Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-587-23.04.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6-րդ կետում «հոդվածի համաձայն ստեղծված պետական հատուկ» բառերը փոխարինել «հոդվածով նախատեսված» բառերով.

2) 7-րդ կետը շարադրել  նոր խմբագրությամբ.

«7) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների իրականացումը համակարգող, ինչպես նաեւ կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը «սահմանափակում» բառից հետո լրացնել «տեղաշարժման նորմավորում» բառերով.

2) 1-ին կետից հետո լրացնել նոր` 1.1-ին կետ.

«1.1) համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում` անձնական ազատության իրավունքի սահմանափակում` համաճարակի տարածումը կանխելու նպատակով.».

3) 3-րդ կետում «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, ուսումնական գործընթացի կազմակերպման եւ իրականացման պայմանով սահմանափակումներ» բառերով.

4) 5-րդ կետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «եւ դրանց մասնակցելու» բառերով.

5) 7-րդ կետը «իրականացում» բառից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ուղեւորների քանակի նորմավորում» բառերով.

6) 9-րդ կետը «լիազորությունների» բառից հետո լրացնել «եւ գործառույթների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության» բառերով, իսկ «կասեցում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն կետում նշված մարմինների եւ կազմակերպությունների գործառույթների իրականացման ձեւերի եւ եղանակների ժամանակավոր փոփոխություն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկությունները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության պարետ (այսուհետ` պարետ):

2. Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը: Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում պարետը կարող է ստեղծել եւ ղեկավարել պարետատուն` որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին: Պարետատան կազմը եւ գործունեության կարգը սահմանում է պարետը:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում` պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմինները եւ պետության կողմից հիմնադրված կամ պետության մասնակցությամբ կազմակերպությունները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները` միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր` 5-րդ մասով.

«5. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված սահմանափակումները եւ միջոցառումները կարող են կիրառվել նաեւ որպես սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված` իրավունքների եւ ազատությունների պայմանով սահմանափակում կամ միջոցառումների պայմանով կիրառում: Սույն մասով սահմանված դեպքերում սահմանափակումների եւ միջոցառումների կիրառման պայմանները սահմանվում են Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ պարետի կողմից:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին եւ կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը:

5. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների եւ տնտեսական հետեւանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ ստեղծված պարետատունը շարունակում է գործել որպես պարետին կից խորհրդակցական մարմին` նույն որոշմամբ սահմանված կազմով եւ կարգով, իսկ պարետը շարունակում է գործել որպես սույն օրենքի իմաստով հանդես եկող պարետ:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պարետի կողմից ընդունված ակտերը շարունակում են գործել որպես փոխվարչապետի ենթաօրենսդրական ակտեր:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության պայմաններում մի շարք դեպքերում իրավիճակին օպերատիվ եւ արդյունավետ արձագանքելու անհրաժեշտություն է առաջանում, ինչը ենթադրում է իրավունքների եւ ազատությունների սահմանափակման եւ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված միջոցառումների կիրառման առավել հստակ եւ իրավիճակային դեպքերի սահմանում:

Չնայած արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ կիրառված սահմանափակումները եւ միջոցառումները ընդհանուր առմամբ ընդգրկվում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով սահմանված սահմանափակումների եւ միջոցառումների շրջանակում, սակայն իրավական որոշակիության եւ միջոցառումների կիրառման սահմանների եւ ծավալների հստակեցման առումով նպատակահարմար է առավել համապարփակ կարգավորումներ նախատեսել սահմանափակման ենթակա իրավունքների, ազատությունների եւ կիրառվող միջոցառումների առումով:  Ավելին` անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից կիրառվող սահմանափակումները միշտ չէ, որ պետք է համընդհանուր եւ անպայմանական բնույթ կրեն, այլ կարգավորման եւ իրավիճակի կառավարման ճկունությունից ելնելով` անհրաժեշտ է նաեւ նախատեսել նման սահմանափակումների եւ միջոցառումների պայմանով կիրառման հնարավորություններ` դրանով իսկ հնարավորություն տալով անձանց, սահմանափակումների կիրառմանը զուգընթաց, ապահովել իրենց մի շարք կենսական իրավունքների իրացումը:

 Միեւնույն ժամանակ, գործող օրենքով հստակեցման կարիք ունի համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում համաճարակի կանխման նպատակով անձանց անձնական ազատության իրավունքների սահմանափակման հնարավորությունը:

Մյուս կողմից, արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունների առավել համապարփակ կարգավորման իմաստով անհրաժեշտ է հստակեցնել պարետի եւ պարետատան կարգավիճակը` պետական կառավարման համակարգի եւ կառավարչական իրավահարաբերությունների ներկայիս համատեքստում, ինչպես  նաեւ պարետի կողմից ընդունվող ակտերի կարգավիճակը:

Հարկ է նշել, որ արտակարգ դրության ընթացքում պարետի կողմից ընդունվող ակտերը հրատապ բնույթ են կրում, ուղղված են ծագած խնդիրների համար օպերատիվ, արդյունավետ եւ ստեղված իրավիճակին համաչափ լուծումներ սահմանելուն: Նման պայմաններում, ակնհայտ է պարետի կողմից ընդունվող ակտերի նախագծերը փորձաքննության ոչ ենթակա իրավական ակտերի նախագծերի շարքում դասելու անհրաժեշտությունը: Նույն տրամաբանությամբ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերի` փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը: Հետեւաբար նպատակահարմար է նույն իրավական ռեժիմը սահմանել նաեւ ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերի համար:

Բացի այդ, ելնելով արտակարգ դրության հիմք հանդիսացած հանգամանքների հետեւանքով առաջացած սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման եւ արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքների ապահովման կարեւորությունից, ինչպես նաեւ արդեն իսկ գործնականում նման միջոցառումներ նախատեսելու հանգամանքից` հստակեցման կարիք ունեն Կառավարության կողմից անձանց աջակցություն տրամադրելուն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ կարգավորումները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով`

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

 Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել համապարփակ կարգավորումներ նախատեսել արտակարգ դրության իրավական ռեժիմի կիրառման համար` ներկայումս համաճարակի դեմ պայքարի շրջանակներում արտակարգ դրության իրավական ռեժիմի կիրառման առանձնահատկություններին համահունչ:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

23 ապրիլի 2020  թվականի  N  589  - Ա

«ԱՐՏԱԿԱՐԳ  ԴՐՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎԱԿԱՆ  ՌԵԺԻՄԻ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 73-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 589 -Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

 Հարգանքով`           ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ