Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.
«21) կենդանիների համարակալում` գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների, մեղուների) ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների կամ մարմնի որոշակի մասերին էլեկտրոնային չիպերի` կրիչների ամրացում, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնելու եւ հաշվառելու կենդանիներին.»
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածն ամբողջությամբ ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի.
1) 16-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« ա. գառների, ուլերի, խոզերի եւ հորթերի պոչերի անդամատում»:
2) 16-րդ կետի «բ» ենթակետը, 17-րդ,18-րդ,19-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,« ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում եւ կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները եւ կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանի պահողների պարտականությունները, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ արգելված դաժան գործողությունները, կենդանիների քնեցման կարգը, կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման շուրջ իրավահարաբերությունները:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում` սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումների համար, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների բացակայության դեպքում: Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, որով նախատեսվել է քրեական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար:
Նախագծերի հարակից փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով սահմանվում են տեղական տուրքեր կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվությունների համար եւ կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվությունների համար, ինչպես նաեւ նախագծով առաջարկվում է փոփոխել քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանվող տնային կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքի տարեկան դրույքաչափը:
Նախագծերի հարակից փաթեթով նաեւ առաջարկվում է լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սույն օրենքի շրջանակում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են լիազորություններ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ: Տնային կենդանիների հաշվառման եւ նույնականացման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների` հատկապես շների լքելու դեպքերը, ինչն իր հերթին կնպաստի թափառող շների գլխաքանակի նվազեցմանը: Նաեւ ավագանու լիազորությունների մեջ սահմանվում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջներից բխող թույլտվությունների տրամադրման եւ այլ կարգերի հաստատումը:
Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է` «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք վերաբերվում են տնային կենդանիների պահման պահանջներին սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում` կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:
Օրենքի եւ հարակից նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձն ու օրենսդրական դաշտը սույն ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էոստոնիայի եւ մի շարք այլ երկրների օրենքները, որոնցով կարգավորվում են կենդանիների բարեկեցության եւ պաշտպանության հիմնական սկզբունքները, կենդանիների շուրջ իրավահարաբերությունները, վերահսկողության եւ պատասխանատվության մեխանիզմները:
Նախագծերի փաթեթի մշակման փուլերում մշտապես տեղի են ունեցել քննարկումներ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ձեւավորված Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ վեր հանված խնդիրները հնարավորինս իրավական լուծումներ են ստացել նախագծերում:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն կենդանիների շուրջ իրավարահարաբերություններ, կհստակեցվեն ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները եւ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը:
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողություններ պարունակող բացասական երեւույթները եւ ունենալ իրավական հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Օրենքի նախագծում նաեւ հստակ սահմանվում են հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմները քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կենդանիների հանդեպ գթասիրական եւ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանն ու դաժան վերաբերմունքի կանխարգելմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» «Տեղական տուրքերի եւ վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
1. Օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող` Մերի Գալստյան)
2. Օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը
3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները
Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` 50 էջ:
Հարգանքով`
Մերի Գալստյան
Լենա Նազարյան