Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-575-17.04.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3323 -րդ հոդվածում`

1. 1-ին մասից հանել «Պաշտոնատար անձի կողմից» բառերը,

2. 1-ին եւ 2-րդ մասերում «լիազորությունների» բառը փոխարինել «գործունեության» բառով

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

«2.1. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման կարեւոր երաշխիք է նաեւ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող վարքագծի քրեականացումը: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածի առաջին մասը հանցագործություն է համարում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:

Նկարագրված նորմով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու սուբյեկտ կարող է լինել միայն պաշտոնատար անձը: Կարծում ենք, այսպիսի կարգավորումը սահմանում է սուբյեկտային առումով քրեաիրավական ազդեցության նեղ շրջանակ: Փաստաբանի գործունեությունը խոչընդոտող սուբյեկտների շարքը պետք է անհամեմատ ավելի լայն լինի: Առկա օրենսդրական կարգավորումը չի ընդգրկում այն իրավիճակները, երբ, օրինակ, ոչ թե պաշտոնատար անձն է ուղղակիորեն խոչընդոտում փաստաբանի աշխատանքը, այլ պաշտոնատար անձ չհանդիսացող անձինք` վերջիններիս դրդմամբ կամ հրահրմամբ:

Ուստի, անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությանը:

Խնդրահարույց է նաեւ 3323 -րդ հոդվածով նախատեսված սանկցիան: Այսպես, նշված հոդվածով պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

Գործունեության պատշաճ իրացման համար սահմանված պաշտպանության մակարդակի տեսանկյունից, օրինակ, կարելի է առանձնացնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը, որտեղ ոչ միայն ավելի լայն է լրագրողի գործունեությունը խոչընդոտող սուբյեկտների շարքը, այլեւ առանձնացված է պաշտոնատար անձին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, որի համար նախատեսված է անհամեմատ խիստ սանկցիա եւ պատժվում է` տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Դրա հետ մեկտեղ, սուբյեկտների ավելի լայն շարք, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով (մինչեւ 10 տարի ժամկետով` պայմանավորված հանցակազմի ծանրության աստիճանով) պատիժ է նախատեսված նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածով` պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելու դեպքերում:

Ուստի, փաստաբանների կողմից իրենց գործունեության պատշաճ իրականացման համար եւս առկա է անհրաժեշտություն վերը նշված մակարդակի պաշտպանություն ապահովելու համար:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում առկա են կարգավորումներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում քրեական գործով վարույթի մասնակիցների, այդ թվում` փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման:

Այսպես, Սերբիայի քրեական օրենսգրքի արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ 336-րդ «բ» հոդվածի համաձայն` հանցանք կատարելու, ուժի, սապառնալիքի կիրառմամբ կամ այլ կերպ դատավորի, դատախազի, դատախազի տեղակալի կամ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ դրանք կանխելը պատժվում է ազատազրկմամբ` 6 ամսից մինչեւ 5 տարի ժամկետով եւ տուգանքով:

Փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ առավել ընդհանրական ձեւակերպում պարունակող հանցակազմեր են նախատեսված, օրինակ, Ղազախստանի քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի` փաստաբանի, ինչպես նաեւ քրեական վարույթի ընթացքում անձի եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները եւ օրինական շահերը պաշտպանող այլ անձանց օրինական գործունեությանը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական օգնության մատուցմանը կամ նման գործունեության ինքնուրույնությանը եւ անկախությանը խոչընդոտելը, եթե այդ գործունեությունն էական վնաս է պատճառել անձանց եւ քաղաքացիների իրավունքներին, ազատություններին եւ օրինական շահերին, իրավաբանական անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, պետության եւ հասարակության օրենքով պահպանվող շահերին, պատժվում է` տուգանքով, տուգանքի չափով ուղղիչ աշխատանքներով, մինչեւ 2 տարի ազատության սահմանափակումով կամ նույն ժամկետով ազատազրկմամբ:

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի` նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնական դիրքի չարաշահմամբ` պատժվում է` տուգանքով, տուգանքի չափով ուղղիչ աշխատանքներով, մինչեւ 3 տարի ազատության սահմանափակումով կամ նույն ժամկետով ազատազրկմամբ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Ըստ Լիտվայի քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի` անձը, ով, ցանկացած եղանակով, խոչնդոտում է դատավորի, դատախազի, մինչդատական վարույթն իրականացնող անձի, փաստաբանի (...) պարտականությունների կատարմանը (...)` պատժվում է` տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ մինչեւ 2 տարի ժամկետով:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածով նախատեսված սանկցիայի հետ համեմատած ուսումնասիրության առարկա դարձած վերոհիշյալ պետությունների քրեական օրենսգրքերով ոչ միայն նախատեսված է խոչընդոտող սուբեկտների ավելի լայն շարք, այլ նաեւ անհամեմատ ավելի խիստ սանկցիա:

Անհրաժեշտ է արձանագրել, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքը եւ հատկապես` նրանց աշխատանքն ազատությունից զրկման վայրերում ենթակա է բարձր պաշտպանության, իսկ հիշյալ լրացումը կապահովի փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը եւ իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը:

Նշված լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հատուկ ընդգծել է փաստաբանի մասնագիտության կենտրոնական դերն արդարադատության համակարգում եւ իրավունքի գերակայության ապահովման գործում: Ինչպես նշել է Եվրոպական դատարանը, առանց անհարկի խոչընդոտների իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու փաստաբանների ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության էական բաղադրիչ եւ անհրաժեշտ նախապայման Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջների իրագործման համար (տե՛ս Էլչին ու ուրիշներն ընդդեմ Թուրքիայի վճիռը, գանգատներ թիվ  23145/93 եւ 25091/94, կետ 669):

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրված իրավակարգավորումներով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը:

Բացի այդ, առաջարկվում է 3323 -րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ եւ 319-րդ հոդվածներին` խստացնելով փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված սանկցիան:

Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ գործող Օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին մասում առկա լիազորությունների բառի գործածումն արդարացված չէ, քանի որ ոլորտը կարգավորող օրենսդրությունը, մասնավորապես` «Նոտարիատի մասին» օրենքը (2001 թվականի դեկտեմբերի 4-ի) եւ «Փաստաբանության մասին» օրենքը (2004 թվականի դեկտեմբերի 14-ի) գործածում են գործունեություն բառը համապատասխանաբար նոտարի գործունեություն եւ փաստաբանական գործունեություն եւ հետեւապես տերմինների համապատասխանեցումը ՀՀ Քրեական օրենսգրքում եւ ոլորտները կարգավորող օրենքներում անհրաժեշտություն է:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ փաստաբանը հնարավորություն կունենա լիարժեք իրացնել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունները, կապահովվի փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը եւ իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը:

Արդյունքում, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ` փաստաբանի կողմից իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար:
 
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

 «16» ապրիլ, 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո՛ պարոն Միրզոյան

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը:

Գրությանը կից ներկայացվում են`

1. Նախագիծը (հիմնական զեկուցող` Նիկոլայ Բաղդասարյան)

2. Նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`       ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ