Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-562-14.04.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջեւ ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ՝ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները, եւ իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:»:

2) լրացնել նոր՝ 9-րդ մաս.

«9. Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրված արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների վճարումները՝ վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ, արտարժույթով արտահայտված արժեթղթի հիման վրա կնքված ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները), ածանցյալ ֆինանսական գործիքների գծով վճարումները (փոխանցումները), կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արտարժութային պարտատոմսերի գնանշումները եւ դրանց գծով վճարումները (ներառյալ՝ արժեկտրոնները) կարող են իրականացվել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առկա իրավիճակը եւ հիմնախնդրի նկարագրությունը

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով բանկերին եւ վարկային կազմակերպություններին թույլատրվում է արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրաված ավանդների տոկոսագումարները հաճախորդի ցանկությամբ համապատասխանաբար ստանալ կամ վճարել այն արժույթով, որով տրամադրվել է վարկը կամ ներգրավվել է ավանդը? Սակայն բաց է մնացել նույն բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնների (տոկոսագումարների) հարցը, որոնք վճարվում են ՀՀ դրամով: Սա մի շարք հացեր ու խնդիրներ է առաջացնում: Նաեւ հստակեցման կարիք ունի ռեպո պայմանագրերով եւ ածանցյալ ֆինանսական գործիքներով նախատեսվող վճարումներն արտարժույթով կատարելու հնարավորության հարցը:

Նախ՝ եթե արտարժութային ավանդի դիմաց հնարավոր է տոկոսագումար վճարել արտարժույթով, ապա ինչու՞ չի կարելի ավանդին փոխարինող պարտատոմսի դիմաց նույնկերպ վճարել արտարժույթով:

Երկրորդ, եթե արտարժութային վարկի տոկոսագումարը հնարավոր է ստանալ արտարժույթով, ապա ինչու՞ չի կարելի նույն վարկառուի թողարկած պարտատոմսի տոկոսագումարը եւս ստանալ արտարժույթով:

Երրորդ, արտարժութային պարտատոմսերի դեպքում օտարերկրյա ներդրողների համար խնդիր է դրամային հաշիվ ունենալը տոկոսագումարները ստանալու համար:

Չորրորդ, պարտատոմսերի դեպքում պարտադիր դրամային հաշիվ ունենալու պահանջը խնդիր է նաեւ տեղական ներդրողների համար, քանի որ այդ հաշվի սպասարկման վճարն անհարկի ֆինանսական ծախս կարող է դիտվել՝ միաժամանակ նվազեցնելով պարտատոմսի՝ որպես ներդրումային գործիքի գրավչությունն ավանդի համեմատ:

Հինգերորդ, ռեպո պայմանագրերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների դեպքում հստակեցման կարիք ունի ստանձնած պարտավորությունն ու վճարումները նույն արժույթով կատարելու հնարավորության հարցը:

Առաջարկվող լուծումը

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ռեպո պայմանագրերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանցով նախատեսված վճարումների, կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արտարժութային պարտատոմսերի գնանշումները եւ դրանց դիմաց արժեկտրոնների վճարումները թույլատրել իրականացնել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը: Միաժամանակ օրենքի ձեւակերպումներում առաջարկվում են որոշակի հավելյալ հստակեցումներ:

Այս նպատակով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկվում է վերադարձնել մինչեւ 2017 թ-ի փոփոխությունը եղած խմբագրմանը, իսկ նույն մասում 2017 թվականին կատարված փոփոխություններն ու դրանց տրամաբանական շարունակությունը հանդիսացող լրացուցիչ հավելումները սահմանել նոր՝ 9-րդ մասով:
 

                          Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝      ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
                           ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ