Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-570-15.04.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի «Պետական սահմանի մասին» օրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածում`

1) «սահմանային» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային» բառը,

2) լրացնել նոր պարբերություն` հետեւյալ խմբագրությամբ.

Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում «սահմանային» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային» բառը.

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 1 ամիս անց:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական սահմանի մասին ՀՀ օրենքի» 14-րդ հոդվածի համաձայն` Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողության եւ մաքսային հսկողության:Վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունն իրականացնում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Նույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն`Պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողություն եւ մաքսային հսկողություն: Այդ տեղերում մտցվում են լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ` սույն օրենքի 24-26-րդ հոդվածներով նախատեսված կարգի ու կանոնների սահմաններում:

Պետական սահմանում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:

Սույն հոդվածները ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, որ պետական սահմանին վերահսկողություն իրականացնելու լիազորությունից անհիմն զրկվել է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, մինչդեռ տեսչական մարմնի լիազորությունները լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տեսչական մարմինը պետական սահմանին նույնպես իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի առանձնացվի տարածք եւ շինություն տվյալ վերահսկողության իրականացման համար:

Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային վերահսկողության իրականացումը էապես կմեծացնի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետությունը, ինչին էլ ուղղված է սույն նախագիծը:Սահմանային անցման կետերում սույն վերահսկողության իրականացումը նպաստի նաեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպմանը եւ իրականացմանը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը եւ փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Պետական սահմանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը :

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Արթուր Դալլաքյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`

ԱՐԹՈՒՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ