Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-277-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 20-րդ կետում «պետական բյուջեով նախատեսված այլ ծրագրերով սահմանված հատկացումները» բառերը փոխարինել «պետական բյուջեով նախատեսված կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետով հաստատված այլ ծրագրերով սահմանված հատկացումները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19- 21-րդ կետերով.
«19) 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում բռնկված եւ կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում տարածված եւ 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարի, հիվանդության հետեւանքների (այդ թվում՝ տնտեսական) չեզոքացման եւ վերացման նպատակով փոփոխություններ կատարել սույն օրենքի N 1 եւ N 3 հավելվածներում, այդ թվում, բայց չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, նշված, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված եկամուտների հաշվին սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերը եւ ելքերն ավելացնելու, սույն օրենքով չնախատեսված ծրագրեր եւ միջոցառումներ հաստատելու, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը ոչ ավելի, քան Կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձում նշված 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի՝ 6,485 մլրդ դրամի 5.0 տոկոսն ավելացնելու եղանակներով: Ընդ որում՝ սույն կետով նախատեսված նպատակներով իրականացվող բյուջետային ելքերի ֆինանսավորման համար, ըստ անհրաժեշտության, դրանց ֆինանսավորմանն ուղղել առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) եւ պետական արժեթղթերի (այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի) իրացումից ստացված միջոցների՝ սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները եւ պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերը, ինչպես նաեւ 2020 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները.
20) կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարին, հիվանդության հետեւանքների (այդ թվում նաեւ՝ տնտեսական) չեզոքացմանը եւ վերացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը.
21) կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարին, հիվանդության հետեւանքների (այդ թվում նաեւ՝ տնտեսական) չեզոքացմանը եւ վերացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանաչափը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: