Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5691-15.04.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդվածը 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 137.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 137.1 Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը

1. Առանց Հայաստանի Հանրապետության եւ փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետության միջեւ կնքված տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով (բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի) կամ միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջների խախտմամբ կաբոտաժային փոխադրումների իրականացումը`

3. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ թվային տախոգրաֆի քարտը չտեղադրված վիճակում Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

5. Թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆը անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

6. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

7. Առանց ուղեւորների`«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ապահովագրության իրականացման միջպետական կանոնավոր ուղեւորափոխաադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

8. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:

9. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

10.Սույն հոդվածի 3-6 մասերով նախատեսված արարքները «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարելու դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվում:

11.Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան լիազոր մարմին ներկայացնում է հիմնավորված դիմում:

Հոդված 2. Օրենսգրքի 137.7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 137.7 Ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը

1. Առանց ուղեւորների անվանացուցակի ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը կամ սահմանված խմբից ավելի կամ այլ ուղեւորների փոխադրումը (բացառությամբ յուրաքանչյուր 10 ուղեւորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղեւոր)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:

2. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումն առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների խախտումներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումն առաջացնում է տուգանքի նշանակում`

Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան եւ (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ եւ (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան եւ (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ եւ (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ (կամ) հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր`

ավտոբուսային փոխադրումների դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով.

միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ թվային տախոգրաֆի քարտը չտեղադրված վիճակում Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով կահավորված 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

6. Թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆը անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

7. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

8. Առանց ուղեւորների`«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ապահովագրության իրականացման 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխաադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:

10. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

11. Սույն հոդվածի 4-7 մասերով նախատեսված արարքները «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարելու դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվում:

12. Սույն հոդվածի 5-րդ եւ կամ 6-րդ մասերով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան լիազոր մարմին ներկայացնում է հիմնավորված դիմում:

Հոդված 3. Օրենքի 137.8 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

1.Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ թվային տախոգրաֆի քարտը չտեղադրված վիճակում Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

3. Թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆը անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

4. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:

6. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

7.Սույն հոդվածով նախատեսված արարքները «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով կատարելու դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվում:

11.Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան լիազոր մարմին ներկայացնում է հիմնավորված դիմում:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հիմնավորում

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

Ավտոտրանսպորտային ոլորտում ՀՀ ներկայիս օրենսդրությունը մի շարք կարգավորումների բացակայության պայմաններում միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա որեւէ երաշխիք առ այն, որ ուղեւորդների կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:

Այդպիսի վտանգների առաջին աղբյուրը այն է, որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս:

Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ վարորդը առանց հանգստի`սահմանված նորմերի խախտմամբ, շարունակում է վարել մեքենան, դրանով վտանգելով թե՜ իր, թե՜ ուղեւորների կյանքը եւ առողջությունը:

«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 7-րդ հոդվածի համաձայն.

1. Չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն քառասունհինգ րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը:

2. Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել տասնհինգ րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա, կամ` անմիջապես այդ ժամանակահատվածից հետո` պահպանելով 1-ին կետի դրույթները:

3. Այդ ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք: Սույն հոդվածի նպատակներով սպասելու ժամանակը եւ վարելուն չհատկացված ժամանակը, որն անցկացվում է ընթացքում գտնվող փոխադրամիջոցում, լաստանավում կամ գնացքում, չպետք է դիտվի որպես «այլ աշխատանք»:

4. Սույն հոդվածում նշված ընդմիջումները չեն կարող դիտվել որպես ամենօրյա հանգստի ժամանակահատվածներ:

Միաժամանակ. նույն համաձայնագրի 8-րդ մասը սահմանում է, որ

1. Յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում վարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչեւ առնվազն ինը անընդմեջ ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ, պայմանով, որ մինչեւ հաջորդ շաբաթվա ավարտը որպես փոխհատուցում նրան պետք է հանգստի համապատասխան ժամանակահատված հատկացվի:

Այն օրերին, երբ, համաձայն առաջին կետի, հանգիստը չի կրճատվում, այն կարող է վերցվել երկու կամ երեք առանձին ժամանակահատվածներում` քսանչորս ժամվա ընթացքում, որոնցից մեկը պետք է ընդգրկի առնվազն ութ անընդմեջ ժամ: Այս դեպքում հանգստի նվազագույն տեւողությունը պետք է երկարացվի մինչեւ տասներկու ժամ:

2. Յուրաքանչյուր երեսուն ժամվա ժամանակահատվածում, երբ տրանսպորտային միջոցը վարում են առնվազն երկու վարորդներ, յուրաքանչյուր վարորդ պետք է առնվազն ութ անընդմեջ ժամ հանգիստ ունենա:

3. Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում 1-ին եւ 2-րդ կետերում նշված հանգստի ժամանակահատվածները պետք է երկարացվեն ըստ շաբաթական հանգստի` մինչեւ ընդհանուր քառասունհինգ անընդմեջ ժամի: Այդ հանգստի ժամանակահատվածը կարող է կրճատվել առնվազն մինչեւ երեսունվեց անընդմեջ ժամի, եթե վերցվում է այն վայրում, որտեղ սովորաբար գտնվում է տրանսպորտային միջոցը, կամ գտնվում է վարորդը, կամ առնվազն մինչեւ քսանչորս անընդմեջ ժամի, եթե վերցվում է այլ վայրում: Յուրաքանչյուր կրճատում փոխհատուցվում է հավասարաչափ հանգստով, որն ամբողջությամբ վերցվում է մինչեւ տվյալ շաբաթին հաջորդող երրորդ շաբաթվա ավարտը:

4. Շաբաթական հանգստի յուրաքանչյուր ժամանակահատված, որն սկսվում է մի շաբաթում եւ շարունակվում հաջորդ շաբաթվա ընթացքում, պետք է կցվի այս շաբաթներից որեւէ մեկին:

5. Ուղեւորների փոխադրումների դեպքում, որոնց նկատմամբ կիրառվում է 6 (1)-րդ հոդվածի 4-րդ կետը, շաբաթական հանգստի ժամանակահատվածը կարող է հետաձգվել մինչեւ հաջորդ շաբաթ, որի հանգստի ժամանակահատվածը դեռեւս առկա է, եւ ավելացվի երկրորդ շաբաթվա շաբաթական հանգստին:

6. Ցանկացած բնույթի հանգիստ, որը վերցվում է որպես օրական եւ/կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածի կրճատման փոխհատուցում, կցվում է առնվազն ութ ժամ ընդգրկող այլ հանգստի եւ տրվում է շահագրգիռ անձի խնդրանքով` տրանսպորտային միջոցի կայանման վայրում կամ վարորդի հիմնական տեղում:

7. Օրական հանգստի ժամանակահատվածը կարող է վերցվել տրանսպորտային միջոցում, եթե այն ապահովված է անկողնով եւ գտնվում է կանգնած վիճակում:

8. Անկախ վերոնշյալ առաջին կետի դրույթներից, երբ վարորդը ներգրավված է բեռների կամ ուղեւորների փոխադրման մեջ եւ ուղեկցում է տրանսպորտային միջոցը, որը փոխադրվում է լաստանավով կամ գնացքով, ամենօրյա հանգստի ժամանակահատվածը կարող է ընդհատվել մեկից ոչ ավելի անգամ, եթե բավարարվում են հետեւյալ պայմանները.

ցամաքում անցկացված ամենօրյա հանգստի ժամանակահատվածի մի մասը հնարավոր է վերցնել լաստանավի վրա կամ գնացքում վերցվելիք ամենօրյա հանգստի չափաբաժնից առաջ կամ հետո,

ամենօրյա հանգստի ժամանակահատվածի երկու չափաբաժինների միջեւ ընկած ժամանակահատվածը պետք է հնարավորինս կարճ լինի եւ ոչ մի դեպքում չպետք է գերազանցի մեկ ժամը` մինչեւ նստեցումը կամ իջեցումից հետո, նստեցման եւ իջեցման գործողություններում ընդգրկված մաքսային ձեւակերպումներից առաջ կամ հետո,

հանգստի ժամանակահատվածի երկու չափաբաժինների ընթացքում վարորդը պետք է ունենա մահճակալից կամ ննջատեղից օգտվելու հնարավորություն:

Ամենօրյա հանգստի ժամանակահատվածը, որն ընդհատվել է այս կերպ, երկարացվում է երկու ժամով:

Սույն հոդվածներով սահմանված կանոնները վերահսկելու միակ իրատեսական համակարգը հսկիչ սարքի` տախոգրաֆի տեղադրումն է ու դրա միջոցով սահմանված հանգստի ռեժիմի պահպանությունն է, ինչը նշված է համաձայնագրի
10-րդ հոդվածով:

Համաձայնագիրը դրան միացած պետություններին, այդ թվում` ՀՀ-ին, պարտավորեցնում է առնվազն մեկ սահմանի հատում իրականացնող` միջպետական, փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցնելը զինել տախոգրաֆով:

Միաժամանակ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս ՀՀ օրենսդրությունը չի պարտավորեցնում կատարել ուղեւորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն:«Ավտոմոբիլային տրասնպորտի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը պարտավորեցնում է ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտ շահագործող փոխադրողներին իրականացնել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրություն, մինչդեռ նույնքան կարեւոր է հենց ուղեւորների ապահովագրության իրականացումը:

Միջազգային փորձ կապված տախոգրաֆի կիրառման հետ.

Տախոգրաֆի առկայության պարտադիր պահանջ է սահմանված ՌԴ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրին միացած երկրներում:

ՌԴ-ում տախոգրաֆի հետ կապված կանոնները խախտելու համար սահմանված է տուգանք` 3-50 (երեքից հիսուն հազար) ռուբլի:

Իսպանիայում նույն արարքների համար տուգանքները տանատվում են 400-ից մինչեւ 6 000 (վեց հազար) եվրո:

Միջազգային փորձ կապված ուղեւորների պարտադիր ապահովագրության հետ.

Ուղեւորների ապահովագրության պարտադիր պահանջ սահմանված է մի շարք երկրներում, այդ թվում` ՌԴ-ում, Բելառուսի Հանրապետությունում, ՈՒկրաինայում, : Հատկանշական է, որ տվյալ պահանջը տարածվում է թե միջպետական, թե ներպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս:

Նախագծով առաջարկվող կարգավորումները.

Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը իրականացնի ուղեւորների` դժբախտ պատահաներից ապահովագրություն, ինչը անվտանգ ուղեւորության եւ ուղեւորափոխադրման կարեւորագրույն պայմաններից է, ինչպես նաեւ սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն միջպետական ուղեւորափոխադրումների կազմակերպման այնպիսի դեպքերում, երբ

1. Այն տախոգրաֆով կահավորված չէ

2. թվային տախոգրաֆի քարտը բացակայում է

3. թվային տախոգրաֆի քարտը չտեղադրված վիճակում է

4. թվային տախոգրաֆի անսարք է

5. թվային տախոգրաֆը անջատած վիճակում է

6. ուղեւորները ապահովագրված չեն դժբախտ պատահարներից

Միաժամանակ սահմանված է պատասխանատվություն առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելու համար:

Հատկանշական է, որ նախագծով իջեցվում են նաեւ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելիս տախոգրաֆի օգտագործման համար սահմանված վարչական պատասխանատվության`տուգանքի չափերը:

Առաջարկվում է մեկ միասնական պատասխանատվության չափ թե միջպետական ուղեւորափոխադրման, թե միջպետական բեռնափոխադրման ժամանակ տախոգրաֆի բացակայության, անսարքության, քարտի բացակայության եւ այլ օրենքով սահմանված դեպքերի համար:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Արթուր Դալլաքյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`

ԱՐԹՈՒՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ