ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀO-16-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերում «պետական» բառից հետո լրացնել «կառավարման» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ռազմարդյունաբերության պետական կոմիտեն,» բառերը հանել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 7. ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ
1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետեւ` պետական լիազոր մարմին).
1) հանդես է գալիս որպես պետական պատվիրատու.
2) մասնակցում է զինված ուժերի եւ այլ զորքերի զարգացման պլանների, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի մշակմանը.
3) մշակում է`
ա. ռազմական կարիքների համար գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի ծրագիրը,
բ. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը, որը ներառում է ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը եւ միջոցառումները,
գ. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման կարգը,
դ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը եւ այդ կազմակերպությունների ցանկը,
ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման եւ վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաեւ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,
զ. ռազմական ապրանքների, գույքի եւ ծառայությունների գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները եւ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,
է. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման եւ վարման կարգը,
ը. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգը,
թ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները եւ աջակցման ձեւերը` ըստ ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության քաղաքականության,
ժ. գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը.
ժա. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական պետական փորձարկումների անցկացման կարգը:
4) իրականացնում է`
ա. ռազմական ապրանքների, գույքի եւ ծառայությունների գների պետական կարգավորումը` համաձայն սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների պահանջների,
բ. ռազմական կարիքների համար գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարումը` հանդես գալով որպես պատվիրատու,
գ. ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը,
դ. ռազմարդյունաբերության ոլորտում գիտական եւ գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառում,
ե. ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը,
զ. ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման վերլուծությունը,
է. ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը,
ը. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը,
թ. ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական եւ նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը,
ժ. ռազմարդյունաբերության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորումը,
ի. իր լիազորությունների սահմաններում մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համագործակցություն իրականացմանը,
իա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը,
իբ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը,
իգ. զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը:»
իդ. իր իրավասության սահմաններում ապահովում է պետական պատվերի կատարման եւ ռազմական արտադրանքի որակի հսկողությունը:
իե. կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների եւ առաջադրանքների համակարգումը:
իզ. իրականացնում է ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ::
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել 7.1-ին հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 7.1. ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող այլ պետական մարմինները`
1) հանդես են գալիս որպես պետական պատվիրատու.
2) մասնակցում են ռազմական կարիքների համար պետական պատվերի մշակմանը.
3) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական պատվերի կատարման եւ ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.
4) իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են միջպետական ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը,
5) մասնակցում են ռազմատեխնիկական քաղաքականության իրականացմանը,
6) իրականացում են ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «կատարման ժամանակացույցի եւ» բառերը հանել, իսկ «միջոցառումների» բառից հետո լրացնել «եւ գնման ընթացակարգերի, իսկ կատարման ժամանակացույցը հաստատվում է ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 15- րդ հոդվածի 1-ին մասի
1. 2-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «` կնքված պայմանագրերի մասին տեղեկացնելով Պետական լիազոր մարմին» բառերով
2. 7-րդ կետի «փորձարկումներ» բառից հետո լրացնել «, ընդ որում զորավարժարանային փորձարկումների անհրաժեշտության դեպքում փորձարկումները անցկացվում են ՀՀ ՊՆ զորավարժարաններում.» բառերով:
3. 14-րդ կետի «միջոցով» բառից հետո լրացնել «պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի իրավասու ներկայացուցչի մասնակցությամբ եւ ընդունումը հավաստող համապատասխան ակտով » բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի
1. 1-ին կետում «հիմնավորում է» բառը փոխարինել «տրամադրում է» բառով, իսկ «սահմանում է» բառից առաջ լրացնել «իսկ պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ» բառերը:
2. 8-րդ կետում «կատարողների հետ համատեղ պատրաստած» բառերը հանել
3. 11-րդ կետում «լիազոր» բառից առաջ լրացնել «պետական» բառը:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.
«7) Ռազմական արտադրանքի ներքին արտադրողի խրախուսումը:
ՀՈԴՎԱԾ 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 7-րդ կետերը, 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 15-րդ հոդվածում 1-ին մասի 5-րդ եւ 11-րդ կետերը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը եւ 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերը:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի լիազորությունները եւ գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Վերոգրյալով պայմանավորված ինչպես նաեւ պետական պատվերի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով նախագծերով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում: Մասնավորապես «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում ռամարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթները տարանջատվել են երկու մասի` դրանց մի մասը վերապահելով ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին, մյուս մասը ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմիներին` իրենց իրավասության սահմաններում:
Միաժամանակ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է պետական պատվերի ցանկի հաստատման իրավասությունը վերապահել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնին:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը.
Նախագծերի ընդունմամբ կապահովվի ռազմարդյունաբերության ոլորտում պետական պատվերի մասով գործառույթների տարանջատումը եւ պետական պատվերի միասնական քաղաքականությունը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագծերը մշակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարարության կողմից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2020 թվականի N 527 - Ա
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 10
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2020 թվականի N 451 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 13
Երեւան
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 527-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ