Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-556-09.04.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը լրացնել 18.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 18.1. Բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակներում

1. Այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կարողությունները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը` որոշմամբ սահմանված պայմաններով:

2. Այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան բուժաշխատողները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումն անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը` որոշմամբ սահմանված պայմաններով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2019թ. դեկտեմբեր ամսից սկսած Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված վարակ, որի հետեւանքով ամբողջ աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի հետ կապված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» եւ հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ` վարակի տարածմանը դիմակայելու համար:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ծավալների մեծացման հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործման, ինչպես նաեւ այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների` կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցմանը ներգրավման, ինչն էլ վկայում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

2.Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաեւ կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ Անձինք

Նախագծերը մշակվել են Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ծավալի եւ պատշաճ որակի ապահովում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

9 ապրիլի 2020 թվականի N 498 - Ա

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 9
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 498-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ