Հոդվածը 1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածում
1) 3-րդ մասում հանել «եւ ավտոբուսները» բառերը:
2) 3-րդ մասում լրացնել «ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները» բառերը:
3) 3-րդ մասում «տախոգրաֆով» բառից առաջ լրացնել «թվային» բառը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել նոր` 3 մաս.
3. 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է իրականցնել ուղեւորների դժբախտ պատահարներից ապահովագրություն:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ց:
Հիմնավորում
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
Ավտոտրանսպորտային ոլորտում ՀՀ ներկայիս օրենսդրությունը մի շարք կարգավորումների բացակայության պայմաններում միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա որեւէ երաշխիք առ այն, որ ուղեւորդների կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:
Այդպիսի վտանգների առաջին աղբյուրը այն է, որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս:
Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ վարորդը առանց հանգստի`սահմանված նորմերի խախտմամբ, շարունակում է վարել մեքենան, դրանով վտանգելով թե՜ իր, թե՜ ուղեւորների կյանքը եւ առողջությունը:
«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 7-րդ հոդվածի համաձայն.
1. Չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն քառասունհինգ րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը:
2. Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել տասնհինգ րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա, կամ` անմիջապես այդ ժամանակահատվածից հետո` պահպանելով 1-ին կետի դրույթները:
3. Այդ ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք: Սույն հոդվածի նպատակներով սպասելու ժամանակը եւ վարելուն չհատկացված ժամանակը, որն անցկացվում է ընթացքում գտնվող փոխադրամիջոցում, լաստանավում կամ գնացքում, չպետք է դիտվի որպես «այլ աշխատանք»:
4. Սույն հոդվածում նշված ընդմիջումները չեն կարող դիտվել որպես ամենօրյա հանգստի ժամանակահատվածներ:
Միաժամանակ. նույն համաձայնագրի 8-րդ մասը սահմանում է, որ
1. Յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում վարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչեւ առնվազն ինը անընդմեջ ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ, պայմանով, որ մինչեւ հաջորդ շաբաթվա ավարտը որպես փոխհատուցում նրան պետք է հանգստի համապատասխան ժամանակահատված հատկացվի:
Այն օրերին, երբ, համաձայն առաջին կետի, հանգիստը չի կրճատվում, այն կարող է վերցվել երկու կամ երեք առանձին ժամանակահատվածներում` քսանչորս ժամվա ընթացքում, որոնցից մեկը պետք է ընդգրկի առնվազն ութ անընդմեջ ժամ: Այս դեպքում հանգստի նվազագույն տեւողությունը պետք է երկարացվի մինչեւ տասներկու ժամ:
2. Յուրաքանչյուր երեսուն ժամվա ժամանակահատվածում, երբ տրանսպորտային միջոցը վարում են առնվազն երկու վարորդներ, յուրաքանչյուր վարորդ պետք է առնվազն ութ անընդմեջ ժամ հանգիստ ունենա:
3. Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում 1-ին եւ 2-րդ կետերում նշված հանգստի ժամանակահատվածները պետք է երկարացվեն ըստ շաբաթական հանգստի` մինչեւ ընդհանուր քառասունհինգ անընդմեջ ժամի: Այդ հանգստի ժամանակահատվածը կարող է կրճատվել առնվազն մինչեւ երեսունվեց անընդմեջ ժամի, եթե վերցվում է այն վայրում, որտեղ սովորաբար գտնվում է տրանսպորտային միջոցը, կամ գտնվում է վարորդը, կամ առնվազն մինչեւ քսանչորս անընդմեջ ժամի, եթե վերցվում է այլ վայրում: Յուրաքանչյուր կրճատում փոխհատուցվում է հավասարաչափ հանգստով, որն ամբողջությամբ վերցվում է մինչեւ տվյալ շաբաթին հաջորդող երրորդ շաբաթվա ավարտը:
4. Շաբաթական հանգստի յուրաքանչյուր ժամանակահատված, որն սկսվում է մի շաբաթում եւ շարունակվում հաջորդ շաբաթվա ընթացքում, պետք է կցվի այս շաբաթներից որեւէ մեկին:
5. Ուղեւորների փոխադրումների դեպքում, որոնց նկատմամբ կիրառվում է 6 (1)-րդ հոդվածի 4-րդ կետը, շաբաթական հանգստի ժամանակահատվածը կարող է հետաձգվել մինչեւ հաջորդ շաբաթ, որի հանգստի ժամանակահատվածը դեռեւս առկա է, եւ ավելացվի երկրորդ շաբաթվա շաբաթական հանգստին:
6. Ցանկացած բնույթի հանգիստ, որը վերցվում է որպես օրական եւ/կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածի կրճատման փոխհատուցում, կցվում է առնվազն ութ ժամ ընդգրկող այլ հանգստի եւ տրվում է շահագրգիռ անձի խնդրանքով` տրանսպորտային միջոցի կայանման վայրում կամ վարորդի հիմնական տեղում:
7. Օրական հանգստի ժամանակահատվածը կարող է վերցվել տրանսպորտային միջոցում, եթե այն ապահովված է անկողնով եւ գտնվում է կանգնած վիճակում:
8. Անկախ վերոնշյալ առաջին կետի դրույթներից, երբ վարորդը ներգրավված է բեռների կամ ուղեւորների փոխադրման մեջ եւ ուղեկցում է տրանսպորտային միջոցը, որը փոխադրվում է լաստանավով կամ գնացքով, ամենօրյա հանգստի ժամանակահատվածը կարող է ընդհատվել մեկից ոչ ավելի անգամ, եթե բավարարվում են հետեւյալ պայմանները.
ցամաքում անցկացված ամենօրյա հանգստի ժամանակահատվածի մի մասը հնարավոր է վերցնել լաստանավի վրա կամ գնացքում վերցվելիք ամենօրյա հանգստի չափաբաժնից առաջ կամ հետո,
ամենօրյա հանգստի ժամանակահատվածի երկու չափաբաժինների միջեւ ընկած ժամանակահատվածը պետք է հնարավորինս կարճ լինի եւ ոչ մի դեպքում չպետք է գերազանցի մեկ ժամը` մինչեւ նստեցումը կամ իջեցումից հետո, նստեցման եւ իջեցման գործողություններում ընդգրկված մաքսային ձեւակերպումներից առաջ կամ հետո,
հանգստի ժամանակահատվածի երկու չափաբաժինների ընթացքում վարորդը պետք է ունենա մահճակալից կամ ննջատեղից օգտվելու հնարավորություն:
Ամենօրյա հանգստի ժամանակահատվածը, որն ընդհատվել է այս կերպ, երկարացվում է երկու ժամով:
Սույն հոդվածներով սահմանված կանոնները վերահսկելու միակ իրատեսական համակարգը հսկիչ սարքի` տախոգրաֆի տեղադրումն է ու դրա միջոցով սահմանված հանգստի ռեժիմի պահպանությունն է, ինչը նշված է համաձայնագրի
10-րդ հոդվածով:
Համաձայնագիրը դրան միացած պետություններին, այդ թվում` ՀՀ-ին, պարտավորեցնում է առնվազն մեկ սահմանի հատում իրականացնող` միջպետական, փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցնելը զինել տախոգրաֆով:
Միաժամանակ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս ՀՀ օրենսդրությունը չի պարտավորեցնում կատարել ուղեւորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն:«Ավտոմոբիլային տրասնպորտի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը պարտավորեցնում է ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտ շահագործող փոխադրողներին իրականացնել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրություն, մինչդեռ նույնքան կարեւոր է հենց ուղեւորների ապահովագրության իրականացումը:
Միջազգային փորձ կապված տախոգրաֆի կիրառման հետ.
Տախոգրաֆի առկայության պարտադիր պահանջ է սահմանված ՌԴ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրին միացած երկրներում:
ՌԴ-ում տախոգրաֆի հետ կապված կանոնները խախտելու համար սահմանված է տուգանք` 3-50 (երեքից հիսուն հազար) ռուբլի:
Իսպանիայում նույն արարքների համար տուգանքները տանատվում են 400-ից մինչեւ 6 000 (վեց հազար) եվրո:
Միջազգային փորձ կապված ուղեւորների պարտադիր ապահովագրության հետ.
Ուղեւորների ապահովագրության պարտադիր պահանջ սահմանված է մի շարք երկրներում, այդ թվում` ՌԴ-ում, Բելառուսի Հանրապետությունում, ՈՒկրաինայում, : Հատկանշական է, որ տվյալ պահանջը տարածվում է թե միջպետական, թե ներպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս:
Նախագծով առաջարկվող կարգավորումները.
Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը իրականացնի ուղեւորների` դժբախտ պատահաներից ապահովագրություն, ինչը անվտանգ ուղեւորության եւ ուղեւորափոխադրման կարեւորագրույն պայմաններից է, ինչպես նաեւ սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն միջպետական ուղեւորափոխադրումների կազմակերպման այնպիսի դեպքերում, երբ
1. Այն տախոգրաֆով կահավորված չէ
2. թվային տախոգրաֆի քարտը բացակայում է
3. թվային տախոգրաֆի քարտը չտեղադրված վիճակում է
4. թվային տախոգրաֆի անսարք է
5. թվային տախոգրաֆը անջատած վիճակում է
6. ուղեւորները ապահովագրված չեն դժբախտ պատահարներից
Միաժամանակ սահմանված է պատասխանատվություն առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելու համար:
Հատկանշական է, որ նախագծով իջեցվում են նաեւ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելիս տախոգրաֆի օգտագործման համար սահմանված վարչական պատասխանատվության`տուգանքի չափերը:
Առաջարկվում է մեկ միասնական պատասխանատվության չափ թե միջպետական ուղեւորափոխադրման, թե միջպետական բեռնափոխադրման ժամանակ տախոգրաֆի բացակայության, անսարքության, քարտի բացակայության եւ այլ օրենքով սահմանված դեպքերի համար:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`
ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Արթուր Դալլաքյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը
Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով`
ԱՐԹՈՒՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ