննության շահերից։ Նման դեպքում անմիջապես տեղեկացվում են Արդարադատության Խորհրդի նախագահը, սահմանադրական դատարանի նախագահը եւ համապատասխան դատարանի նախագահը:

Հոդված 89. Սահմանադրության 98 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 98. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, լինել տեղական ինքնակառավարման մարմինների կազմում, իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ   կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հոդված 90. Սահմանադրության 99 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 99. Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին՝ Հանրապետության Նախագահը:

Հոդված 91. Սահմանադրության 100 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 100. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:

Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝

որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության, վարչապետի, տեւական ինքնակառավարման ներկայացուցչական  մարմինների  որոշումների  համապատասխանությունը  Սահմանադրությանը.

1.1)  լուծում է պետական իշխանության սահմանադրական մարմինների, ինչպես նաեւ դրանց եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ լիազորությունների սահմանադրականության հարցերով առաջացած վեճերը, նման վեճերի լուծման դեպքում մեկնաբանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը.

1.2) որոշում է Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների, վարչապետի որոշումների՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության հարցը.

2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.

3.1) լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների  հետ կապված վեճերը.

4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

5.1) եզրակացություն է տալիս նախընտրական ծրագրի, հիմնական դրույթներից կուսակցության հրաժարման հիմքերի առկայության մասին.

6) եզրակացություն է տալիս Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով սահմանված իրավական ռեժիմին ձեռնարկված միջոցառումների համապատասխանության վերաբերյալ.

7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.

8) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեւադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցելու մասին.

8.1) եզրակացություն է տալիս  դատավորի լիազորությունների դադարեցման մասին.

8.2) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու եւ համայնքի ավագանին արձակելու՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության մասին.

9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին: 
  
Հոդված 92. Սահմանադրության 101 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 101. Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին  օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝

1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 1.1, 1.2,  2, 3,  8-րդ եւ  9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1.1, 1.2, 3, 5, 6, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը.

4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 1.1, 1.2, 7, 8.2-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքներին առնչվող՝  Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի սահմանադրականության կամ պետական մարմինների՝ սահմանադրական լիազորությունների գերազանցումը վիճարկելու հարցով.

6) յուրաքանչյուր ոք՝ որոշակի գործով, երբ առկա է դատարանի վերջնական  ակտը եւ վիճարկվում է իր նկատմամբ կիրառված օրենքի այս կամ այն դրույթի սահմանադրականությունը.

7) դատարանները եւ գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.

8) մարդու իրավունքների պաշտպանը՝  Սահմանադրության  100-րդ հոդվածի  1-ին   կետում թվարկված  նորմատիվ ակտերի՝  Սահմանադրության  2-րդ գլխի  դրույթներին  համապատասխանության  հարցերով.

9) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորության  թեկնածուները՝ Սահմանադրության  100-րդ հոդվածի 3.1-ին եւ 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով.

10) կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի  4-րդ կետով նախատեսված դեպքերում.

11) արդարադատության նախարարը՝ Սահմանադրության  100-րդ հոդվածի 8.1-ին կետում նախատեսված դեպքերում:

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում: 
  
Հոդված 93. Սահմանադրության 102 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 102. Սահմանադրական դատարանն  ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ՝ Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով։

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ավելի, քան սահմանադրական դատարանի որոշումն ընդունելու պահից վեց ամիս հետո:

Սահմանադրական դատարանը Սահմանադրության  100-րդ  հոդվածի 1-4-րդ (ներառյալ 1.1-ին կետը)  եւ 9-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-8-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ։ Եզրակացությունները եւ  1.1-ին ու 9-րդ կետերով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են  անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն  երկու երրորդով, մնացած որոշումները՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Պատգամավորների ընտրությունների հարցերով, ինչպես նաեւ քաղաքացիների  անհատական դիմումների  հիման վրա սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, կարող է գործը քննել եւ որոշում կայացնել սահմանադրական դատարանի  երեք անդամի կազմով, եթե որոշումն ընդունվել է միաձայն։ Ձայները բաժանվելու դեպքում որոշումն ընդունում է սահմանադրական դատարանը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հոդված 94. Սահմանադրության 103 հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ՝

1) հարուցում է քրեական գործ եւ իրականացնում  քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության  օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.

5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.

6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ու վարչական  հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, օրենքի հիման վրա:

Հոդված 95. Սահմանադրության 104 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 104. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է ՀՀ վարչատարածքային բոլոր միավորներում։

Տեղական ինքնակառավարումը վարչատարածքային միավորների համար պետության կողմից ապահովված ու երաշխավորված իրավունքն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով տեւական հարցերը Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան լուծելու համար։

Հոդված 96. Սահմանադրության 104 հոդվածից հետո ավելացնել նոր 104.1. հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 104.1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է։ Շրջանը համայնքներից կազմված վարչատարածքային միավոր է։

Շրջանը, համայնքը իրավաբանական անձ են, ունեն սեփականության իրավունք եւ գույքային իրավունքներ»։

Հոդված 97. Սահմանադրության 105 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 105. Շրջանի եւ համայնքի սեփականությունը կառավարելու, տնօրինելու, տեղական նշանակության հարցերը լուծելու, բնակչության պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները ինքնակառավարման մարմինները իրականացնում են որպես սեփական լիազորություններ՝ ինքնակառավարման մարմինների անուններից եւ իրենց պատասխանատվությամբ։

Այդ լիազորությունների մի մասը օրենքով կարող են սահմանվել պարտադիր։

Պետական իշխանության լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել համայնքային կամ շրջանային ինքնակառավարման մարմիններին»։

Հոդված 98. Սահմանադրության 105 հոդվածից հետո ավելացնել նոր 105.1 հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 105.1. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանողի, համայնքի սեփականությունն է»։

Հոդված 99. Սահմանադրույան 106 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 106. Շրջաններն ու համայնքներն ինքնուրույն են ձեւավորում իրենց բյուջեն։

Նրանց եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով։

Պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեից։

Շրջաններն ու համայնքները սահմանում են տեւական հարկեր ու տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում եւ իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ»։

Հոդված 99. Սահմանադրության 107 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 107. Շրջանն ու համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ համայնքի ու շրջանի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով։

Ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի եւ շրջանի սեփականությունը, համայնքի եւ շրջանի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, ընդունում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր։ Ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով։

Շրջանի ու համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով։

Վարչատարածքային միավորների բնակիչները կարող են ուղղակիորեն մասնակցել տեղական գործերի կառավարմանը՝ հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով։ Տեղական հանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

Հոդված 100. Սահմանադրության 108 հոդվածը շարադրել հետեւյալ խմագրությամբ.

«Հոդված 108. Երեւան քաղաքում եւ նրա թաղային համայնքներում ինքնակառավարումն իրականացվում է քաղաքային եւ թաղային ավագանիների, քաղաքապետի եւ թաղապետի ուղղակի ընտրության ճանապարհով։

Երեւանի եւ նրա թաղային համայնքների ինքնկառավարման առանձնահատկությունները սահմանում են Երեւանի մասին օրենքով»։

Հոդված 101. Սահմանադրության 109 հոդվածը հանել»: 
  
  ԳԼՈՒԽ 8.

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ եւ ՀԱՆՐԱՔՎԵՆ 
  
Հոդված 101. Սահմանադրության 111 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամմբ.

«Հոդված 111. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ են կատարվում հանրաքվեի միջոցով`

1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ, եթե Ազգային ժողովը տալիս է իր համաձայնությունը.

2. Ազգային ժողովի նախաձեռնությամբ, եթե Հանրապետության Նախագահը տալիս է իր համաձայնությունը.

3. Ազգային ժողովի 2/3-ի մեծամասնության նախաձեռնությամբ.

4. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ, եթե նրան աջակցող հասարակական կամ հասարակական-քաղաքական կազմակերպությունները հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով կարողանում են նախաձեռնության օգտին հավաքել 200 հազար ստորագրություններ.

5. Քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե նախաձեռնության օգտին հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով հավաքվել է 250 հազար ստորագրություններ»:

Հոդված 102. Սահմանադրության 112 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 112. Օրենքները հանրաքվեի են դրվում`

1. ՀՀ կառավարության կամ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ, եթե Ազգային ժողովը տալիս է իր համաձայնությունը.

2. Ազգային ժողովի ընդհանուր թվակազմի մեծամասնության նախաձեռնությամբ.

3. Քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե նախաձեռնության օգտին հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով հավաքվել է 200 հավար ստորագրություններ»:

Հոդված 103. Սահմանադրության 112 հոդվածից հետո ավելացնել նոր 112.1. հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված112.1. Պետական  նշանակության կարեւորագույն խնդիրների լուծման եւ դրանց վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտման հանրաքվե է անցկացվում`

1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ` Սահմանադրության 49 հոդվածով` իրեն տրված լիազորությունների շրջանակում.

2. Ազգային ժողովի նախաձեռնությամբ Սահմանադրության 62 հոդվածով տրված լիազորությունների շրջանակում.

3. Սահմանադրական դատարանի  նախաձեռնությամբ Սահմանադրության 100 հոդվածով տրված լիազորությունների շրջանակում.

4. Քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե նախաձեռնության օգտին հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով հավաքվել է  200 հազար ստորագրություններ»:

Հոդված 104. Սահմանադրության 112.1 հոդվածից հետո ավելացնել նոր 112.2 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 112.2.  Սահմանադրության 111, 112 եւ 112.1 հոդվածներով նախատեսված կարգով նախաձեռնության առկայության դեպքում Հանրապետության Նախագահը հանրաքվեի մասին օրենքով եւ նախաձեռնությամբ որոշված ժամկետում նշանակում է հանրաքվե:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի գլխավոր օրենքը արդի աշխարհում ընթացող ժողովրդավարական վործընթացներին լիարժեքորեն ներդաշնակեցնելու, իշխանական համակարգի կառուցվածքում տեղ գտած թերությունների վերացման, համամարդկային ձեռքբերումներին արձագանքելու, դրանց հետ համընթաց՝ նաեւ հայ ազգային պետական, պատմական եւ ժամանակակից զարգացումներն արտացոլելու, պետականաշինության լավագույն կառուցակարգերն ամրագրելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես՝ գտնելով, որ գործող հիմնական օրենքի թերությունների պատճառով

1. ՀՀ-ում ստեղծեցին պետական կառույցների արատավոր մի համակարգ, որը

- իշխանության կառուցվածքի, նրա տարբեր թեւերի միջեւ հակակշիռների փոխադարձ վերահսկողության, լիազորությունների, պատասխանատվության մեխանիզմների միտումնավոր սխալ ընտրության պահճառով ոչ միայն

- չի կարող ծառայել ազգային ընդհանրական խնդիրների լուծմանը, համազգային կառույցների համակարգի ձեւավորմանը։

- չի ապահովել եւ չի էլ կարող ապագայում ապահովել պետության եւ բնակչության բնականոն գործունեության ու գոյատեւման համար անհրաժեշտ տարրական պամանները, քաղաքական կայուն համակարգի ձեւավորման, քաղաքացիական համերաշխության հաստատման հնարավորությունները, այլեւ ընդհակառակը՝ դարձել է առաջընթացը խոչնդոտող, ժողովրդի ներուժը ջլատող հիմնական գործոնը։

- Գտնելով, որ իշխանական գործող համակարգը ՀՀ-ում ամբողջությամբ է արատավոր։ Առաջին հերթին նրանով է պայմանավորված՝ նա է ստեղծում բոլոր նպաստավոր պայմանները, որ ընտրությունների արդյունքները պարբերաբար կեղծվեն, այս երկրում, անարժաններ գան իշխանության, բռնությամբ իշխանափոխություններ կատարվեն, քաղաքական սպանությունների, ոճրագործությունների շղթան շարունակվի, կյանքի բնականոն ընթացքը խաթարվի, արտագաղթը ՀՀ-ից դառնա համազգային աղետ։

2. Հաշվի առնելով նաեւ, որ պատմական այս բարդ իրավիճակում անհրաժեշտ է նվազագույնի  հասցնել կախվածությունը առանձին անհատների ղեկավարման հնարավոր սխալներից, նրանց մտավոր, կամային եւ հոգեկան այլ կարողությունների կատարելությունից, շահադիտական մոտեցումներից ու կամայականություններից.

3. Ընդունելով, որ արդի ժամանակաշրջանում սոցիալական բարդ կազմավորումները հիմնականում հաջողության են հասնում կոլեկտիվ ստեղծագործության ճանապարհով հետամուտ լինելով իրենց նախօրոք ձեւակերպված ընդհանրական խնդիրներին

4. Ձգտելով իշխանական ողջ համակարգը ՀՀ-ում կառուցել այնպես, որ այն որպես մեկ ամբողջություն դառնա նպատակային գործունեության սուբյեկտ իր՝

ա) Սահմանադրությամբ ամրագրված ազգային, համամարդկային արժեքներով, ուղղվածությամբ, կառուցվածքով, նպատակների ընտրությամբ, պետության գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներով, այլ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման, զարգացման հստակ մոտեցումներով ու սկզբունքներով։

բ) Օրենքով ամրագրված՝

- ներքին եւ արտաքին քաղաքականության հայեցակարգերով

- հեռանկարային եւ ընթացիկ գործունեության խնդիրներով, նրանց իրականացման համար կազմված երկարաժամկետ ու տարեկան ծրագրերով.

5. որոնք պետք է ընդունվեն եւ իրագործման դրվեն հրապարակային լայն քննարկումներնից հետո միայն, եթե արժանացել են քաղաքացիների մեծամասնության հավանությանը

6. ընդունելով, որ արդյունավետ քաղաքականություն ու ծրագրեր կարող են մշակել եւ իրականացնել միայն ընդհանրական շահերի գիտակցմամբ գործող, գաղափարապես միաձույլ կուսակցությունները կոլեկտիվ ջանքերով.

- նպատակ դնելով ՀՀ-ում պայմաններ ստեղծել նրանց հետագա զարգացման, ամրապնդման համար

- հնարավորություն տալ նրանց, ընտրություններում հաղթելուց հետո, իրենք ձեւավորեն գործադիր իշխանություն, որ կարողանան իրագործել իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները.

7. Միաժամանակ ձգտելով բարձրացնել իշխանությանը հավակնող կուսակցությունների պատասխանատվությունը՝ ընտրություններում իրատեսական նախընտրական ծրագրերը ներկայացնելու եւ դրանք իրականացնելու համար.

- ընդդիմադիր կուսակցություններին, հասարականությանը այդ ծրագրերի կատարման ընթացքի վերահսկման, գնահատման պայմաններ ստեղծել եւ հնարավորություն տալ նրանց, բացասական գնահատականների դեպքում նոր ընտրությունների անցկացման նպատակահարմարության մասին հարց հարուցել.

8. Եվ նպատակ դնելով անձնավորված պատասխանատվությամբ ապահովել, երաշխավորել՝

ա) իշխանության թեւերի համաձայնեցված, բնականոն գործունեությունը

բ) պետական իշխանության հաջորդականությունը, շարունակությունը

գ) ներկայացումը միջպետական հարաբերություններում.

դ) հասարակության համար իշխանական ողջ համակարգի գործունեության թափանցիկությունը, պաշտոնական տեղեկատվության եւ վիճակագրական տվյալների արժանահավատությունն ու մատչելիությունը.

ե) բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, բացառիկ ծառայությունների գնահատման նպատակով համաներման, ներման, պարգեւատրման, քաղաքացիության շնորհման գործընթացների կազմակերպումը։

Ղեկավարվելով հետեւյալ սկզբունքներով.

1. Իշխանավորների կողմից, սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված սկզբունքներով, նպատակներով ու խնդիրներով, ծրագրերով, չառաջնորդվելը որակվում է որպես սահմանադրական կարգի խախտում եւ պատժվում  սահմանված կարգով։

2. Կառավարության կառուցվածքը գործունեության կարգը որոշվում է սահմանադրությամբ եւ կառավարության մասին հատուկ օրենքով։ Օրենքը ընդունվում եւ նրա մեջ փոփոխություններ են կատարվում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

3. ՀՀ Ազգային ժողովը կազմված է համամասնական ընտրակարգով ընտրված եւ ՀՀ վարչատարածքային բաժանման հիման վրա կազմված ընտրատարածքներից մեծամասնական կարգով ընտրված մեկական պատգամավորներից։

4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ նրանց միավորումները ընտրողներին են ներկայացնում գործունեության այն քառամյա ծրագրերն ու մոտեցումները, որոնցով առաջնորդվելու են, եթե ընտրություններում հաղթեն եւ կազմեն կառավարություն։

5. Նախընտրական քառամյա ծրագրերը պետք է ունենան տարեկան կտրվածքներ, պարունակեն բոլոր հիմնական ոլորտների համար ենթածրագրեր, նշված լինի թույլատրելի շեղումներնի չափը եւ անհաղթահարելի խոչնդոտների նկարագրությունը։ Նրանք պետք է կազմված լինեն իրավիճակի գնահատման, ընթացքի կանխատեսման վերահսկման համար անհրաժեշտ որակական, քանակական (մակրոտնտեսական, տնտեսական, այլ վիճակագրական) հստակ ցուցանիշների հիման վրա։

6. Նախընտրական քառամյա, պետական երկարաժամկետ եւ տարեկան ծրագրերի կառուցվածքը, գործունեության մեջ դրվելու, վերահսկման եւ պատասխանատվության կարգը սահմանվում է հատուկ օրենքով։

7. Ընտրություններում հաղթող կուսակցությունը կամ նախընտրական միավորումը առաջադրում է վարչապետի թեկնածու, հանձնարարում նրան իր նախընտրական ծրագրի հիմքի վրա մշակել քառամյա պետական ծրագիր, կազմել կառավարություն եւ ներկայացնել ԱԺ հաստատմանը։

8. Եթե կազմվել է կառավարություն, բայց նա չի կարողանում կատարել քառամյա պետական ծրագիրը, ապա ՀՀ նախագահը առաջին տարվա վերջին ժողովրդին ուղղված ուղերձով զգուշացնում է ԱԺ մեծամասնությանն ու կառավարությանը այդ մասին։ Եթե երկրորդ տարվա ընթացքում ծրագիրը չի կատարվում եւ չկան դրա պատճառ հանդիսացող անհաղթահարելի խոչընդոտներ, ապա նախագահը ցրում է Ազգային ժողովը եւ նշանակում նոր ընտրություններ։

9. Ծրագիրը չկատարելու համար ընդդիմադիր կուսակցությունները կամ այլ նախաձեռնող խմբեր կարող են ստորագրություններ հավաքելու ճանապարհով հանրաքվեի դնել ԱԺ նոր ընտրությունների անցկացման հարցը։

10. Հանրապետության նախագահը պետք է ուղղակի ընտրությամբ ընտրվի եւ իրականացնի հայեցակարգի 8-րդ կետով նշված լիազորությունները։

11. ՀՀ-ում պետք է ձեւավորվի տեղական ինքնակառավարման գործուն համակարգ։ ՀՀ վարչատարածքային բաժանումը պետք է փոխվի։ Հաշվի առնելով տեղական եւ տնտեսական որոշակի առանձնահատկությունները, մարզերի թիվը մոտ 25-ի պետք է հասցվի։ Բացի համայնքներից, ինքնակառավարումը պետք է իրականացվի նաեւ մարզերում (ինքնակառավարման երկրորդ մակարդակի)։

12. Գործադիր իշխանության բոլոր մարմինները (ներառյալ ինքնակառավարման մակարդակներում) պետք է հիմնականում գործեն նախապես ընդունված, ամրագրված ծրագրերի շրջանակներում։

Նշված փոփոխությունների ընդունմամբ մեր երկրում լուրջ առաջընթաց կարձանագրվի համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ լինելու, ժողովրդավար հասարակարգ կառուցելու, հայ ազգային պատմական եւ մշակութային արժեքներ կրելու եւ պահպանելու պետության պատրաստակամության ուղղությամբ։