Հոդված 2. Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասը «500 հազար» բառերից առաջ լրացնել «1 միլիոն» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներոդ օրը եւ տարածվում է 2020 թվականի ապրիլի 20-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, եթե տույժերի հաշվարկը սկսվել է մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը:
Սույն օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան` Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի հիմնական նպատակը կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների, կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմումն է` հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու արդյունքում տույժերի տեսքով գոյացող հարկային բեռի նվազեցումը եւ չկատարված հարկային պարտավորությունների մինչեւ որոշակի շեմը այդ պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման գործիքի չկիրառումը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:
ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` չկատարված հարկային պարտավորության չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է.
Ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Ընդ որում, մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով մինչեւ դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը:
2. Արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող` Միքայել Մելքումյան)
բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ` ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ