Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-588-23.04.2020-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 33.1-ին հոդվածով.

«Հոդված 33.1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը

Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում անձանցից ստացված բողոքի կամ իրավախախտումների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկության առկայության դեպքում, ոլորտի լիազորված տեսչական մարմինը իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն` օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում «եւ 6-րդ» բառերը փոխարինել «, 6-րդ եւ 11-րդ»  բառերով, իսկ «նպատակով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այդ դեպքերով պայմանավորված» բառերը:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 106.1-ին հոդվածով.

«Հոդված 106.1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում աշխատանքային պարտականությունների ժամանակավոր կատարումը հեռավար եղանակով

1. Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հեռավար եղանակով աշխատանքի իրականացումը սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում` հեռավար եղանակով, չօգտագործված ամենամյա արձակուրդի օրեր ունենալու պարագայում` աշխատողի պահանջով գործատուն աշխատողին տրամադրում է ամենամյա արձակուրդ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.

«5) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, եթե այդ դեպքերով պայմանավորված` աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով.

6) ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների` չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչեւ տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով` աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասում «180 ժամը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերի, որոնց առկայության պայմաններում արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 8 ժամը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 186-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «առնվազն» բառով.

2) 6-րդ մասում «չի վճարվում» բառերը փոխարինել «կարող է չվճարվել» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս.

«7. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումը, որոնց դեպքում հնարավոր չէ իրականացնել աշխատանքային պարտականությունները, համարվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անհաղթահարելի ուժ:»:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 187.1-ին հոդվածով.

«Հոդված 187.1. Հատուկ դեպքերում աշխատանքի վարձատրությունը

1. Եթե տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում` այդ դեպքերով պայմանավորված` աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով, ապա աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

2. Ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների` չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում` մինչեւ տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով, ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է, եթե աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը բացակայել է մինչեւ երկու ժամ:

Սույն մասում նշված դեպքերում աշխատանքային օրվա ընթացքում երկու ժամից ավելի բացակայելու, ինչպես նաեւ ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

3. Սույն օրենսգրքի 106.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է:»:

Հոդված 8. Օրենսգրքի 220-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 220. Աշխատանքային կարգապահության խախտումը

1. Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
2. Աշխատանքային կարգապահության խախտում չի համարվում.

1) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատողի աշխատանքի չներկայանալը  կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը.

2) ուսումնական (այդ թվում` նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների` չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչեւ տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ  ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը:»:

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում ինչպես 2020 թվականի մարտի 16-ի դրությամբ, այնպես էլ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: