Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5542-09.04.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-182-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում լրացնել նոր` 7.1-ին մաս.

«7.1 Սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգը չի գործում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ (ռազմական) դրության դեպքում: Արտակարգ (ռազմական) դրության դեպքում կրեդիտավորողն իր պաշտոնական ինտերնետային էջում եւ սոցիալական ցանցի պաշտոնական էջում (դրա առկայության դեպքում), իսկ դրանց անհնարինության դեպքում` հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կարող է իր ծառայությունների կամ դրանց մի մասի կամ բոլոր կրեդիտառուների կամ կրեդիտառուների որոշակի խմբի մասին հայտարարություն հրապարակել` որոշում կայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հայտարարությամբ պայմանավորված փոփոխությունների մասին կրեդիտառուի հետ հաղորդակցումն իրականացվում է բանկի սահմանված միջոցներով եւ ժամկետներում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2020 թվականի մարտի 16-ի դրությամբ եւ դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով`

- համանման հարաբերությունների կարգավորման համար միատեսակ մոտեցումներ ներդնելու անհրաժեշտությամբ. ոլորտային օրենքները նույնաբովանդակ հարցերի վերաբերյալ ունեն տարբեր կարգավորումներ, որոնք կիրառման առումով խնդիրներ են առաջացնում հաճախորդների ու ֆինանսական կազմակերպությունների համար.

- թղթային հաղորդակցումից Էլեկտրոնային հաղորդակցմանն անցում կատարելու անհրաժեշտությամբ. էլեկտրոնային ձեւով հաղորդակցման անցումը ժամանակի պահանջն է` կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, ընդ որում` այդ փոփոխությունն արդեն կատարվել են որոշ ոլորտային օրենքներում եւ այդ փոփոխությունն արդեն իսկ գործող կարգավորումների տրամաբանական շարունակությունն են /օրինակ` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք/.

- Միակողմանի հաղորդակցման ձեւի փոփոխման սահմանափակումների իրականացմամբ. իրավունքի անսահման ազատությունը իր բացասական ազդեցությունն է ունենում ողջ համակարգի վրա` ստիպելով ֆինանսական կառույցներին կատարել չհիմնավորված աշխատանքներ եւ իրականացնել օրենքի պահանջների խախտումներ.

- Արտակարգ իրավիճակով պայմանավորված հաղորդակցման կարգավորումների փոփոխմամբ:

Ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ առաջարկվող կարգավորման բնույթը

- Սպառողի հետ հաղորդակցումը հանդիսանում է սպառողի եւ ֆինանսական կազմակերպության միջեւ հարաբերությունների անկյունաքարերից մեկը: Դրանք նպատակ ունեն ապահովելու մշտական հասանելիություն ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունից բխող տեղեկատվությանը: Հետեւաբար, սպառողի հետ հաղորդակցման կարգը պետք է հնարավորինս ճկուն լինի ու համապատասխանի հաղորդակցման արդի մոտեցումներին: Նախագծի փաթեթով առաջարկվում է թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին եւ սպառողի ու ֆինանսական կազմակերպության հաղորդակցման կարգը համապատասխանեցնել 2018 թվականին ընդունված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաղորդակցման կարգին` ապահովելով համանման հարաբերությունների միատեսակ կարգավորումը: Մասնավորապես, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքում եւս առաջարկվում է սահմանել, որ սպառողի եւ կրեդիտավորողի միջեւ հաղորդակցումն իրականացվի էլեկտրոնային եղանակով, եթե հաճախորդը չի պահանջում, որպեսզի այն իրականացվի այլ եղանակով, օրինակ` փոստային կապի միջոցով:

Ուստի, Նախագծով առաջարկվում է հաղորդակցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ինչը սակայն չի բացառում հաճախորդի կողմից հաղորդակցման այլ եղանակի ընտրություն:

- Կարգավորման ճկունության համատեքստում որոշ դեպքերում ոլորտում առկա են իրավունքի չարաշահման դեպքեր, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ֆինանսական ուղջ համակարգի վրա: Էլեկտրոնային հաղորդակցության սկզբունքների ներդրման պարագայում եւս օրենքով չի բացառվում նաեւ այլ` ոչ էլեկտրոնային, ավանդական եղանակներով հաղորդակցության իրականացումը, ինչը ստիպում է ֆինանսական կառույցներին հարմարեցնել իրենց գործունեությունը հաղորդակցման այդ եղանակով պայմանավորված սկզբունքներին: Եթե անձը միակողմանի պարբերաբար փոփոխում է իր կողմից նախապես ընտրված հաղորդակցումը, ապա պայմանագրի մյուս կողմը չի հասցնում ադապտացվել հաճախակի փոփոխվող իրավիճակին, քանի որ դրանք առաջացնում են մի շարք ծրագրային եւ այլ ընթացակարգերի փոփոխությունններ: Արդյունքում նման դեպքերում ֆինանսական կառույցները ստիպված խախտում են կարգավորումները եւ կրում ֆինանսական վնասներ:

Ուստի, առաջարկվում է միակողմանի ձեւով հաղորդակցման եղանակի փոփոխություն թույլատրել տարին մեկ անգամ, ինչը հավասարակշտված մոտեցում է հաճախորդի եւ ֆինանսական կազմակերպության համար: Նշվածը չի նշանակում, որ ֆինանսական կազմակերպությունը եւ հաճախորդը չեն կարող համատեղ փոփոխություն իրականացնել իրենց հաղորդակցման կարգում:

- Հաջորդ փոփոխությունը օրենսդրության պահանջների խախտման համար սպառողի առջեւ ֆինանսական կազմակերպությունների պատասխանատվության պայմանների փոփոխումն է: Խնդիրը կայանում է նրանում, որ նույն հարցի վերաբերյալ տարբեր օրենքներ տարբեր կարգավորումներ են նախատեսում: Ինչը տարբերվում է ոլորտային մասնավորապես, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ ներդրվել եւ գործում են ֆինանսական կազմակերպությանը սպառողի առջեւ պատասխանությունից ազատելու պայմանները` հիմքում դնելով ֆինանսական կազմակերպության կողմից խախտումը վերացնելու բավարար ջանքի ներդրման եւ սպառողի կողմից փաստացի վնաս չկրելու գաղափարը: Սակայն այդ մոտեցումը բացակայում է ավանդների ներգրավման եւ ապահովագրության ոլորտների կարգավորումներում:

Առաջարկվում է սահմանել, որ ֆինանսական կազմակերպության ծառայություններից օգտվող անձի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը պետք է վճարի երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ` ֆինանսական կազմակերպությունը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, եւ սպառողի իրավունքի խախտման հետեւանքով սպառողը փաստացի չի կրել նյութական վնաս, իսկ վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը:

- Արտակարգ իրավիճակով պայմանավորված հաղորդակցման կարգավորումների փոփոխություններ:

Ներկա կարգավորումներով ցանկացած տեղեկատվությունը, որն ազդում է պայմանագրի վրա, անկախ բարենպաստ է այդ փոփոխությունը, թե` ոչ, պետք է ծանուցվի հաճախորդի ընտրած տարբերակով: Իսկ արտակարգ իրավիճակներում, երբ համատարած ձեւով անհրաժեշտություն է առաջանում ծառայության հետ կապված փոփոխություններ իրականացնել, հնարավորություն չեն ունենում ֆինանսական կառույցներն ապահովել օրենքների գործող կարգավորումները:
Ուստի առաջարկվում է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ (ռազմական) դրություն դեպքում, հաղորդակցման գործող կարգը չի գործում: Արտակարգ (ռազմական) դրության դեպքում բանկն իր պաշտոնական ինտերնետային էջում եւ սոցիալական ցանցի պաշտոնական էջում, իսկ դրա անհնարինության դեպքում` հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կարող է իր ծառայությունների կամ դրանց մի մասի կամ բոլոր հաճախորդների կամ որոշակի խմբի հաճախորդների մասին հայտարարություն հրապարակել` որոշում կայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտարարությամբ պայմանավորված փոփոխությունների մասին ավանդատուի հետ հաղորդակցումն իրականացվում է բանկի ներքին ակտերով սահմանված ժամկետներում, որոնք պետք է հրապարակվեն սույն մասով նշված հայտարարության հետ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նշված բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է բանկային, վարկային եւ ապահովագրության ոլորտներում համանման իրավիճակների համար միատեսակ կարգավորումներ ապահովելուն, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակով պայմանավորված կարգավորումներ նախատեսելուն:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի`

- համանման հարաբերությունների միատեսակ կարգավորումը.

- հաղորդակցման սկզբունքները կհավասարակշռություն.

- արտակարգ դրությամբ պայմանավորված կարգավորումների ճկունությունը:

Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքրենքների նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ