Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-485-24.02.2020,13.04.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 299-րդ հոդվածի 4-րդ մասում «678» թիվը փոխարինել «682» թվով:

Հոդված 2. Օրենսգրքի 609-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 628-րդ հոդվածում «ֆինանսական վարձակալություն» բառերը փոխարինել «լիզինգ» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ պարագրաֆը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

««6 . ԼԻԶԻՆԳ

Հոդված 677. Lիզինգ

1. Լիզինգի պայմանագրով` լիզինգատուն պարտավորվում է լիզինգառուի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշված վաճառողից եւ վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը: Այդ դեպքում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում լիզինգի առարկայի եւ վաճառողի ընտրության համար:

2. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի եւ ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է լիզինգատուն:

3. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը, անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

4. Լիզինգատուն, լիզինգառուի համար գույք ձեռք բերելիս վաճառողին ծանուցում է, որ գույքը նախատեսված է որոշակի անձի լիզինգով տրամադրելու համար:

5. Լիզինգի տարատեսակներն են հետադարձ լիզինգը, երկրորդային լիզինգը:

6. Լիզինգայի գործունեություն կարող են իրականացնել բանկերը կամ օրենքով սահմանված կարգով նման գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպությունները:

Հոդված 678. Լիզինգի պայմանագրով վաճառողի եւ լիզինգատուի պատասխանատվությունը

1. Լիզինգի պայմանագրով լիզինգառուն իրավունք ունի գույքի որակի ու կոմպլեկտայնության, դրա մատակարարման ժամկետները խախտելու եւ վաճառողի կողմից պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքերում անմիջականորեն վաճառողին ներկայացնել նրա եւ լիզինգատուի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներ: Ընդ որում, լիզինգառուն ձեռք է բերում գնորդի համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները եւ կրում է նրա պարտականությունները, բացի վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրն առանց լիզինգատուի համաձայնության լուծելու իրավունքից ու ձեռք բերված գույքի համար վճարելու պարտականությունից:

2. Լիզինգառուն եւ լիզինգատուն վաճառողի հետ հարաբերություններում համիրավ պարտատերեր են (հոդված 365):

3. Եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով, լիզինգատուն լիզինգառուի առջեւ պատասխանատվություն չի կրում առուվաճառքի պայմանագրից բխող պահանջները վաճառողի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառող ընտրելու պատասխանատվությունը դրված է լիզինգատուի վրա: Վերջին դեպքում լիզինգառուն իրավունք ունի իր ընտրությամբ առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնել ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ լիզինգատուին, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում լիզինգառուի առջեւ:

4. Լիզինգառուի փոփոխության դեպքում, լիզինգի առարկայի նկատմամբ վաճառողին պահանջ ներկայացնելու իրավունքները անցնում են նոր լիզինգառուին: Այս դեպքում լիզինգատուն տանսհինգօրյա ժամկետում պարտավոր է գրավոր ծանուցել վաճառողին նոր լիզինգառուի մասին:

Հոդված 679. Հետադարձ լիզինգ

1. Հետադարձ լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է, որով լիզինգատուն պարտավորվում է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռքբերված գույքը:

2. Հետադարձ լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի լրանալուց հետո կամ մինչեւ դրա լրանալը, կրկին անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

Հոդված 680. Երկրորդային լիզինգ

1. Երկրորդային լիզինգը` լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման արդյունքում լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին հանձնումն է նոր լիզինգառուի տիրապետմանը եւ օգտագործմանը: Երկրորդային լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:

2. Երկրորդային լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է` լիզինգատուի եւ լիզինգառուի միջեւ:

3. Երկրորդային լիզինգի ժամանակ լիզինգառուին է անցնում վաճառողին եւ լիզինգատուին լիզինգի առարկայի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքը` սույն օրենսգրքի 678-րդ հոդվածին համապատասխան:

Հոդված 681. Ենթալիզինգ եւ վարձակալություն

1. Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու է հանդիսանում սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունը, լիզինգառուն /ենթալիզինգատուն/ իրավունք ունի լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցել այլ անձի` ենթալիզինգառուի տիրապետմանը եւ օգտագործմանը: Լիզինգի առարկան ենթալիզինգի հանձնման դեպքում վաճառողին պահանջի ներկայացման իրավունքն ըստ ենթալիզինգի պայմանագրի անցնում է ենթալիզինգառուին:

2. Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայնությունը պարտադիր է:

3. Ենթալիզինգի դեպքում լիզինգառուն չի ազատվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:

4. Ենթալիզինգի պայմանագիրը չի կարող կնքվել լիզինգի պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:

5. Ենթալիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվում են լիզինգի պայմանագրի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

6. Լիզինգառուն, որը չի հանդիսանում սույն հոդվածի 1-ին մասում նշված մասնագիտացված կազմակերպություն, իրավունք ունի լիզինգի առարկան տրամադրելու վարձակալության, միայն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ լիզինգի պայմանագրի պայմաններին պահպանման պարագայում:

Հոդված 682. Լիզինգի պայմանագրի ձեւը

1. Լիզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր սույն օրենսգրքի 450 հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

2. Անշարժ գույքի լիզինգի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հոդված 683. Lիզինգի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը

1. Անշարժ գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

2. Շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Հոդված 684. Լիզինգի պայմանագրի առարկան

1. Լիզինգի պայմանագրի առարկա կարող է լինել, լիզինգի պայմանագրով հստակ եւ որոշակի սահմանված, ցանկացած չսպառվող գույք:

2. Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում, լիզինգատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ, այդ թվում նաեւ ենթալիզինգի եւ ենթավարձակալության դեպքում:

Հոդված 684.1. Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը

1. Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգատուի սեփականությունը:

2. Լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման իրավունքն ամբողջ ծավալով անցնում է լիզինգառուին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 684.2. Լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելը

1. Լիզինգատուն պարտավոր է լիզինգի առարկան լիզինգառուին տրամադրել լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան:

2. Լիզինգի առարկան տրամադրվում է լիզինգով դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր եւ այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 684.3. Լիզինգային վճար

1. Լիզինգային վճարը այն գումարն է, որը վճարվում է լիզինգառուի կողմից լիզինգային պայմանագրով սահմանված չափով եւ ժամկետներում, որը բաղկացած է`

1) լիզինգի առարկայի արժեքից (այդ թվում մինչեւ լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը կատարված նախնական վճարից) եւ պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով նախատեսվում է լիզինգի առարկային սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին;

2) կամ լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով չի նախատեսվում լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:

Հոդված 684.4. Լիզինգի առարկայի պահպանությունը եւ բարելավումները

1. Լիզինգի պայմանագիրը օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում դադարելու կամ լուծվելու դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել գույքն լիզինգառուի կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ:

2. Լիզինգառուն պարտավոր է իր հաշվին իրականացնել լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը եւ ապահովել դրա պահպանությունը, ինչպես նաեւ կատարել լիզինգի առարկայի հիմնական եւ ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

3. Լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հիմնական վերանորոգումը կատարում է լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված է չէ պայմանագրով:

4. Լիզինգի առարկայի բարելավումների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 626-րդ հոդվածի պահանջները:

Հոդված 684.5. Լիզինգի պայմանագրի լուծումը

1. Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե`

1) լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը,

2) եթե լիզինգառուն սահմանափակում է լիզինգատուի հսկողության իրավունքը լիզինգի առարկայի նկատմամբ,

3) լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել հերթական լիզինգային վճարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Լիզինգառուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե`

1) Լիզինգատուն լիզինգառուի տիրապետմանը եւ օգտագործմանը չի տրամադրել լիզինգի առարկան պայմանագրով սահմանված ժամկետից 30 օր կետանցով, եթե կետանցը առաջացել է լիզինգատուի մեղքով, ինչպես նաեւ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.

2) Լիզինգատուն չի իրականացրել լիզինգի առարկայի հիմնական վերանորոգումը, եթե համաձայն օրենքի կամ պայմանագրի դա վերջինիս պարտականություն է:

3. Լիզինգի պայմանագրով կարող են սահմանվել լիզինգատուի կամ լիզինգառուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:

4. Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում պայմանագրի միակողմանի լուծման դեպքում բոլոր ծախսերը, կապված գույքի վերադարձման, այդ թվում` ապամոնտաժման, ապահովագրության եւ փոխադրման հետ, կրում է լիզինգառուն, իսկ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում` լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետով սահմանված դեպքում լիզինգառուն իրավունք ունի պահանջել հատուցելու վնասները, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում լիզինգատուն:

Հոդված 684.6. Լիզինգի առարկայի բռնագանձումը

1. Եթե լիզինգի առարկան ծանրաբեռնված է լիզինգի իրավունքով, ապա լիզինգի առարկայի բռնագանձնման դեպքում լիզինգառուն լիզինգի առարկայի նկատմամբ պահպանում է իր իրավունքները լիզինգի պայմանագրում նշված ծավալով եւ ժամկետներում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ