Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է ընդունել պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաեւ սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված` ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության եւ նույն գլխով սահմանված կարգով ընդունված պայմանագրերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալների, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը եւ բովանդակությունը, ուղղման առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտեր:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «շարժական գույքի կադաստրի վարում» հասկացության «սույն օրենքում նշված պետական կառավարման» բառերը փոխարինել «Կառավարության լիազորված» բառերով.
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում`
1) 2-րդ կետում «ունեցող» բառից հետո լարցնել «կամ ունեցած անձանց` այդ թվում» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) գործարքների կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկությունները` այդ գործարքների կողմերին կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում 3-րդ մասում «ծածկագրման» բառից հետո լրացնել «եւ կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման» բառերը:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «ռեգիստրը» բառը փոխարինել «ռեգիստրի ղեկավարը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածով նախատեսված հատակագծերի ձեւերը, հատակագծերին ներկայացվող պահանջները եւ հատակագծերի ներկայացման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը: Սույն մասով նախատեսված հատակագծերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով` անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:»:
Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասում «լիազորված անձի» բառերից հետո լրացնել «կամ նրա օրինական ներկայացուցչի կամ դատական ակտի հիման վրա գույքը կամ դրա մասը օտարելու կամ այլ գույքային իրավունքով ծանրաբեռնելու իրավասություն ունեցող անձի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ եւ 3.4-րդ մասերով.
«3.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ կամ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված անվճար հայցվող տեղեկատվության դեպքերում դիմողի ինքնությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա, առանց որի դիմում չի ընդունվում:
3.2. Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումով սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ կամ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված անվճար հայցվող տեղեկատվության դեպքերում դիմումը պետք է հաստատված լինի դիմումը ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
3.3. Փոստային կապի միջոցով ներկայացված տեղեկատվության տրամադրման դիմումով կարող է պահանջվել միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող եւ վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ:
3.4. Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:».
2) 4-րդ մասում`
ա. 1-ին կետում «տեղեկություն» բառից հետո լրացնել «եւ տեղեկատվությունը հայցող անձը չունի դրան առնչվելու համապատասխան իրավունք» բառերով,
բ. 2-րդ կետում «տեղեկություն» բառից հետո լրացնել «եւ տեղեկատվությունը հայցող անձը չունի այն ստանալու իրավունք» բառերով.
3) 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության մեջ նշվում են իրավունքի տեսակը, անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը, ինչպես նաեւ գույքի գտնվելու վայրը բնութագրող տեղեկություններ:».
4) 9-րդ մասում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «էլեկտրոնային կամ ինքնաշխատ եղանակով» բառերով.
5) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դիմումների ներկայացման եւ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի առանձնահատկությունները, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ ինքնաշխատ եղանակով փաթեթով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
Սույն օրենքի իմաստով փաթեթ է համարվում ինքնաշխատ եղանակով տրամադրվող առնվազն չորս վճարովի տեղեկությունների համախումբը:»:
Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Դիմումով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3.1-ին, 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով սահմանված պահանջները պահպանված չլինելը կամ տեղեկատվության տրամադրման ծառայության մատուցման համար սույն օրենքով սահմանված չափով գումարը վճարած չլինելը, բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի, հիմք է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար:»:
Հոդված 11. Օրենքի 33.1-ին հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում ներառվող այլ տեղեկությունները եւ դրանց տրամադրումը».
2) 1-ին մասում «ներկայացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն եւ արգելք հանդիսացող սահմանափակումների (պատմամշակույթային, քաղաքաշինական, առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման եւ այլն) մասին» բառերով:
Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանել «նախագծային փաստաթղթերի մշակման համար տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը,» բառերը:
Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «նման գրանցման գործողության ընթացքում» բառերը.
2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1 Եթե ամուսնության ընթացքում ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը դիտարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է միայն ամուսիններից մեկը, ապա ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:».
3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված` ամուսինների համատեղ դիմումը համարվում է ամուսինների կողմից տրված հայտարարություն այն մասին, որ նրանց միջեւ չի կնքվել պայմանագիր կամ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով պետական գրանցման ներկայացված գույքի նկատմամբ փոփոխվել է ընդհանուր սեփականության շրջանակը:».
4) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1 Ամուսնալուծված նախկին ամուսինների դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կանոնները` ամուսնալուծության վկայականի ներկայացման առանձնահատկությամբ:».
5) 3-րդ մասում «այլ փաստաթղթի» բառերից հետո լրացնել «կամ անձը հաստատող փաստաթուղթը տրամադրող լիազոր մարմնի տրված փաստաթղթի» բառերով.
6) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասով նախատեսված` ֆիզիկական անձանց անվան փոխման կամ իրավաբանական անձանց անվանման փոփոխության պետական գրանցման վկայականի իսկական օրինակը ներկայացվելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է եւ իսկական օրինակը վերադարձնում դիմողներին:»:
Հոդված 14. Օրենքի 48-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ստորագրության իսկության ճանաչման նպատակով պայմանագրի յուրաքանչյուր կողմը պայմանագրիրը պետք է ստորագրի անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից) ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի եւ պայմանագրի մյուս կողմի (կողմերի) ներկայությամբ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված դիմումը եւ պայմանագիրը պետք է ընդունվի սույն հոդվածի 3-րդ մասում նշված ստորագրությունների իսկությունը ճանաչելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:»:
Հոդված 15. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում`
1) առաջին պարբերության «կամ իրավաբանական անձանց լրիվ անվանումները (ներառյալ` իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձեւը)` առանց հապավումների կամ կրճատումների» բառերը փոխարինել «, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը» բառերով.
2) երկրորդ պարբերությունում «ստորագրվեն» բառից հետո լրացնել «պայմանագրի կողմերի եւ կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից» բառերով:
Հոդված 16. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 11.5-րդ կետում «տրամադրման համար» բեռերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.8-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով
2) 11.6-րդ կետում «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «եւ դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների» բառերով, իսկ «տրամադրման համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.7-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.7-րդ, 11.8-րդ եւ 11.9-րդ կետերով
«11.7) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի եւ դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.
11.8) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որեւէ մասի նկատմամբ միեւնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.
11.9) միեւնույն սուբյեկտին որեւէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 1000 դրամ.».
4) 12-րդ կետում`
ա. «9-11.6-րդ» բառերը փոխարինել «9-11.9-րդ» բառերով, իսկ «, ինչպես նաեւ միեւնույն սուբյեկտին որեւէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության» բառերը հանել.
գ) «ա», «բ», «գ», «դ» ենթակետերից հանել «կամ սուբյեկտի» բառերը.
5) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու համար`
ա. թղթային տարբերակով` յուրաքանչյուր էջը` 30 դրամ.
բ. էլեկտրոնային տարբերակով ` յուրաքանչյուր էջը` 10 դրամ.
Ընդ որում, եթե կադաստրային գործի փաստաթղթերից լուսապատճեններ տրամադրելու դիմումի բովանդակությունից կամ էությունից պահանջվում է սույն մասի 11.1-11.9-րդ կետերով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի լուսապատճեններ, բացառությամբ կադաստրային գործի բոլոր փաստաթղթերի լուսապատճենների, ապա գանձվում է նաեւ այդ կետերով նախատեսված համապատասխան վճարները.».
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 27-րդ եւ 28-րդ կետերով.
«27) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար` 300 դրամ.
28) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկությունների առկա յուրաքանչյուր փաթեթում ներառված տեղեկատվության համար` 1000 դրամ:»:
Հոդված 17. Օրենքի 74-րդ հոդվածում`
1) 6-րդ մասում «2-րդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 2-րդ աշխատանքային օրը» բառերով.
2) 9-րդ մասում «3-րդ, 5-րդ եւ 6-րդ» բառերը փոխարինել «3-րդ եւ 5-րդ» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետով.
«13. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 27-րդ եւ 28-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անմիջապես` անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով նույն կետով սահմանված վճարը կատարելուց հետո, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն օրենքի 75-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի:»:
Հոդված 18. Օրենքի 75-րդ հոդվածում`
1) 4-րդ մասում «պետական կառավարման մարմիններին» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ եւ 7-րդ մասեր.
«6. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվության տրամադրման արտոնությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի, չեն տարածվում սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ եւ 28-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրման վրա:
7. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված մարմինները եւ անձիք անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին անվճար տեղեկատվության ստացման նպատակով դիմում են լիազոր մարմնին: Դիմումի ներկայացման, տեղեկատվություն հայցելու եւ այն տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը եւ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին անվճար տեղեկատվություն ստանալու նպատակով դիմումի ներկայացման, տեղեկատվություն հայցելու եւ այն տրամադրելու կարգը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հատակագծերի ներկայացման կարգը անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
4. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված` միայն էլեկտրոնային եղանակով հատակագծերի ներկայացման պահանջը տարածվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգը սահմանելուց հետո կազմված հատակագծերի վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Կադաստրի կոմիտեի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ, եւ կոմիտեն հանձն է առել իրականացնելու նոր համակարգային բարեփոխումներ, որոնց իրականացման միջոցառումները նախատեսվել են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով, այն է առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում: Այն ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում:
Օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 560-Լ որոշմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում: Այսպիսով կոմիտեի առջեւ դրված են այնպիսի խնդիրներ եւ պահանջներ, որոնք ենթադրում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հետեւյալը.
Նախագծի 1-ին հոդվածով (Օրենքի 1-ին հոդված) պետական ռեգիստրի ղեկավարին իրավունք է տրվում պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով ընդունելու պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաեւ անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության, այդ թվում` պայմանագրերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող ներքին իրավական ակտեր:
Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով (Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաս) կատարվող լրացումը նպատակ ունի ընդլայնելու օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով եւ կարգով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն ստանալու շրջանակը, մասնավորապես գործարքների կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկությունների մասով` այդ գործարքների կողմերին կամ նրանց համաձայնությամբ` այլ անձանց:
Նախագծի 4-րդ հոդվածում լրացվող Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգի հաստատումն է Կառավարության կողմից:
Նախագծի 6-րդ հոդվածով (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետ) նախատեսվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթներից հանել ՀՀ հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողությունը, քանի որ անշարժ գույքի պետական ռեգիստրը վերահսկողական գործառույթ չի իրականացնում:
Նախագծի 7-րդ հոդվածով (Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մաս) կատարվող փոփոխությունը նպատակ ունի դիմումատուին ազատել թղթային տեսքով հողամասի կամ շինությունների հատակագծերի ներկայացման պարտականությունից: Նշված փոփոխությամբ դիմումատուն պետք է ներկայացնի միայն որակավորված անձի կողմից տրված գաղտնաբառը, որը ինքնաշխատ գեներացվելու է որակավորված անձի կողմից կազմված փաստաթղթերը անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց:
Նախագծի 8-րդ հոդվածով (Օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մաս) նախատեսվում է ընդլայնել մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինելու համար դիմող անձանց շրջանակը:
Նախագծի 9-րդ հոդվածում (Օրենքի 32-րդ հոդված) կատարվող լրացումը նպատակ ունի հստակեցնելու Օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով եւ կարգով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն ստանալու համար դիմումատուի կողմից դիմումը անձամբ սպասարկման գրասենյակ ներկայացնելու կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում պարտադիր էլեկտրոնային ստորագրության սահմանումը: Բացի այդ` սահմանվում է նաեւ ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրման կարգը, նման եղանակով տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը, ինչպես նաեւ իրավունք է տրվում, որ ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ ինքնաշխատ եղանակով տրամադրվող եւ յուրաքանչյուր փաթեթում ներառվող վճարովի տեղեկությունների ցանկը (առնվազն չորս տեղեկություն) սահմանի անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը, իսկ ՀՀ տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու է կառավարությունը: Նոր լրացվող` 6.1-ին կետով հստակեցվում է տրամադրվող տեղեկատվության տրամադրման բնույթը:
Նախագծի 10-րդ հոդվածով (Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մաս) նախատեսվող խմբագրությամբ հստակեցվում են տեղեկատվության տրամադրումը կասեցնելու հիմքերը:
Նախագծի 11-րդ հոդվածով (Օրենքի 33.1-ին հոդված) նախատեսվում է ընդլայնել անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլվող տեղեկությունների շրջանակը` դրանում ներառելով նաեւ համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված ՀՀ օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն եւ արգելք հանդիսացող սահմանափակումների մասին տեղեկությունները (պատմամշակութային, քաղաքաշինական, առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման եւ այլն):
Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասից հանվում է «նախագծային փաստաթղթերի մշակման համար տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը,» բառերը, քանի որ 2021 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ է մտնում օրենքում փոփոխություն կատարելու մասին (22.01.2020 թ. ՀՕ-6-Ն օրենք), ըստ որի հանվում է նաեւ շինության նախագիծը ներկայացնելու պահանջը:
Նախագծի 13-րդ հոդվածով (Օրենքի 43-րդ հոդված) նախատեսվում է, որ եթե գույքը ձեռք է բերվել ամուսնության ընթացքում եւ նրանց համատեղ սեփականությունը դիտարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է միայն ամուսիններից մեկը, ապա երկուսի համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել վերջիններիս համատեղ սեփականության իրավունքը:
Նշված հոդվածով նախատեսվում է որպես ամուսինների համատեղ դիմում համարել նաեւ նրանց կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով պետական գրանցման ներկայացված գույքի նկատմամբ փոփոխվել է ընդհանուր սեփականության շրջանակը: Նույն հոդվածի լրացվող` 2.1-ին կետով սահմանվում է նաեւ ամուսնալուծված ամուսինների համար կիրառվող առանձնահատկությունները` համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի մասով: Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի լրացմամբ նախատեսվում է, որ ֆիզիկական անձի անվան կամ իրավաբանական անձի անվանվան հետ կապված գրանցման մատյանում կատարվող տվյալների փոփոխության համար հիմք է նաեւ անձը հաստատող փաստաթուղթը տրամադրող լիազոր մարմնի կողմից տրված փաստաթուղթը:
Նախագծի 14-րդ հոդվածով (Օրենքի 48-րդ հոդված) նախատեսվում է ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով պայմանագրի բոլոր կողմերի միաժամանակյա ներկայության ապահովումը, իսկ այդ պայմանագրից ծագող իրավունքի գրանցման դիմումն ու պայմանագիրը պետք է ընդունվի կոնկրետ ստորագրությունների իսկությունը ճանաչող պաշտոնատար անձի կողմից:
Նախագծի 15-րդ հոդվածով (Օրենքի 49-րդ հոդված) պարզեցվում եւ հստակեցվում են ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրերին առաջադրվող պահանջները:
Նախագծի 16-րդ հոդվածի (Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մաս) նոր լրացվող` 11.7-րդ, 11.8-րդ եւ 11.9-րդ կետերով նախատեսվում է էժանացնել գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար
Օրենքով սահմանված վճարը` 1'000 դրամի փոխարեն գանձելով 500 դրամ:
Նախատեսվող փոփոխությամբ հստակեցվում է 12-րդ կետը: 15-րդ կետով նախատեսվում է վճար նաեւ էլեկտրոնային տարբերակով կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճենների տրամադրման համար:
Նոր լրացվող` 27-րդ եւ 28-րդ կետերով սահմանվում է նոր վճար, որի արդյունքում շուրջ 3-ից ավելի անգամ նվազում է ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրումը:
Նախագծի 17-րդ հոդվածով (Օրենքի 74-րդ հոդվածի 6-րդ մաս) նախատեսվող փոփոխությամբ նվազեցվում է նոր նմուշի վկայական տրամադրելու ժամկետը:
Միաժամանակ նույն հոդվածի նոր լրացվող` 13-րդ կետով նախատեսվում է հստակեցնել ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրման ժամկետները` վճարի մասով սահմանելով արտոնություն ֆիզիկական անձանց համար:
Նախագծի 18-րդ հոդվածով (Օրենքի 75-րդ հոդվածի 4-րդ մաս) նախատեսվում է, Օրենքով նախատեսված մյուս մարմիններից բացի, անվճար տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռել նաեւ ՀՀ մարզպետարաններին: Նույն հոդվածի նոր լրացվող` 6-րդ մասով նախատեսվում է, որ ինքնաշխատ եղանակով պահանջվող տեղեկատվության համար արտոնություններ, բացառությամբ ֆիզիկական անձանց, չկիրառվեն, եւ այն չի կարող տրամադրվել անվճար:
Նախագծի մյուս փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ կամ նախատեսվում են Օրենքում կատարել որոշակի շտկումներ, բացթողումներ (Օրենքի 2-րդ, 15-րդ, 49-րդ հոդվածներ, 74-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ մասեր, 75-րդ հոդվածի 4-րդ մաս):
3. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունմամբ հնարավորություն է տրվելու պետական ռեգիստրի ղեկավարին ընդունելու պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաեւ անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության, այդ թվում` պայմանագրերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող ներքին իրավական ակտեր: Վերջինս է սահմանելու անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ ինքնաշխատ եղանակով տրամադրվող եւ յուրաքանչյուր փաթեթում ներառվող վճարովի տեղեկությունների ցանկը (առնվազն չորս տեղեկություն), իսկ ՀՀ կառավարությանն է վերապահվում սահմանելու կադաստրային քարտեզներում (հատակագծերում) հայտնաբերված սխալների ուղղման կարգը:
Ընդլայնվելու է սահմանափակված մատչելիությամբ տեղեկատվություն ստացող անձանց շրջանակը, մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինելու համար դիմող անձանց շրջանակը, ինչպես նաեւ անշարժ գույքի իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլվող սահմանափակումների մասին տեղեկությունների շրջանակը (պատմամշակութային հուշարձան եւ այլն): Նախատեսվում է կարգավորել եւ հստակեցնել նաեւ ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքային հարաբերություններին առնչվող հարցերը:
Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կազմից տեղեկատվության էլեկտրոնային, ինչպես նաեւ ինքնաշխատ եղանակով տրամադրման կարգը, ժամկետները, մերժման հիմքերը, վճարները, ինչն էլ ավելի կդյուրացնի տեղեկատվություն հայցողների գործողությունները, կկրճատի ժամանակը, որն էլ իր հերթին կնպաստի ՀՀ դիրքի բարելավմանը «Գործարարությամբ զբաղվելը զեկույց»-ում:
Հստակեցվում է ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրին առնչվող որոշակի դրույթներ:
Նախատեսվում է էժանացնել գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար Օրենքով սահմանված վճարները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2020 թվականի N 520 - Ա
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
2. Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 10
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2020 թվականի N 478 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 22
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 520-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ