Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-587-23.04.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ կետում «հոդվածի համաձայն ստեղծված պետական հատուկ» բառերը փոխարինել «հոդվածով նախատեսված» բառերով.

2) 7-րդ կետը շարադրել  նոր խմբագրությամբ.

«7) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների իրականացումը համակարգող, ինչպես նաեւ կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «սահմանափակում» բառից հետո լրացնել «տեղաշարժման նորմավորում» բառերով.

2) 1-ին կետից հետո լրացնել նոր՝ 1.1-ին կետ.

«1.1) համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում՝ անձնական ազատության իրավունքի սահմանափակում՝ համաճարակի տարածումը կանխելու նպատակով.».

3) 3-րդ կետում «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, ուսումնական գործընթացի կազմակերպման եւ իրականացման պայմանով սահմանափակումներ» բառերով.

4) 5-րդ կետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «եւ դրանց մասնակցելու» բառերով.

5) 7-րդ կետը «իրականացում» բառից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ուղեւորների քանակի նորմավորում» բառերով.

6) 9-րդ կետը «լիազորությունների» բառից հետո լրացնել «եւ գործառույթների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության» բառերով, իսկ «կասեցում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն կետում նշված մարմինների եւ կազմակերպությունների գործառույթների իրականացման ձեւերի եւ եղանակների ժամանակավոր փոփոխություն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկությունները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության պարետ (այսուհետ՝ պարետ):

2. Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը: Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում պարետը կարող է ստեղծել եւ ղեկավարել պարետատուն՝ որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին: Պարետատան կազմը եւ գործունեության կարգը սահմանում է պարետը:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում՝ պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել պետական կառավարման համակարգի այլ մարմինները եւ պետության կողմից հիմնադրված կամ պետության մասնակցությամբ կազմակերպությունները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ միջոցառումներն իրականացնելով որպես պատվիրակված լիազորություն:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով.

«5. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված սահմանափակումները եւ միջոցառումները կարող են կիրառվել նաեւ որպես սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ իրավունքների եւ ազատությունների պայմանով սահմանափակում կամ միջոցառումների պայմանով կիրառում: Սույն մասով սահմանված դեպքերում սահմանափակումների եւ միջոցառումների կիրառման պայմանները սահմանվում են Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ պարետի կողմից:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում՝ գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին եւ կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը:

5. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների եւ տնտեսական հետեւանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ ստեղծված պարետատունը շարունակում է գործել որպես պարետին կից խորհրդակցական մարմին՝ նույն որոշմամբ սահմանված կազմով եւ կարգով, իսկ պարետը շարունակում է գործել որպես սույն օրենքի իմաստով հանդես եկող պարետ:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պարետի կողմից ընդունված ակտերը շարունակում են գործել որպես փոխվարչապետի ենթաօրենսդրական ակտեր: