Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-596-30.04.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

  ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը, առարկան եւ գործողության ոլորտը

1. Սույն օրենքի նպատակն է`

1) ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն.

2) երաշխավորել խմբագրական անկախության եւ կարծիքի արտահայտման ազատության իրավունքը.

3) ապահովել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող մարմնի անկախությունը.

4) ապահովել հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը.

5) ապահովել, օժանդակել եւ զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը.

6) ապահովել տեսալսողական տեղեկատվության տարածքի պաշտպանությունն ու զարգացումը:

2. Սույն օրենքը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

3. Սույն օրենքը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության վրա.

4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

1) սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված եւ գործող տեսալսողական մեդիածառայությունների վրա.

2) սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված եւ գործող տեսալսողական տեղեկատվություն տարածողների վրա.

3) տեսալսողական մեդիածառայությունների դիստրիբյուտորների վրա.

4) տեսալսողական մեդիածառայության ոլորտը կարգավորող մարմնի վրա.

5) հանրային տեսալսողական մեդիածառայության գործունեությունը վերահսկող մարմնի վրա.

5. Սույն օրենքի նպատակով տեսալսողական մեդիածառայությունը եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե համապատասխանում է հետեւյալ պահանջներից մեկին.

1) հիմնական տեղակայումը եւ տեսալսողական տեղեկատվության սփռումը Հայաստանի Հանրապետության տարածքում է.

2) տեսալսողական մեդիածառայության աշխատակիցը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում` անկախ տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվության վերաբերյալ խմբագրական որոշումների ընդունման վայրից, եւ տեսալսողական տեղեկատվության սփռումը Հայաստանի Հանրապետության տարածքում է:

6. Տեսալսողական մեդիածառայությունը եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողը, որը չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասի պահանջներին, համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող հետեւյալ դեպքերում.

1) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած հաճախականությունը.

2) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած սլոթը.

3) օգտագործում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված կայանը արբանյակային ազդանշանի համար.

4) օգտագործում է Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվող ինտերնետ-կապը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության տեսալսողական տեղեկատվության մասին օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, տեսալսողական տեղեկատվության ոլորտը կարգավորող մարմնի իրավական ակտերը, տեղեկատվության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) տեսալսողական մեդիածառայություն` կարգավորող պետական մարմնի կողմից հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կազմում եւ օգտատիրոջն է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն եւ խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար.

2) կարգավորող պետական մարմին` մարմին, որը համապատասխանում է հետեւյալ պահանջներին.

ա) ստեղծված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով.

բ) իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն.

գ) պետական մարմին է.

դ) ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

ե) իրավասու է ընդունել անհատական, ներքին եւ նորմատիվ իրավական ակտեր.

զ) կառավարության ենթակայության տակ չէ եւ չունի այլ վերադաս վարչական մարմին.

է) Ազգային ժողով է ներկայացնում գործունեության մասին տարեկան հաղորդում.

3) տեսալսողական տեղեկատվություն տարածող` լիցենզիա ստացած ցանցային կամ մուլտիպլեքս օպերատոր, որն օգտատերերին առաջարկում է հաղորդակցային ծառայություն (ցանցեր, տեսալսողական համակարգեր, սլոթ եւ այլն) եւ պատասխանատվություն է կրում միայն ազդանշանը օգտատերերին հասցնելու, բայց ոչ` տեսալսողական արատադրանքի բովանդակության համար.

4) մուլտիպլեքս օպերատոր` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման եւ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.

5) ցանցային օպերատոր` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի մալուխային կամ այլ ցանց եւ ապահովում է տվյալ ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.

6) հանրային տեսալսողական մեդիածառայություն` Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող կազմակերպություն, որի գծային տեսալսողական տեղեկատվությունները նախատեսված են Հայաստանի Հանրապետության բնակչության համար եւ կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության բնակչության առնվազն երկու երրորդի կողմից.

7) թեմատիկ ուղղվածություն` ժանրային ուղղվածությամբ տեսալսողական տեղեկատվություն.

8) օգտատեր` առնվազն մեկ տեսալսողական մեդիածառայության տեղեկատվությունն ընդունող (դիտող եւ (կամ) լսող ) անձ.

9) փոխկապակցված անձ` ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր.

10) տեսալսողական մեդիածառայությունների դիստրիբյուտոր` տեսալսողական մեդիածառայությունների տեսալսողական տեղեկատվության իրավատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

11) մուլտիպլեքս` տվյալների մի քանի հոսքերի միավորմամբ միասնական մեկ հոսքի (թվային ցանց) ստացումը, որը հետագայում կրկին կարող է մասնատվել.

12) հանրային մուլտիպլեքս` Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.

13) սլոթ` մուլտիպլեքսում թվային հոսքի մի մասը, որը բավարար է մեկ ծրագրային փաթեթ հեռարձակելու համար.

14) սփռում` որոշակի տարածքի սահմաններում տեսալսողական մեդիածառայությունները եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողներն ապահովում են տեսալսողական տեղեկատվության տարածումը.

15) տեսալսողական տեղեկատվություն` վերգետնյա հաճախությունների եւ հնարավոր այլ տեխնիկական միջոցներով (հաղորդիչ, արբանյակ, մալուխային ցանց եւ այլն) օգտատերերին տրամադրվող տեսալսողական նյութ.

16) գծային տեսալսողական տեղեկատվություն` տեսալսողական մեդիածառայության կամ տեսալսողական տեղեկատվություն տարածողի կողմից օգտատերերին համաժամանակյա դիտելու եւ (կամ) լսելու նպատակով, նախապես կարգավորված հաջորդականությամբ տրամադրվող տեսալսողական նյութ.

17) ոչ գծային տեսալսողական տեղեկատվություն` տեսալսողական մեդիածառայության կամ տեսալսողական տեղեկատվություն տարածողի կողմից անհատ օգտատիրոջ պահանջով, իր կողմից ընտրված պահին դիտելու եւ (կամ) լսելու նպատակով տրամադրվող տեսալսողական նյութ` ըստ շտեմարանի (պահոց).

18) տեսալսողական ծրագիր` տեսալսողական մեդիածառայության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ տեսալսողական նյութեր.

19) տեսալսողական հաղորդում` տարածվող պատկերներ եւ (կամ) հնչյուններ եւ (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տեւողությամբ նյութ, որը բովանդակային եւ կազմակերպական իմաստով ինքնուրույն եւ ավարտուն է, համարվում է հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.

20) առաջին ամրագրման հաղորդում` առաջին անգամ հեռարձակվող տեսալսողական հաղորդում.

21) տեսալսողական գովազդ` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումը տեսալսողական մեդիածառայության միջոցով անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ.

22) լիցենզիա` կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիածառայությանը տրամադրվող փաստաթուղթ, որը տալիս է հանրային մուլտիպլեքսում որոշակի տեսալսողական մեդիածառայության տեղեկատվության հեռարձակման նպատակով սլոթի օգտագործման իրավունք կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձին տեսալսողական տեղեկատվությունը տարածելու իրավունք.

23) հեղինակազորում` կարգավորող պետական մարմնի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձին տեսալսողական մեդիածառայության կարգավիճակ տվող փաստաթղթի տրամադրում.

24) բացառիկ իրավունք` իրադարձությունների կազմակերպչի եւ (կամ) սեփականատիրոջ կողմից, կամ տեսալսողական մեդիածառայության կողմից պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքներ հեղինակներից եւ (կամ) հեղինակային իրավունքի այլ իրավատերերից` որոշակի աշխարհագրական տարածքում տեսալսողական տեղեկատվության բացառիկ տարածման նպատակով.

25) ազգային տեսալսողական տարածքի պաշտպանություն` մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ներքին կամ արտաքին, դիտավորության կամ անզգուշության հետեւանքով առկա գործոնների վերացմանը, որոնք վնասակար են կամ կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության մեդիադաշտի ինստիտուցիոնալ, գործառութային, կառուցվածքային, հիմնարար, տեխնոլոգիական կամ այլ տեսակի ամբողջականության վրա, ինչպես նաեւ նպաստավոր սոցիալական միջավայրի ստեղծում ազգային տեսալսողական տարածքի գործունեության համար` իրավական, քաղաքական, տնտեսական, մշակութային անվտանգությունն ապահովելու նպատակով.

26) մշտադիտարկում` կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիածառայությունների` ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխանությունը բացահայտելու նպատակով իրականացվող դիտարկում:

Հոդված 4. Տեսալսողական տեղեկատվության ազատությունը

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեսալսողական տեղեկատվության ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընդունելու տեսալսողական տեղեկատվություն:

3. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում եւ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային տեսալսողական մեդիածառայության (առնվազն 1 տեսալսողական եւ 1 լսողական) ծրագրերի ընդունման համար:

4. Տեսալսողական տեղեկատվություն տարածողը եւ տեսալսողական մեդիածառայությունը համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում չպետք է սահմանափակեն օգտատերերի` այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը:

Հոդված 5. Մարդու իրավունքները տեսալսողական տեղեկատվության հասանելիության նկատմամբ

1. Եթե տեսալսողական մեդիածառայությունը կամ տեսալսողական տեղեկատվություն տարածողը տեսալսողական տեղեկատվությունը հեռարձակում է անսահմանափակ թվով անձանց համար եւ անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից օգտվելու անհատույց եւ առանց տվյալ տեսալսողական մեդիածառայությանը կամ տեսալսողական տեղեկատվություն տարածողին տեղեկացնելու:

2. Այլ դեպքերում տեսալսողական մեդիածառայության կամ տեսալսողական տեղեկատվություն տարածողի մատուցելիք տեղեկատվության գինը եւ պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:


ԳԼՈՒԽ 2

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 6. Տեսալսողական տեղեկատվության լեզուն

1. Տեսալսողական տեղեկատվության լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

2. Այլ լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն լեզվով ընկալման միջոցներով (կրկնօրինակում, հնչյունավորում եւ (կամ) ենթագիր), բացառությամբ օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումների, ինչպես նաեւ երաժշտական ստեղծագործությունների:

Ենթագիրը կիրառելի է միայն բնօրինակով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվության համար:

3. Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայության երաժշտական բնույթի հաղորդումները պետք է պարունակեն առնվազն 30 տոկոս հայերեն երաժշտական ստեղծագործություններ:

4. Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայության հայերեն երաժշտական ստեղծագործությունները պետք է հեռարձակվեն 07:00-23:00 ժամանակահատվածում:

5. Տեսալսողական մեդիածառայությունների անվանումները հեռարձակման ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում հայերեն անընդհատ տառադարձությունը պարտադիր է:

6. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում միայն արտերկրի համար հեռարձակվող եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող տեսալսողական տեղեկատվության վրա:

7. Տեսալսողական մեդիածառայությունները, որոնք հեռարձակում են նաեւ մանկական եւ (կամ) լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցող օգտատերերի համար տեղեկատվության ընկալման մատչելիությունը` օրվա ընթացքում` կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված ժամերին, առնվազն մեկական մանկական եւ լրատվական տեսալսողական հաղորդում` հեռարձակելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով:

Հոդված 7. Տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումը

1. Տեսալսողական մեդիածառայություններն ապահովում են.

1) փաստերի եւ կարծիքների միջեւ հստակ տարբերությունը.

2) ստուգված փաստի կամ իրադարձության մասին անկողմնակալ տեղեկացումը.

3) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում, սեղմ ժամկետում միեւնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում` այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը.

4) իրազեկումը` գաղտնի կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների կողմից տրամադրված տեղեկության վերաբերյալ.

2. Լրատվական հաղորդումներում տեսալսողական մեդիածառայություններն ապահովում են.

1) հավաստի եւ ստուգված նորությունները.

2) քննարկվող թեմային եւ մեկնաբանությանն ուղեկցող պատկերի միջեւ ակնհայտ փոխկապակցվածությունը.

3) ներկայացվող փաստերի եւ տվյալների էությանը հեռարձակվող վերնագրերի ու տեքստի վերաբերելի լինելը.

4) խմբագրված իրադարձությունների հեռարձակման վերաբերյալ նշումը.

5) ներկայացվող ձայնագրությունները խմբագրականից տարբերվելու մասին նշումը.

6) իրավասու պաշտոնյաների կարծիքների լուսաբանումը` աղետների հնարավոր վարկածները հեռարձակելիս:

3. Տեսալսողական հաղորդումներում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական, հասարակական կամ մշակութային խնդիրների լուսաբանումը պետք է համապատասխանի հետեւյալ պահանջներին.

1) պետք է ապահովվի կարծիքների բազմազանությունը, կշռադատվածությունը եւ հակառակ տեսակետների ներկայացումը.

2) հիմնական հակառակ տեսակետերը պետք է ներկայացվեն միեւնույն հաղորդման շրջանակում, իսկ հնարավորության բացակայության դեպքում` հետագա հաղորդումներում:

3) Եթե իրենց կարծիքը հայտնած անձինք հրաժարվում են մասնակցել կամ հայտնել իրենց տեսակետը, պետք է այդ մասին նշվի հաղորդման ժամանակ: Կողմերից մեկի տեսակետի բացակայությունը չի ազատում տեսալսողական մեդիածառայությանը անկողմնակալության ապահովման պարտականությունից.

4) չեն կարող հեռարձակվել տեսալսողական հաղորդումներ, որոնց հաղորդավարները պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք են, ինչպես նաեւ անձինք, որոնք ընտրովի պաշտոններում առաջադրված թեկնածուներ են կամ թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետների վերաբերյալ տեղեկանալուց հետո որեւէ կերպ հանրայնացրել են իրենց մտադրությունն առաջադրվելու մասին.

5) հաղորդումների ստեղծման ժամանակ իշխանության եւ ընդդիմադիր կողմի ներկայացուցիչների ներկայության պարագայում պետք է տրվի հավասար ներկայացվածության հնարավորություն.

6) հաղորդավարները պետք է հայտնեն հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնող անձանց քաղաքական պատկանելությունը.

7) ազգային, կրոնական կամ սեռական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումների շրջանակում պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու նաեւ տվյալ խմբերի ներկայացուցիչների կարծիքները:

4. Տեսալսողական մեդիածառայությունն իր կողմից կազմակերպված եւ ներկայացված հեռուստաքվեարկման կամ հանրային կարծիքի սեփական հարցման ժամանակ պետք է պահպանի հետեւյալ պահանջները.

1) չպետք է առաջարկվի փոխհատուցում հարցման մասնակիցներին.

2) չպետք է խախտվեն անչափահասների իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական ակտերի պահանջները.

3) օգտատերերին քվեարկությանը կամ հարցմանը մասնկացելու հրավերը, ինչպես նաեւ արդյունքների ամփոփումը պետք է ուղեկցվեն հետեւյալ տեքստային հաղորդագրությամբ. «Հեռուստաքվեարկությունը (հարցումը) որոշիչ չէ հանրային կարծիքի համար եւ հավասարազոր չէ սոցիալական հարցմանը»:

5. Տեսալսողական հաղորդումների ընթացքում տեսալսողական մեդիածառայությունը պետք է պահպանի հետեւյալ պահանջները.

1) ուղիղ եթերը պետք է միշտ ուղեկցվի «Ուղիղ եթեր» գրառմամբ.

2) տեսալսողական հաղորդումների կրկնությունը ողջ ընթացքում պետք է ուղեկցվի «Կրկնություն» գրառմամբ, բացառությամբ կինոմատոգրաֆիական եւ երաժշտական ստեղծագործությունների.

3) արխիվային տեսագրությունները կամ ձայնագրությունները պետք է թվագրվեն կամ ուղեկցվեն «Արխիվ» գրառմամբ:

Հոդված 8. Կարեւոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի տեսալսողական մեդիածառայությունների միջոցով կարեւոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունք` առանց նախապես անհատական թույլտվության:

2. Տեսալսողական մեդիածառայությունների կողմից հեռարձակվող տեսալսողական հաղորդումների շրջանակում կարեւոր իրադարձության ցուցադրման բացառիկ իրավունք` առանց նախապես անհատական թույլտվության, հատկացվում է միայն այն պայմանով, որ հեռարձակումն ապահովի օգտատերերի զգալի մասի դիտումը ուղիղ եթերով կամ վերահեռարձկման ժամանակ:

3. Կարեւոր իրադարձությունների շրջանակը հաստատում է կարգավորող պետական մարմինը` նշելով տեսալսողական մեդիածառայության իրավունքը` հեռարձակելու կարեւոր իրադարձությունն ամբողջությամբ կամ մասամբ, ուղիղ եթերով կամ վերահեռարձակման ժամանակ:

4. Տեսալսողական մեդիածառայություններն իրավունք ունեն կարեւոր իրադարձության մասին տեղեկացնել կարճ տեսանյութի (դրվագի) միջոցով, եթե նախապես ձեռք են բերել հեռարձակման բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառայության թույլտվությունը, բացառությամբ հանկարծակի ծագած իրադարձությունների.

1) տեսագրելով ցուցադրման բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառայության ազդանշանը` կարճ տեսանյութ ստեղծելու նպատակով.

2) ներկա լինելով կարեւոր իրադարձության անցկացման վայրում` կարճ տեսանյութի սեփական տեսագրության նպատակով:

5. Եթե կարեւոր իրադարձությունը բաղկացած է կազմակերպչական առումով միմյանց հետ կապ չունեցող մի քանի տարրերից, ապա դրանցից յուրաքանչյուրն ընկալվում է որպես առանձին կարեւոր իրադարձություն:

6. Եթե կարեւոր իրադարձությունը տեւում է մի քանի օր, ստեղծվում է առնվազն մեկ կարճ տեսանյութ իրադարձության ամեն օրվա մասին:

7. Կարճ տեսանյութերը ստեղծվում են.

1) հստակ, խելամիտ եւ խտրականությունից զերծ պայմաններում,

2) ազատ ընտրության պայմաններում:

8. Մեկ կարճ տեսանյութի թույլատրված առավելագույն տեւողությունը 60 վայրկյան է:

9. Կարճ տեսանյութեր օգտագործելիս տեսալսողական մեդիածառայությունները պետք է պահպանեն հետեւյալ պահանջները.

1) հեռարձակել միայն հիմնական, պարբերաբար թողարկվող լրատվական հաղորդումներում.

2) չհեռարձակել կարեւոր իրադարձության հիմնական թողարկումից առաջ, որն արվել է հեռարձակման բացառիկ իրավունք ունեցող մեդիածառայության կողմից.

3) նշել բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառայության` որպես տեղեկատվության աղբյուրի անվանումը եւ (կամ) տեղադրել նրա տարբերանշանը, եթե կարճ տեսանյութերը ստեղծվել են բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառության միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ բացառիկ իրավունք ունեցող եւ կարճ տեսանյութ օգտագործող տեսալսողական մեդիածառայության միջեւ կնքված պայմանագրով նախատեսված է այլ պայման.

4) կարճ տեսանյութը կարող է կրկին օգտագործվել միայն այն դեպքում, երբ կա անմիջական կապ բովանդակության եւ այլ կարեւոր իրադարձության միջեւ.

5) տեսալսողական մեդիածառայության տնօրինության տակ գտնվող բնագիր հաղորդումների հատվածները, որոնք օգտագործվել են կարճ տեսանյութ պատրաստելիս, պետք է վերացվեն, իսկ բացառիկ իրավունք ունեցող տեսալսողական մեդիածառությունը պետք է այդ մասին տեղեկանա:

10. Հանրային տեսալսողական մեդիածառայության (ասյուհետ` նաեւ Հանրային հեռարձակող) հեռարձակմանը վերապահված պետական նշանակության իրադարձությունները սույն հոդվածի իմաստով չեն համարվում բացառիկ իրադարձություն:

Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը

1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներն օգտագործել`

1) իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքներով չնախատեսված այլ եղանակով փոխելու եւ տապալելու քարոզչության.

2) ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու.

3) պատերազմ քարոզելու.

4) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքների կոչեր տարածելու.

5) պոռնկագրություն տարածելու.

6) բռնության եւ դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելու նպատակներով:

Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումն ու ցուցադրումը:

2. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

3. Պետության կողմից հայտարարված սգո եւ հիշատակի օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումների հեռարձակումը տեսալսողական ծառայությունների կողմից արգելվում է:

4. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց մասնակիցները կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, երկարատեւ ժամանակահատվածի ընթացքում ձեւավորված հակակրանքի արդյունքում հաղորդման բնույթով պայմանավորված կարող են կատարել մարդու առողջության կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործություն:


ԳԼՈՒԽ 3

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 10. Տեսալսողական հաղորդումները եւ դրանց իրականացման կարգը

1. Հանրային մուլտիպլեքսում տելսալսողական մեդիածառայությունները տեսալսողական ծրագրերի հեռարձակումն իրականացնում են կարգավորող պետական մարմնի, իսկ մասնավոր մուլտիպլեքսում` մասնավոր մուլտիպլեքս օպերատորի կողմից տրամադրված սլոթի միջոցով:

2. Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից տեսալսողական մեդիածառայությունների տեսալսողական ծրագրերի տարածման դեպքում հղումն այդ լրատվամիջոցներին պարտադիր է:

3. Մասնավոր տեսալսողական մեդիածառայությունը հանրային հեռարձակողի սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված հաղորդումները հեռարձակում է առանց փոփոխությունների` այդ թվում նույն ելքային տվյալներով եւ առանց գովազդ:

4. Ոչ սեփական տեսալսողական հաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:

5. Տեսալսողական հաղորդման եւ հեղինակի մասին տեղեկատվության (ենթագիր, ձայնային ներկայացում) ամբողջական հեռարձակումը պարտադիր է, բացառությամբ լսողական մեդիածառայության երաժշտական ստեղծագործությունների:

6. Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայության ծրագրերում մանկական, կրթական եւ մշակութային թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական ընդհանուրն առնվազն 20 տոկոս:

7. Հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ տեսալսողական մեդիածառայության հեռարձակմամբ չի կարող ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից պակաս լինել:

8. Տեսալսողական նյութը ծխելու տեսարանների առկայության պարագայում մեկնարկին, տեսանելի չափով, 5 վայրկյան տեւողությամբ պետք է ուղեկցվի «տեսանյութը պարունակում է ծխելու տեսարաններ» գրառմամբ:

Հոդված 11. Տեսալսողական հաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության ժամանակահատվածում

1. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`

1) տեսալսողական հաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.

2) տեսալսողական մեդիածառայությունները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների եւ մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար` հրապարակավ հայտնել վճարովի տեսալսողական
հաղորդումների իրենց եթերաժամի գինը եւ հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.

3) տեսալսողական մեդիածառայությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով հավասար պայմանների տրամադրումը.

4) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական տեսալսողական հաղորդումները (հանրային հեռարձակողի դեպքում` նաեւ օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է ուղեկցվեն էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «Նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն», իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ պետք է հիշեցվի դրա մասին:

2. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձեւով նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն իրականացնելը:

Հոդված 12. Տեսալսողական մեդիածառայությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ

1. Տեսալսողական մեդիածառայությունները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ վարչապետի լիազորած` Կառավարության այլ անդամին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:

2. Տեսալսողական մեդիածառայությունների կողմից եթերաժամանակի հատկացման կարգը եւ պայմանները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

Հոդված 13. Լիցենզավորված տեսլասողական մեդիածառայությունների տեսալսողական հաղորդումների պահպանման կարգը

1. Տեսալսողական մեդիածառայությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած 45 օր ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքերի:

2. Տեսալսողական մեդիածառայությունները տեսալսողական հաղորդումների հաշվառման մատյանի տվյալները պահանջ լինելու դեպքում ներկայացնում են կարգավորող պետական մարմին` էլեկտրոնային կամ թղթային կրիչով: Տեսալսողական հաղորդումների հաշվառման մատյանում վարման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:

3. Տեսալսողական հաղորդումների հաշվառման մատյանի տվյալների հիման վրա կարգավորող պետական մարմինը վերահսկում է տեսալսողական մեդիածառայությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պայմաններին: Կարգավորող պետական մարմինը ընտրանքային սկզբունքով իրականացնում է տեսալսողական մեդիածառայությունների կողմից հեռարձակվող տեսալսողական տեղեկատվության ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր տեսալսողական մեդիածառայության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները կարող են համադրվել տեսալսողական մեդիածառայությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:

4. 45 օրը լրանալուց հետո տեսալսողական հաղորդումների տեսագրությունները եւ ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ հանրային տեսալսողական մեդիածառայության խորհուրդ, կարգավորող պետական մարմին կամ տեսալսողական մեդիածառայություն դիմում կամ բողոք կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:

Հոդված 14. Հովանավորությունը լիցենզավորված տեսալսողական մեդիածառայությունների տեսալսողական հաղորդումներում

1. Հովանավորությունը տեսալսողական մեդիածառայություն չհանդիսացող կամ տեսալսողական աշխատանքների ստեղծման գործում չներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունն է տեսալսողական հաղորդման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմանը` այդ անձի անունը, ապրանքանիշը, համբավը կամ գործունեությունը գովազդելու նպատակով:

2. Տեսալսողական հաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները:

3. Հովանավորված տեսալսողական հաղորդման բովանդակությունը եւ ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը եւ այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին եւ անկախությանը:

4. Արգելվում է հովանավորությունը`

1) քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, նախընտրական հիմնադրամների եւ կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.

2) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների եւ քաղաքական հաղորդումների համար.

3) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ եւ վաճառքով, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից:

5. Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:

6. Հովանավորվող տեսալսողական հաղորդման մեջ պետք է հստակ նշվի հովանավորին համապատասխանող անվանումը կամ ցանկացած այլ խորհրդանիշ, ինչպես նաեւ նշվի իր ապրանքը կամ ծառայությունը տարբերանշանով, որոնք կարող են ներկայացվել հաղորդման ընթացքում, սակայն ոչ ավել, քան երեք անգամ` յուրաքանչյուրը 15 վայրկյան տեւողությամբ` նպատակ ունենալով օգտատերերին տեղեկացնել հովանավորական աջակցության մասին համաձայնագրի առկայության վերաբերյալ:

7. Տեսալսողական մեդիածառայությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է սույն օրենքի եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

ԳԼՈՒԽ 4

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԸ

Հոդված 15. Տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների տեսակները

1. Հայաստանի Հանրապետությունում կարող են գործել սույն օրենքով թույլատրված տեխնիկական հնարավորություններով հանրային եւ մասնավոր տեսալսողական մեդիածառայություններ եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողներ:

2. Հանրային տեսալսողական մեդիածառայությունները հիմնադրվում են Կառավարության որոշմամբ:

3. Հանրային տեսալսողական մեդիածառայությունները կարող են հիմնադրվել միայն բաժնետիրական ընկերության ձեւով, որի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով լիազոր մարմինը տեսալսողական մեդիածառայության համար հանրային տեսալսողական մեդիածառայության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ):

5. Կառավարության որոշմամբ Խորհրդի կառավարմանը կարող են հանձնվել այլ բաժնետիրական ընկերություններ:

6. Մասնավոր են այն տեսալսողական մեդիածառայությունները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են:

7. Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր տեսալսողական մեդիածառայություններն եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողները օգտվում են հավասար իրավունքներից եւ օրենքի առջեւ հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց կազմակերպաիրավական ձեւից:

Հոդված 16. Տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների հիմնադիրները

1.Տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի տվյալ կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:

2. Մասնավոր տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների հիմնադիրներ (մասնակիցներ) չեն կարող լինել`

1) Հանրապետության Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ փոխկապակցված անձինք.

2) կարգավորող պետական մարմնի աշխատակիցները եւ փոխկապակցված անձինք.

3) կուսակցությունները` այդ թվում կուսակցության ղեկավար մարմնի անդամները եւ նրանց փոխկապակցված անձինք.

4) հասարակական կազմակերպությունները.

5) կրոնական կազմակերպությունները.

6) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները.

7) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող անձինք, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

8) 18 տարին չլրացած քաղաքացիները:

Հոդված 17. Տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների ինքնուրույնության երաշխիքը

1. Արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից տեսալսողական մեդիածառայությունների գործունեությանը միջամտելը:

2. Պետական իշխանության մարմինները կարող են տեսալսողական մեդիածառայությունների գործունեությանը միջամտել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

3. Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռարձակողի առկայությունը եւ գործունեությունը:

Հոդված 18. Հակամենաշնորհային երաշխիքը

1. Տեսալսողական մեդիածառայությունը կարող է օգտագործել մուլտիպլեքսում ներառված միայն մեկ սլոթ:

2. Իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են դառնալ ոչ ավելի, քան լիցենզիա ստացած երկու տեսալսողական մեդիածառայության (մեկ տեսալսողական եւ մեկ լսողական) հիմնադիր եւ (կամ) մասնակից:

Հոդված 19. Տեսալսողական մեդիածառայության եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների եկամուտների աղբյուրները

1. Տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից:
Հանրային տեսալսողական մեդիածառայության եկամուտները կանոնակարգվում են նաեւ սույն օրենքի 29-րդ հոդվածով:

2. Տեսալսողական մեդիածառայությունները եւ տեսլսողական տեղեկատվություն տարածողները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների, ինչպես նաեւ տեղեկություններ` հիմնադիրների եւ մասնակիցների մասին:

3. Տեսալսողական մեդիածառայությունները եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողները պարտավոր են յուրաքանչյուր տարվա մինչեւ հունվարի 20-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդող տարվա հասույթի (այսուհետ` Հասույթ) չափի վերաբերյալ տեղեկություն:

Հոդված 20. Ելքային տվյալները

1. Տեսալսողական մեդիածառայությունները պարտավոր են ամեն օր եթերում ներկայացնել իրենց անվանումները, խորհրդանիշերը, իսկ լսողական մեդիածառայությունը` ազդականչերը:

2. Տեսալսողական մեդիածառայությունները պարտավոր են`

1) տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդային հաղորդման.

2) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ տեսալսողական հաղորդման արտադրողի մասին տեղեկություններ:

Հոդված 21. Արբանյակային տեսալսողական հեռարձակումը

Տեսալսողական մեդիածառայությունները արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի կնքելուց եւ կարգավորող պետական մարմնին ծանուցում ներկայացնելուց հետո:

ԳԼՈՒԽ 5

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԸ

Հոդված 22. Հանրային հեռարձակողի կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները

1. Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով եւ ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի եւ կրոնի, ինչպես նաեւ ստեղծագործության ազատությունը:

2. Հանրային հեռարձակողները պարտավոր են`

1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.

2) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական տեսալսողական հաղորդումներին.

3) մշակել եւ իրականացնել ծրագրային քաղաքականություն`

ա) Հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը.

բ) օգտատերերին մատուցել հաղորդումներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը.

գ) օգտատերերին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության, սոցիալական պատասխանատվության բարձրացմանը, աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը եւ նվազեցմանը.

դ) Եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար.

ե) եթե հանդիսանում է իրավատեր, առաջին ամրագրումից հետո, պահպանելով կրթական, մշակութային եւ մանկական տեսալսողական հաղորդումները` այդ թվում ֆիլմերը, ոչ ուշ, քան 1 տարի անց, ապահովել դրանց ազատ շրջանառությունը լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայությունների համար:

3. Հանրային տեսալսողական մեդիածառայություններում Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի, Կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տեւողությունը չի սահմանափակվում:

4. Հանրային հեռարձակողների տեսալսողական հաղորդումներում թույլատրվում է ցուցադրել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողությամբ գովազդ, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան նշել տեղեկություններ (հովանավորություն):

5. Մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի (հովանավորություն) վրա չի տարածվում հանրային տեսալսողական մեդիածառայությամբ գովազդի հեռարձակման համար սույն օրենքով սահմանված ժամանակային սահմանափակումը: Մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորի մասին տեղեկությունների հիշատակումը չպետք է գերազանցի տվյալ հաղորդման ընդհանուր տեւողության 2,5 տոկոսը:

6. Հանրային հեռարձակողին թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ` «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով: Ժամը 00:00-ից մինչեւ 18.00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչեւ 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով` «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով:

7. Հանրային հեռարձակողների կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը:

8. Հանրային հեռարձակողները գործում են սույն օրենքին, իրենց կանոնադրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

9. Հանրային տեսալսողական մեդիածառայությունների հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում է այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` հանրային տեսալսողական մեդիածառայությունները կամ այլ տեսալսողական մեդիածառայություններ:

Հոդված 23. Հանրային հեռարձակողի խորհուրդը

1. Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է:

2. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից` Խորհրդի նախագահ եւ Խորհրդի 6 անդամ: Խորհրդում պետք է ապահովվի սեռային ներկայացվածությունը:

3. Խորհրդի անդամները նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից` վեց տարի ժամկետով:

4. Խորհրդի անդամներից երկուսը պետք է լինեն տեսալսողական հեռարձակման կառավարման, մեկը` լրագրության, երկուսը` կրթության կամ գիտության, երկուսը` մշակույթի կամ արվեստի բնագավառի գործիչներ, ունենան բարձրագույն կրթություն եւ տիրապետեն հայոց լեզվին:

5. Խորհրդի անդամ չեն կարող լինել`

1) օտարերկրյա քաղաքացին եւ քաղաքացիություն չունեցող անձը.

2) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.

3) անձը, որը դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

6. Խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի անդամը պարտավոր է`

1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.

2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցության ղեկավար մարմնում, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.

3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

Հոդված 24. Խորհրդի գործունեության կարգը

1. Խորհուրդը գործում է սույն օրենքի, այլ օրենքների եւ իր հաստատած կանոնակարգի համաձայն:

2. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության եւ հրավիրվող հերթական ու արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

3. Խորհրդի նախագահի բացակայության, ինչպես նաեւ նրա կողմից իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է նրան փոխարինող Խորհրդի անդամը, իսկ նրա բացակայության դեպքում` Խորհրդի տարիքով ավագ անդամը:

4. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`

1) իր նախաձեռնությամբ.

2) Խորհրդի առնվազն երեք անդամի պահանջով:

5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին:

6. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

8. Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների եւ ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին եւ հրապարակում իր պաշտոնական կայքում:

9. Խորհրդի նախագահի աշխատավարձի հաշվարկման գործակիցը 9 է, իսկ Խորհրդի անդամներինը` 5.25: Խորհրդի նախագահի եւ Խորհրդի անդամների աշխատավարձը որոշվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային աշխատավարձը սույն մասում նշված գործակիցներով բազմապատկելու միջոցով:

Հոդված 25. Խորհրդի անդամների նշանակման կարգը եւ լիազորությունների դադարումը

1. Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով կարգավորող պետական մարմինը ձեւավորում է ժամանակավոր մրցութային հանձնաժողով, որը բաղկացած է 5 անդամից, ներառյալ` նախագահը:

2. Մրցութային հանձնաժողովի նախագահը եւ անդամները պաշտոնավարում են մինչեւ խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը:

3. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, տեսալսողական մեդիածառայության կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի գործիչներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

4. Մրցութային հանձնաժողովի անդամների ձեւավորման կարգը սահմանում է կառավարությունը:

5. Մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը սպասարկում է կառավարության աշխատակազմը:

6. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերը հրավիրում եւ վարում է մրցութային հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում` մրցութային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

7. Մրցութային հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

8. Մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Մրցութային հանձնաժողովի անդամները ստանում են փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը եւ կարգը սահմանում է վարչապետը:

9. Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը, իսկ Խորհրդի նախագահի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի տարիքով ավագ անդամը թափուր տեղն առաջանալուց հետո` Մրցութային հանձնաժողով ձեւավորելու համար 3-օրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին:

10. Մրցութային հանձնաժողովը, ձեւավորվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ կառավարության եւ կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածում Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ:

11. Հայտարարության մեջ նշվում են`

1) թափուր պաշտոնի անվանումը.

2) թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները.

3) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը եւ ժամը:

12. Մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվել, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:

14. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն հոդվածով սահմանված կարգով:

15. Փաստաթղթերը ներկայացվում են կառավարության աշխատակազմ մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը մրցութային հանձնաժողովը չի քննարկում:

16. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը հրավիրվում է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում:

17. Մրցութային հանձնաժողովի նիստի մասին մրցութային հանձնաժողովի անդամներին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցում է կառավարության աշխատակազմը:

18. Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողին: Անհրաժեշտության դեպքում մինչեւ մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ անցկացնել հարցազրույց:

19. Մրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել տեսալսողական մեդիածառայության ոլորտի մասնագետներ:

20. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մրցութային հանձնաժողովի անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:

21. Մրցույթի արդյունքով մրցութային հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) մրցույթը չկայացած համարելու եւ կրկնակի մրցույթ անցկացնելու մասին.

2) մրցույթում հաղթող ճանաչելու մասին:

22. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքով հաղթող է ճանաչում մեկ մասնակցի:

23. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը Խորհրդի անդամ է նշանակում մրցույթում հաղթած մասնակցին:

24.Առաջին կրկնակի մրցույթը չկայացած համարվելու դեպքում մինչեւ մրցութային հանձնաժողովի կողմից կրկնակի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչելը վարչապետը տասնօրյա ժամկետում նշանակում է Խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Խորհրդի անդամին սույն օրենքով ներկայացվող պահանջները:

25. Մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանց ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը:

26. Մրցութային հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը, արձանագրումը, ինչպես նաեւ ընդունված որոշումների առաքումն ապահովում է կառավարության աշխատակազմը:

27. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`

1) հրաժարական է տվել.

2) ընտրվել կամ նշանակվել է որեւէ պաշտոնում.

3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի` երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

7) չի կատարել սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունները.

8) հրաժարվել է մասնակցել Խորհրդի նախագահի ընտրության քվեարկությունը.

9) մահացել է:

Հոդված 26. Խորհրդի նախագահը

1. Խորհուրդը իր կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ 4 տարի ժամկետով:

2. Խորհրդի նախագահ չի կարող ընտրվել խորհրդի անդամի թափուր պաշտոն լինելու դեպքում:

3. Խորհրդի նախագահի ընտրության կարգը սահմանվում է կարգավորող պետական մարմնի որոշմամբ:

4. Երեք անգամ անընդմեջ խորհրդի նախագահ չընտրելու դեպքում Խորհուրդն արձակվում է:

5. Արձակված խորհուրդը շարունակում է իր գործունեությունը մինչեւ նոր Խորհրդի ամբողջական ձեւավորումը:

6. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է Խորհրդի եւ նրա աշխատակազմի գործունեությունը.

2) գումարում է Խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները եւ նիստերի արձանագրությունները.

3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.

4) ընդունում եւ ազատում է Խորհրդի աշխատակազմի աշխատողներին.

5) համակարգում եւ ապահովում է Խորհրդի բնականոն աշխատանքը:

7. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի կողմից որպես փոխարինող նշանակված Խորհրդի անդամը, իսկ եթե Խորհրդի նախագահը փոխարինող չի նշանակել, ապա Խորհրդի տարիքով ավագ անդամը:

Հոդված 27. Խորհրդի իրավասությունները

1. Խորհուրդը`

1) սահմանում է հանրային տեսալսողական մեդիածառայությունով տեսալսողական հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը եւ տեսալսողական տեղեկատվության թիվը, որը չի կարող պակաս լինել երեքից` երկու տեսալսողական եւ մեկ լսողական տեղեկատվություն, առնվազն երկուսն ընդհանուր, մյուսը` կրթական-մշակութային ուղղվածության.

2) սահմանում է հանրային հեռարձակողի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը եւ ուղղությունները.

3) հաստատում է հանրային հեռարձակողի աշխատողների հաստիքացուցակը, պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձեւերը, պայմանները եւ վարձատրման կարգը.

4) սահմանում է հանրային հեռարձակողի այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու այլ տեսալսողական մեդիածառայություններում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում.

5) սահմանում է հանրային հեռարձակողի գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը.

6) նշանակում եւ պաշտոնից ազատում է հանրային հեռարձակողների` մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին.

7) հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների ներկայացմամբ նշանակում է գործադիր տնօրենների տեղակալներին.

8) յուրաքանչյուր տարի մինչեւ հունվարի 20-ը լսում է հանրային տեսալսողական մեդիածառայությունների նախորդ տարվա գործունեության մասին գործադիր տնօրենների հաշվետվությունները.

9) հանրային հեռարձակողների տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը.

10) հաստատում է իր կանոնադրությունը եւ հանրային հեռարձակողի կառուցվածքը.

11) հաստատում է Խորհրդի աշխատակազմի կառուցվածքը եւ հաստիքացուցակը.

12) հաստատում է հանրային հեռարձակողի լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները.

13) ստացված բողոքների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը եւ ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն.

14) առնվազն տարին երկու անգամ կազմակերպում է հանրային հեռարձակողների գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները.

15) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ իրավասություններ.

16) տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կարգավորող պետական մարմին:

2. Խորհրդի որոշումներն իրենց իրավասության շրջանակներում կատարում են հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործադիր տնօրենները:

3. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի աշխատակազմը «Հանրային տեսալսողական մեդիածառայության խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է:

Հոդված 28. Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների իրավասությունները

1. Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենները`

1) ղեկավարում են հանրային հանրային հեռարձակողների ընթացիկ գործունեությունը.

2) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.

3) նշանակում եւ ազատում են հանրային հեռարձակողների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

4) ընդունում են հրամաններ.

5) կնքում են պայմանագրեր եւ վերահսկում դրանց կատարումը.

6) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով.

7) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ներկայացնում են հանրային հեռարձակողին.

8) իրենց իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս հանրային հեռարձակողի անունից եւ ներկայացնում են նրանց շահերը.

9) օրենքով, այլ իրավական ակտերով եւ հանրային տեսալսողական մեդիածառայությունների կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում են հանրային հեռարձակողին պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

10) տալիս են հանրային հանրային հեռարձակողների անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում եւ ազատում են հանրային հեռարձակողների աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում են խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.

12) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում հանրային հեռարձակողների տարեկան հաշվետվությունները.

13) ապահովում են աշխատողների մասնագիտական կատարելագործումը.

14) իրականացնում են օրենքով, իրավական այլ ակտերով եւ հանրային հեռարձակողների կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

2. Հանրային հեռարձակողների` մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում եւ ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` մինչեւ 5 տարի ժամկետով:

3. Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքերում նրանց փոխարինում եւ նրանց լիազորություններն իրականացնում են հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների տեղակալները:

4. Գործադիր տնօրենների տեղակալները նշանակվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 29. Հանրային հեռարձակողների ֆինանսավորումը

1. Խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման համակարգի մարմին է ներկայացնում հանրային հեռարձակողների առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը` առանձին նշելով Խորհրդին, հանրային հեռարձակողներին հատկացվելիք գումարները առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հանրային հեռարձակողների հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը հաստատում է Խորհուրդը` հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների ներկայացմամբ:

Հոդված 30. Հանրային հեռարձակողների տարեկան հաղորդումը

1. Խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը հրապարակում է հանրային հեռարձակողների նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդում:

2. Տեսալսողական մեդիածառայությունների հաղորդումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաեւ տեղադրվում է Խորհրդի պաշտոնական կայքում:

ԳԼՈՒԽ 6

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 31. Կարգավորող պետական մարմինը

1. Կարգավորող պետական մարմինը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն է:

2. Կարգավորող պետական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով եւ իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ:

3. Կարգավորող պետական մարմինն օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում: Կարգավորող պետական մարմինը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

4. Կարգավորող պետական մարմնի նստավայրն Երեւան քաղաքն է: Իր որոշմամբ կարգավորող պետական մարմինը կարող է արտագնա նիստեր գումարել նաեւ այլ համայնքներում:

Հոդված 32. Կարգավորող պետական մարմնի լիազորությունները

1. Կարգավորող պետական մարմինը`

1) հրապարակային եւ մրցութային կարգով հատկացնում է սլոթ.

2) իրականացնում է տեսալսողական մեդիածառայությունների հեղինակազորումը,

3) իրականացնում է տեսալսողական մեդիածառայությունների լիցենզա ստանալու մրցույթը.

4) ցանցային օպերատորին տալիս է լիցենզիա.

5) իրականացնում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի լիցենզիա ստանալու մրցույթը.

6) սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, մուլտիպլեքս օպերատորի լիցենզիա ստանալու մրցույթի անցկացման կարգը եւ ցանցային օպերատորի լիցենզիա ստանալու կարգը.

7) հաստատում է լիցենզիայի ձեւերը.

8) կազմում եւ հրապարակում է լիցենզիա ստացած անձանց ցուցակը, հսկողություն է իրականացնում լիցենզիայում նշված պայմանների եւ սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ.

9) տեսալսողական հաղորդումների տեսագրությունների եւ ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը օրենսդրության եւ լիցենզիայի պահանջներին.

10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաեւ տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին.

11) սույն օրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ.

12) վերահսկում է տեսալսողական մեդիածառայությունների կողմից նախընտրական քարոզչության «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգի պահպանումը.

13) ուսումնասիրում եւ պատասխանում կամ եզրակացություն է տալիս տեսալսողական մեդիածառայությունների գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին.

14) իրականացնում է տեսալսողական մեդիածառայությունների գործունեության մշտադիտարկում.

15) կարող է ներգրավվել տեսալսողական մեդիածառայությունների բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերի եւ իրավական ակտերի նախագծերի մշակմանը.

16) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում իրականացնում է ստուգումներ եւ ուսումնասիրություններ.

17) ուսումնասիրություն է իրականացնում հանրային տեսալսողական մեդիածառայություններում տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ.

18) սահմանում է Խորհրդի կողմից հաշվետվության ներկայացման կարգը եւ ձեւը.

19) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ վարչապետին կամ վարչապետի լիազորած` Կառավարության այլ անդամին եթերաժամանակ հատկացնելու կարգը եւ պայմանները.

20) սահմանում է հանրային տեսալսողական մեդիածառայություններով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուների մասին տեսալսողական հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի նվազագույն ժամաքանակները.

21)սահմանում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձեւը.

22) օրենքով սահմանված կարգով ձեւավորում է իր աշխատակազմը.

23) տալիս է եզրակացություն սույն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

24) մասնակցում է տեսալսողական մեդիա ոլորտի քաղաքականության մշակմանը.

25) իրականացնում է սույն օրենով նախատեսված այլ լիազորություններ:

2. Կարգավորող պետական մարմինն իրավասու մարմիններից, հանրային հեռարձակողներից, այլ կազմակերպություններից եւ պաշտոնատար անձանցից պահանջում եւ ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն:

3. Ուսումնասիրության կամ ստուգման իրականացման ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում կարգավորող պետական մարմինն իրավասու է հանրային հեռարձակողներին հանձնարարելու սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները:

4. Կարգավորող պետական մարմնի սահմանած ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը իրավասու է դիմելու Խորհրդին հանրային հեռարձակողի գործադիր տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը լուծելու առաջարկով:

5. Կարգավորող պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների եւ փորձագետների:

6. Կարգավորող պետական մարմինն ընդունում է սույն օրենքից բխող նորմատիվ իրավական, անհատական եւ ներքին ակտեր:

7. Կարգավորող պետական մարմնի նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքում:

Հոդված 33. Կարգավորող պետական մարմնի գործունեության սկզբունքները

1. Կարգավորող պետական մարմինն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության եւ հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

2.

Հոդված 34. Կարգավորող պետական մարմնի անդամների թեկնածուներին եւ անդամներին ներկայացվող պահանջները եւ նրանց վարձատրության կարգը

1. Կարգավորող պետական մարմնի անդամի թեկնածու կարող է լինել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, որն ունի լրագրության, տեսալսողական մեդիածառայությունների, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի կամ իրավագիտության առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն, բարձրագույն կրթություն, հանդիսանում է զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ:

2. Կարգավորող պետական մարմնի անդամ չի կարող լինել`

1) անձը, որը դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.

3. Կարգավորող պետական մարմնի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային
ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Կարգավորող պետական մարմնի անդամները ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցում են միայն որպես ընտրող:

4. Կարգավորող պետական մարմնի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

5. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորություններն ստանձնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կարգավորող պետական մարմնի անդամը պարտավոր է`

1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.

2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.

3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

6. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետեւյալ երդումը.

«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով:
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով` անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից:»:

7. Կարգավորող պետական մարմնի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 35. Կարգավորող պետական մարմնի կազմավորման կարգը

1. Կարգավորող պետական մարմինը բաղկացած է յոթ անդամից: Կարգավորող պետական մարմնի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

2. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների ավարտման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ եւ ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, իսկ այլ հիմքով թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղն առաջանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմնի նախագահը, իսկ կարգավորող պետական մարմնի նախագահի թափուր տեղ առաջանալու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահին փոխարինող անդամը այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին:

3. Ազգային ժողովը կարգավորող պետական մարմնի անդամի ընտրությունը կատարում է Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

4. Կարգավորող պետական մարմինն իր կազմից ընտրում է կարգավորող պետական մարմնի նախագահ: Կարգավորող պետական մարմնի անդամը կարող է առաջադրվել որպես կարգավորող պետական մարմնի նախագահ ինքնաառաջադրման կամ կարգավորող պետական մարմնի որեւէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:

5. Կարգավորող պետական մարմնի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկում են կարգավորող պետական մարմնի բոլոր անդամները:

6. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:

7. Քվեարկելիս կարգավորող պետական մարմնի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:

8. Եթե քվեարկության արդյունքով որեւէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա ինքնաառաջադրվում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները եւ անցկացվում է լրացուցիչ քվեարկություն:

9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում` տարիքով ավագին:

10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ կարգավորող պետական մարմնի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

11. Կարգավորող պետական մարմնի նախագահն ընտրվում է կարգավորող պետական մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կարգավորող պետական մարմնի անդամն իրավունք չունի հրաժարվելու քվեարկությունից եւ քվեարկում է միայն «կողմ» կամ «դեմ»:

12. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կարգավորող պետական մարմնի անդամ, ներառյալ` նախագահ:

13. Կարգավորող պետական մարմնի նախագահն ընտրվում է մինչեւ որպես կարգավորող պետական մարմնի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

14. Կարգավորող պետական մարմնի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի անդամների կազմը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:

Հոդված 36. Կարգավորող պետական մարմնի նախագահը

1. Կարգավորող պետական մարմնի նախագահը`

1) ապահովում է կարգավորող պետական մարմնի բնականոն գործունեության կազմակերպումը.

2) ներկայացնում է կարգավորող պետական մարմնն այլ մարմինների հետ հարաբերություններում.

3) ձեւավորում է նիստերի օրակարգը, հրավիրում եւ վարում է կարգավորող պետական մարմնի նիստերը, ընդ որում` կարգավորող պետական մարմնի անդամը մասնակցում է նիստերի օրակարգի ձեւավորմանը օրակարգի վերաբերյալ կարգավորող պետական մարմնի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.

4) ստորագրում եւ հրապարակում է կարգավորող պետական մարմնի որոշումները, արձակում է հրամաններ.

5) վերահսկում է կարգավորող պետական մարմնի ընդունած որոշումների կատարումը.

6) կարգավորող պետական մարմնի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.

7) իրականացնում է կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարումը.

8) կարգավորող պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրության նախագիծը, կառուցվածքը եւ հաստիքացուցակը.

9) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է կարգավորող պետական մարմնի աշխատակիցներին:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա նշանակած կարգավորող պետական մարմնի անդամը:

3. Կարգավորող պետական մարմնի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում կարգավորող պետական մարմնի նախագահի պարտականությունները կատարում է կարգավորող պետական մարմնի տարիքով ավագ անդամը:

Հոդված 37. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Կարգավորող պետական մարմնի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից:

2. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարեցվում են`

1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում.

2) քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում.

3) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառներով, կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու դեպքում.

4) տարվա ընթացքում կարգավորող պետական մարմնի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում.

5) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված` քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.

6) առնվազն մեկ անգամ կարգավորող պետական մարմնի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:

3. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են`

1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.

3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

5) նրա հրաժարականը.

6) նրա մահը:

4. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված նիստում կարգավորող պետական մարմնի անդամի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը:

7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են նրա լիազորությունները դադարելու օրը:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հիմքերով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարելու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահը անհապաղ հայտարարություն է տարածում կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքում:

9. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերում նշված հիմքերով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են համապատասխան հիմքի առկայությունն արձանագրող կարգավորող պետական մարմնի որոշման ընդունման օրվանից:

Հոդված 38. Կարգավորող պետական մարմնի ծախսերի ֆինանսավորումը

1. Կարգավորող պետական մարմնի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից:

2. Կարգավորող պետական մարմինը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Կառավարություն է ներկայացնում կարգավորող պետական մարմնի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշիվը)` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

3. Կարգավորող պետական մարմնի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում` անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում` փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը կարգավորող պետական մարմնի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում նաեւ բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:

4. Կարգավորող պետական մարմնի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաեւ կարգավորող պետական մարմնի անդամների աշխատավարձի վճարումը:

Հոդված 39. Կարգավորող պետական մարմնի տարեկան հաղորդումը

1. Կարգավորող պետական մարմինը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր նախորդ տարվա գործունեության եւ տեսալսողական մեդիածառայություններում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:

2. Հաղորդումը ներառում է կարգավորող պետական մարմնի գործունեությանը եւ լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ (ներառյալ` հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, տեսալսողական տեղեկատվության մալուխային ցանցով հեռարձակման լիցենզավորման համար ներկայացված ու մերժված դիմումների եւ դրանց հիմնավորման, բացահայտված խախտումների եւ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների եւ այլ լիազորությունների իրականացման մասին):

3. Հաղորդումն Ազգային ժողով է ներկայացնում կարգավորող պետական մարմնի նախագահը:

4. Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

5. Կարգավորող պետական մարմինն իր հաղորդումը հրապարակում է կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքում:

Հոդված 40. Կարգավորող պետական մարմնի գործունեության կարգը

1. Կարգավորող պետական մարմինն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի եւ աշխատանքային քննարկումների միջոցով:

2. Կարգավորող պետական մարմնի նիստերը հրավիրում է կարգավորող պետական մարմնի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ առնվազն երեք անդամի պահանջով:

3. Կարգավորող պետական մարմնի նիստերը դռնբաց են, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ հարցերի քննարկման դեպքերի, երբ դրանք կարգավորող պետական մարմնի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ անցկացվում են դռնփակ:

4. Կարգավորող պետական մարմինն իր կայքում հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակը եւ օրակարգը:

5. Կարգավորող պետական մարմնի գլխավոր քարտուղարը նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:

6. Կարգավորող պետական մարմնի նիստը վարում է կարգավորող պետական մարմնի նախագահը կամ նրան փոխարինող անձը: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է կարգավորող պետական մարմնի անդամների կեսից ավելին:

7. Կարգավորող պետական մարմնի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Կարգավորող պետական մարմնի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ շահերի բախում ունեցող կարգավորող պետական մարմնի անդամը պարտավոր է քննարկումից առաջ կարգավորող պետական մարմնի նախագահին եւ մյուս անդամներին տեղեկացնել շահերի բախման փաստի եւ բնույթի մասին, որը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ:

9. Այդ տեղեկացումից հետո կարգավորող պետական մարմնի համապատասխան անդամը`

1) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց եւ քվեարկությանը մասնակցելուց.

2) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:

10. Կարգավորող պետական մարմնի նիստը հետաձգվում է`

1) քվորում չլինելու,

2) աշխատանքային օրն ավարտվելու,

3) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքերում:

11. Կարգավորող պետական մարմնի նիստերն արձանագրում է կարգավորող պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը կարգավորող պետական մարմնի նախագահի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Կարգավորող պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը վարում է կարգավորող պետական մարմնի որոշումների գրանցամատյան:

12. Կարգավորող պետական մարմինն ընդունում է աշխատակարգ, որով սահմանվում են կարգավորող պետական մարմնի գործառույթների եւ լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

Հոդված 41. Կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները

1. Կարգավորող պետական մարմինն իր աշխատանքները կազմակերպում է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:

2. Կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 42. Տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը

1. Տեսալսողական մեդիածառայությունների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ ցանցային օպերատորի դեպքում նաեւ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել տեսալսողական մեդիածառայությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:

2. Հանրային հեռարձակողների գործունեության մշտադիտարկումը ներառում է նաեւ տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով:

3. Ցանցային օպերատորի գործունեության մշտադիտարկումն իրականացվում է կարգավորող պետական մարմնի նախագահի հրամանի հիման վրա:

4. Մշտադիտարկում իրականացնելու մասին հրամանում նշվում են`

1) մշտադիտարկում իրականացնող մարմնի անվանումը.

2) տեսալսողական մեդիածառայության լրիվ անվանումը եւ գտնվելու վայրը.

3) մշտադիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

4) մշտադիտարկման նպատակը, ժամանակահատվածը եւ իրավական հիմքերը:

5. Տեսալսողական մեդիածառայություններում կամ ցանցային օպերատորի մոտ մշտադիտարկումը սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է տեսալսողական մեդիածառայության կամ ցանցային օպերատորի ղեկավարին կամ իրավասու այլ անձի:

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավասու անձինք տեսալսողական մեդիածառայության գործունեության վայրում չեն կամ հրաժարվում են ստանալ մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը եւ ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, ապա անմիջապես կարող է իրականացվել մշտադիտարկում:

7. Տեսալսողական մեդիածառայությունում կամ ցանցային օպերատորի մոտ մշտադիտարկում իրականացնելու դեպքում վերջիններս մշտադիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովեն անհրաժեշտ աշխատանքային տարածքով եւ տեխնիկական միջոցներով:

8. Մշտադիտարկման արդյունքներով կարգավորող պետական մարմնի աշխատակիցը կազմում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն:

9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաեւ վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Դիտարկման արդյունքների եւ հաշվառման մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաեւ դիտարկման արդյունքների եւ հաշվառման մատյանների տվյալների միջեւ անհամապատասխանությունը, անհամապատասխանությունների քանակը եւ տեւողությունը:

10. Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող, իսկ տեսալսողական մեդիածառայությունում կամ ցանցային օպերատորի մոտ մշտադիտարկում իրականացնելու դեպքում` վերջիններիս տիրապետության տակ գտնվող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ տեսալսողական մեդիածառայությունում կամ ցանցային օպերատորի մոտ մշտադիտարկում իրականացնելու դեպքում` կարգավորող պետական մարմնի եւ տեսալսողական մեդիածառայության կամ ցանցային օպերատորի ներկայացուցիչը:

12. Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է տեսալսողական մեդիածառայություն կամ ցանցային օպերատորին:

13. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում տեսալսողական մեդիածառայությունը կամ ցանցային օպերատորը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է դրանք ներկայացնել կարգավորող պետական մարմին:

14. Տեսալսողական մեդիածառայությունում կամ ցանցային օպերատորի մոտ իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում վերջիններիս ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ եւ ստորագրում:

15. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձը հրաժարվում է ստորագրել եւ ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ մշտադիտարկման իրականացման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակը փոստով առաքվում է:

16. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը տեսալսողական մեդիածառայության ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, եւ արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի պատճենը (կանոնադրություն, հրաման, որոշում, լիազորագիր կամ այլ փաստաթուղթ), որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինելու տեսալսողական մեդիածառայության կամ տեսալսողական տեղեկատվություն տարածողի ղեկավարին:

17. Եթե տեսալսողական մեդիածառայության կամ ցանցային օպերատորի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է մշտադիտարկման իրականացմանը, ապա կարգավորող պետական մարմնի աշխատակիցն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաեւ մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած տեսալսողական մեդիածառայության կամ տեսալսողական տեղեկատվություն տարածողի ներկայացուցչի անունը, ազգանունը եւ պաշտոնը:

18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց:

19. Մշտադիտարկման իրականացման վերաբերյալ արձանագրության ձեւը հաստատում է կարգավորող պետական մարմինը:


ԳԼՈՒԽ 7

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱԶՈՐՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 43. Իրավաբանական կամ ֆիզիկական անձի հեղինակազորումը որպես մասնավոր տեսալսողական մեդիածառայություն

1. Տեսալսողական մեդիածառայության հեղինակազորման հայտը բավարարվում կամ մերժվում է կարգավորող պետական մարմին այն ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում:

2. Հայտում նշվում են.

1) հայտ ներկայացնողի անվանումը եւ գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրային տվյալներ.

2) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.

3. Հայտին կցվում են հիմնադիր մասնակիցների տվյալները, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության եւ մասնագիտության մասին տեղեկություններ.

4. Կարգավորող պետական մարմինը հայտը մերժում է, եթե ներկայացվածի ուսումնասիրությամբ պարզվում է, որ հայտ ներկայացնողը չունի համապատսխան միջոցներ սույն օրենքով նախատեսված պահանջների կատարումն ապահովելու համար, ինչպես նաեւ ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են կամ չեն համապատասխանում սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին եւ հայտ ներկայացնողը չի վերացրել կարգավորող պետական մարմնի նշած թերությունները:

Հոդված 44. Հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսում գործող տեսալսողական մեդիածառայությունները

1. Կարգավորող պետական մարմնի կողմից մուլտիպլեքսում գործելու համար մրցույթները հայտարարվում են այդ ցանցում գործող տեսալսողական մեդիածառաթյան լիցենզիայի ժամկետը լրանալու կամ նոր սլոթ առաջանալու դեպքում:

2. Հանրային մուլտիպլեքսում կարող են ներառվել միայն Հայաստանի Հանրապետությունում գործող տեսալսողական մեդիածառայությունները:

3. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը իրենց վերգետնյա հաճախությունների սփռման տարածքներին համապատասխան հեռարձակման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են հեռարձակել իրենց` անվճար հեռարձակման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը:

4. Տեսալսողական մեդիածառայության լիցենզիայի ժամկետի լրանալու հիմքով մրցույթը հայտարարվում է այդ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ:

5. Հանրային մուլտիպլեքս ցանցում նոր սլոթ առաջանալու դեպքում կառավարության լիազոր մարմինը այդ մասին տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին, որը 1 ամիս հետո հայտարարում է մուլտիպլեքսի ցանցում գործելու տեսալսողական մեդիածառայության մրցույթ:

6. Թեմատիկ ուղղվածությունների բովանդակությունը, դրանց հասկացությունները սահմանվում են կարգավորող պետական մարմնի որոշմամբ:

7. Թվային հեռարձակման տեխնիկական հնարավորություն առաջանալու դեպքում լսողական մեդիածառայությունները կարող են ներառվել մուլտիպլեքսում` իրենց լիցենզիոն պայմաններին համապատասխան:

Հոդված 45. Լիցենզավորումը

1. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս տեսալսողական մեդիածառայությանը տեսալսողական տեղեկատվության հեռարձակում իրականացնելու համար օգտվել սահմանափակ ռեուրսից` հանրային մուլտիպլեքսի սլոթից, ֆիզիկական կամ իրավաբանական անձին իրականացնել մուլտիպլեքս օպերատորի գործունեություն, իսկ ցանցային օպերատորին վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող տեսալսողական մեդիածառայությունների եւ օտարերկրյա տեսալսողական մեդիածառայությունների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Օտարերկրյա տեսալսողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում առանց լիցենզիա կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա:

3. Լիցենզիայի մրցույթի անցկացման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:

4. Ցանցային օպերատորի լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:

5. Լիցենզիան չի կարող փոխանցվել կամ օտարվել այլ անձի:

Հոդված 46. Լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտը

1. Տեսալսողական մեդիածառայությունների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտում նշվում են`

1) Տեսալսողական մեդիածառայության անվանումը

1) հեղինակազորման համար հայտում ներառված տվյալներ փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ.

2) տեսալսողական տեղեկատվության թեմատիկ ուղղվածությունը.

3) սփռման տարածքը.

4) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ տեսալսողական մեդիածառայությունների հիմնադիր եւ լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ տեսալսողական տեղեկատվության արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.

5) սեփական եւ հայրենական տեսալսողական հաղորդումների ծավալը.

6) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

2. Հայտին կցվում է լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

Հոդված 47. Լիցենզավորված անձի ընտրությունը

1. Կարգավորող պետական մարմինը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`

1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.

2) հայրենական տեսալսողական հաղորդումների գերակայությունը.

3) բազմակարծությունը խթանելու կարողությունը.

4) դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները.

5) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:

2. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`

1) գործող այն տեսալսողական մեդիածառայություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.

2) գործող այն տեսալսողական մեդիածառայություններին, որոնք տեսալսողական հաղորդումների արտադրության եւ հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:

3. Կարգավորող պետական մարմինը մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա: Կարգավորող պետական մարմնի որոշումը պետք է լինի պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված: Կարգավորող պետական մարմինն ապահովում է իր որոշման հրապարակայնությունը: Վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է կարգավորող պետական մարմնի սահմանած մրցույթի անցկացման կարգով:

Հոդված 48. Ցանցային օպերատորի լիցենզիա ստանալու դիմումը

1. Ցանցային օպերատորի լիցենզիա ստանալու համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով, կարգավորող պետական մարմին ներկայացնում է դիմում, որում նշվում են`

1) դիմումատուի անվանումը եւ գտնվելու վայրը.

2) տեղեկություններ դիմումատուի` այլ տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողի հիմնադիր եւ լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ տեսալսողական տեղեկտվության արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.

3) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

2. Դիմումին կից ներկայացվում են դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին:

3. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կարգավորող պետական մարմինը դրանք ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դիմողին պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին` դրանց շտկման նպատակով: Դիմողն իրավունք ունի սույն մասում նշված ծանուցումը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմին ներկայացնել փաստաթղթերը` առանց սույն մասում նշված թերությունների:

4. Ցանցային օպերատորի լիցենզավորման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:

Հոդված 49. Դիմումի քննարկումը եւ որոշման ընդունումը

1. Ցանցային օպերատորին լիցենզիա տալու համար կարգավորող պետական մարմինն իր նիստում քննարկում է դիմումը եւ որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:

2. Լիցենզիա տալու մասին որոշման մեջ ներառվում են այն տեսալսողական ծրագրերը, որոնք ենթակա են պարտադիր հեռարձակման տեսալսողական տեղեկատվություն տարածողի լիցենզիա ստացած անձի կողմից:

3. Լիցենզիա չի տրվում, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են կամ չեն համապատասխանում սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին եւ դիմողը չի վերացրել կարգավորող պետական մարմնի նշած թերությունները.

2) բացակայում են տեսալսողական տեղեկատվության հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:

4. Լիցենզիա տալը մերժելու հիմքերի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են որոշման ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Լիցենզավորման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Հոդված 50. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի գործունեությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գործող տեսալսողական մեդիածառայությունների տեսալսողական տեղեկատվությունը տեսալսողական տեղեկատվություն տարածողի լիցենզիա ստացած անձի կողմից կարող է վերահեռարձակվել.

1) տեսալսողական տեղեկատվության դիստրիբյուտորի հետ պայմանագրի հիման վրա.

2) տեսալսողական տեղեկատվության դիստրիբյուտոր հանդիսանալու դեպքում:

2. Վերահեռարձակումը կատարվում է հեռարձակման հետ համաժամանակյա կամ գրեթե համաժամանակյա` տեսալսողական տեղեկատվության հեռարձակումից մինչեւ դրա ընդունումն ընկած կարճաժամկետ ընդհատումներով առաջացող տատանումների հետեւանքով` հեռարձակման գործընթացին ներհատուկ տեխնիկական պատճառներով պայմանավորված:

3. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սեփական արտադրության տեսալսողական տեղեկատվություններ չի կարող արտադրել եւ հեռարձակել:

Հոդված 51. Լիցենզիայի վավերապայմանները

1. Լիցենզիան պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

1) կարգավորող պետական մարմնի անվանումը.

2) լիցենզիայի սերիան եւ համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը.

4) գործունեության տեսակը, որի համար տրվել է լիցենզիան.

5) տեսալսողական մեդիածառայության կամ տեսալսողական տեղեկատվություն տարածողի գտնվելու վայրը.

6) սփռման տարածքը.

7) լիցենզիայի գործողության ժամկետը:

8) կարգավորող պետական մարմնի նախագահի ստորագրությունը:

2. Լիցենզիայի պայմանները կցվում են լիցենզիային եւ համարվում դրա անբաժանելի մասը:

Հոդված 52. Լիցենզիա տալը

1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաեւ դիմումի հիման վրա կարգավորող պետական մարմնի որոշումը ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրք:

2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմինը նշված անձանց տալիս է համապատասխան լիցենզիաներ:

3. Սույն հոդվածով սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելը հիմք է լիցենզիա տալու մասին եւ մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու համար:

4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով չեղյալ ճանաչվելու դեպքում կարգավորող պետական մարմինը հայտարարում է արտահերթ մրցույթ եւ իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով:

5. Տեսալսողական մեդիածառայությունների լիցենզիաները տրվում են յոթ տարի, ցանցային օպերատորների լիցենզիան` տաս տարի ժամկետով` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզիայի ժամկետի երկարացման հնարավորությամբ, մուլտիպլեքս օպերատորի լիցենզիան` անժամկետ:

ԳԼՈՒԽ 8

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ



Հոդված 53. Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքս օպերատորի վերաբերյալ

1. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով կարգավորող պետական մարմնի տված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի տեսալսողական մեդիածառայության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:

2. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր է գործունեություն իրականացնել մուլտիպլեքս ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան երկու մարզի կամ Երեւան քաղաքի տարածքը:

3. Մասնավոր մուլտիպլեքսի ցանցի բաղադրիչները (ներառյալ` ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները) պետք է պատկանեն մասնավոր մուլտիպլեքս օպերատորին սեփականության, վարձակալության կամ այլ օգտագործման իրավունքով:

4. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորն իրավունք չունի մատուցելու այլ ծառայություններ, քան այնպիսիները, որոնք բացառապես կապված են մուլտիպլեքս ցանցի գործունեության եւ շահագործման հետ:

5. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորը պարտավոր է իր մուլտիպլեքսի տեսալսողական տեղեկատվության 20 տոկոսը կարգավորող պետական մարմինի սահմանած ժամկետում, բայց ոչ շուտ, քան երեք ամսում տրամադրել կարգավորող պետական մարմնի կողմից լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություններին` իսկ մնացած տեսալսողական տեղեկատվությունները կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով տեսալսողական մեդիածառայություններին, բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով:

6. Սույն հոդվածում նշված տեսալսողական այլ տեղեկատվությունները չեն կարող տրամադրվել հանրային մուլտիպլեքսում սլոթ օգտագործող տեսալսողական մեդիածառայություններին, բացառությամբ եթե այդ անձը հրաժարվում է հանրային մուլտիպլեքսում իր սլոթից:

Հոդված 54. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը

1. Կարգավորող պետական մարմինը հայտարարում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթ, մինչ մրցույթում հաղթող ճանաչելը: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում դրա հայտարարելուց մեկ տարի հետո կարգավորող պետական մարմինը հայտարարում է նոր մրցույթ:

2. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը հայտարարելուց հետո` վեց ամսվա ընթացքում կարգավորող պետական մարմին է ներկայացվում`

1) դիմում.

2) մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ` ցանցի գործարկման ժամանակացույցը.

3) տեղեկություններ դիմողի մոտ մուլտիպլեքս ցանց ստեղծելու եւ շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ ֆինանսական կարողությունների առկայության մասին:

3. Դիմումում պետք է նշվեն`

1) կարգավորող պետական մարմի տվյալները.

2) դիմողի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության իրականացման հասցեն.

3) մուլտիպլեքսի կառուցման եւ գործարկման համար անհրաժեշտ հաճախությունների մասին, ընդ որում, հաճախությունները պետք է ներառված լինեն կարգավորող պետական մարմինի կառավարմանը հանձնված հաճախություններում:

4. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո կարգավորող պետական մարմինը ցանցի ստեղծման նախագիծը եւ ժամանակացույցը իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը երեք ամսվա ընթացքում:

5. Եթե երեք ամսվա ընթացքում հանձնաժողովը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

7. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը երկու ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը, կարգավորող պետական մարմինը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:

8. Մրցույթի կազմակերպման կարգը (ներառյալ` գնահատման չափանիշները) սահմանվում են կարգավորող պետական մարմնի որոշմամբ:

9.Կարգավորող պետական մարմինը մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծի եւ ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն.

3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքվ սահմանված պահանջին:

ԳԼՈՒԽ 9

ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 55. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվությունների կազմակերպման պայմանները

1. Ցանցային կամ այլ ցանցերով հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման եւ սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձին պատկանող շենքերով ու տարածքներով:

2. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվությունների հեռարձակման կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող տեսալսողական մեդիածառայությունների իրականացման որակի վրա, ինչպես նաեւ չպետք է խաթարի տեսալսողական տեղեկատվություն ընդունող եւ հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:

3. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվությունների հեռարձակում են իրականացնում ոչ գծային տեսալսողական մեդիածառայությունները, որոնք գործունեություն են իրականացնում կարգավորող պետական մարմնի եզրակացությունը ստանալուց հետո:

5. Կարգավորող պետական մարմնի` գործունեությունը թույլատրող որոշումը ստանալուց հետո, ոչ գծային տեսալսողական մեդիածառայությունները կարող են պայմանագրային հիմունքներով գործունեություն իրականացնել ցանցային օպերատորների եւ այլ հաղորդակցության ցանցերով:

Հոդված 56. Տեսալսողական տեղեկատվության դիստրիբյուտորի գործունեությունը եւ տարեկան հաշվետվությունը

1.Տեսալսողական տեղեկատվության դիստրիբյուտորը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելուց հետո:

2.Յուրաքանչյուր նոր տեսալսողական ծրագրի վերաբերյալ ներկայացվում է առանձին ծանուցում:

3. Ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) տեսալսողական ծրագրերի վերաբերյալ.

2) իրավաբանական անձի վերաբերյալ.

3) այլ տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողի հիմնադիր կամ մասնակից հանդիսանալու վերաբերյալ:

4. Կարգավորող պետական մարմինը ծանուցումը հաստատում է 20-օրյա ժամկետում:

5. Ծանուցման մեջ թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ լինելու կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում գովազդ ներառված լինելու դեպքում այն չի հաստատվում:

ԳԼՈՒԽ 10

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 57. Պատասխանատվությունը տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջները խախտելու համար

1. Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաեւ պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների դեպքեր հայտնաբերելու եւ դրանց մասին կարգավորող պետական մարմին գրավոր տեղեկացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետեւյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) գործունեության կասեցում.

4) գործունեության դադարեցում:

2. Վարչական տույժերի հասցեատերերն իրավունք ունեն դիմելու դատարան` կարգավորող պետական մարմնի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Նշված պահանջով հայցը դատարան ներկայացնելը չի կասեցնում գործունեության կասեցման կիրառման մասին որոշման կատարումը:

Հոդված 58. Գրավոր նախազգուշացումը

1. Սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հայտնաբերված խախտումների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, կարգավորող պետական մարմինն իրավախախտումը հայտնաբերելու օրվանից եւ (կամ) պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հայտնաբերված իրավախախտումների դեպքերի մասին տեղեկացվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում գրավոր նախազգուշացնում է խախտում կատարած անձին` պահանջելով վերացնել խախտումը եւ սահմանելով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ:

Հոդված 59. Տուգանքը

1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տեւող իրավախախտման դեպքում` այն հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

2. Սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք դարձած նույն խախտումը սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3. Տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողի կողմից համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում` այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը սահմանափակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.04, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

4. Տեսալսողական մեդիածառայության անվանումը, ազդականչը միայն օտար լեզուներով (առանց հայերեն տարբերակի) օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Տեսալսողական մեդիածառայության կողմից հայերեն հաղորդումները ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

6. Ցանցային օպերատորի կողմից, առանց պայմանագրի վերահեռարձակում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.04, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:

7. Ընտրությունների եւ հանրաքվեների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

8. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն» ենթագրի հաղորդումներ սփռելը, իսկ լսողական հաղորդումների դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ դրա մասին չհիշեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

9. Տեսալսողական մեդիածառայությունների կողմից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նկատմամբ խտրականության դրսեւորումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

10. Տեսալսողական մեդիածառայության լրատվական հաղորդումներում թեկնածուների եւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական միջոցառումների վերաբերյալ անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

11. Տեսալսողական մեդիածառայությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների գովազդի հեռարձակումը 06:00-ից մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաեւ մանկապատանեկան տեսալսողական հաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը առաջացնում են տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

12. Լրատվական հաղորդումների գովազդային ընդհատումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

13. Լսողական մեդիածառայության կողմից եթերում օրական առնվազն երեք անգամ իր անվանումը չհայտարարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

14. Տեսալսողական մեդիածառայության կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

15. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակուման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

16. Արբանյակային հեռարձակման մասին սույն օրենքով սահմանված ժամկետում կարգավորող պետական մարմին գրավոր չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

17. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

18. Տեսալսողական հաղորդումների հաշվառման մատյանի վարման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

19. Տեսալսողական տեղեկատվության դիստրիբյուտորի կողմից օտարերկրյա ծրարերը գովազդով տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

20. Տեսալսողական մեդիածառայությունների կողմից «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելը`

Առաջացնում է տուգանքի նշանակում Հասույթի 0.03, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

21. Տեսալսողական մեդիածառայության կողմից հեռարձակած հաղորդումների տեսագրությունները եւ ձայնագրությունները` սույն օրենքով սահմանված ժամկետով չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

22. Տեսալսողական հաղորդման ընթացքում յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով տասնչորս րոպեից ավելի տեւողությամբ գովազդ հեռարձակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.04, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

23. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

24. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.01, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

25. Սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

26. Արգելված հովանավորություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

27. Պետության կողմից հայտարարված սգո եւ հիշատակի օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումներ հեռարձակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

28. Առանց սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

29. Կարգավորող պետական մարմնի որոշմամբ կամ նախագահի գրությամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

30. Կարգավորող պետական մարմին նախորդող տարվա հասույթի չափի վերաբերյալ տեղեկություն չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

31. Սույն հոդվածի 2-29-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված տուժի եռապատիկի չափով:

Հոդված 60. Տեսալսողական մեդիածառայության եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողի գործունեության կասեցումն ու դադարեցումը

1. Տեսալսողական մեդիածառայության գործունեությունը կասեցվում է, եթե`

1) տեսալսողական մեդիածառայությունը սույն օրենքի 59-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

2) տեսալսողական մեդիածառայությունը սույն օրենքի 59-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով սույն օրենքի 59-րդ հոդվածի 7-10-րդ մասերի համաձայն` մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

3) տեսալսողական մեդիածառայության տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետեւանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ են ստեղծվում այլ տեսալսողական մեդիածառայությունների եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը.

4) լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայությունն առանց որեւէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում.

5) լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայությունը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ.

6) այդ մասին կա տեսալսողական մեդիածառայության դիմումը.

7) խախտվել են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.

8) ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Հանրապետության վարչապետին կամ նրա լիազորած անձին պաշտոնական հայտարարություններ կատարելու համար եթերաժամանակ չի հատկացվել.

2. Գործունեությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:

3. Տեսալսողական մեդիածառայության գործունեությունը դադարեցվում է, եթե`

1) իրավաբանական անձը լուծարվել է.

2) տեղի է ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.

3) լիցենզիա ստանալու կամ հեղիանակզորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.

4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել:

4. Տեսալսողական հաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել`

1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.

2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ անձը տեղյակ է պահել կարգավորող պետական մարմին եւ ստացել թույլտվություն.

3) անհաղթահարել ուժի հետեւանքով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում տեսալսողական մեդիածառայությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:

6. Սույն հոդվածով սահմանված հիմքերով մուլտիպլեքս ցանցի միջոցով հեռարձակելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից երեք ամիս հետո կարգավորող պետական մարմինը հայտարարում է արտահերթ մրցույթ եւ իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով:

7. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ տեսալսողական տեղեկատվություն տարածողների վրա այնքանով, որքանով կիրառելի են:

Հոդված 61. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիայի դադարեցումը

1. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիան դադարեցվում է լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ եթե`

1) մուլտիպլեքս օպերատորը չունի օրենքով պահանջվող թվային ցանց.

2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տեւում է երեք ամսից ավել:

ԳԼՈՒԽ 11

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 62. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքը ճանաչել ուժը կորցրած:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեսալսողական մեդիածառայությունները եւ տեսալսողական տեղեկատվություն տարածողները շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետներին համապատասխան:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին նոր լիցենզիա ստացած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմասով համարվում են հեղինակազորված եւ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմասով համարվում են հեղինակազորված:

6. Սույն օրենքն օրենքն ուժի մեջ մտնլուց հետո` վեցամսյա ժամկետում սեփական տեսալսողական հաղորդում հեռարձակող մալուխային հեռուստառադիոընկերությունները դադարեցնում են սեփական հաղորդման հեռարձակումը կամ ներկայացնում են հեղինակազորման հայտ` տեսալսողական մեդիածառայության կարգավիճակ ստանալու համար:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մալուխային հեռուստառադիոընկերությունները համարվում են ցանցային օպերատորներ եւ շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետով:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարգավորող պետական մարմնի նախագահը, անդամները, Խորհրդի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ավարտը:

9. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հասկացությունները կարգավորող պետական մարմինը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

10. Ոչ գծային տեսալսողական տեղեկատվության վերաբերյալ թույլտվություն ստանալու համար հայտերը ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում:

11. Մրցութային հանձնաժողովի կարգը կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում:

12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած տեսալսողական մեդիածառայությունները լիցենզիան ստանում են սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններին համապատասխան:

13. Լսողական մեդիածառայությունների համար անալոգային հաճախությունների վրա տարածվում են սույն օրենքով սլոթի վերաբերյալ նախատեսված կարգավորումները:

14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում սույն օրենքով նախատեսված տուգանքները կիրառվում են 50 տոկոսի չափով:

15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով արգելված արարքներ կատարելու համար կիրառվում են գրավոր նախազգուշացում:


 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեսալսողական մեդիայի մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորելու համար այլեւս ոչ արդիական նորմատիվ իրավական ակտ է, որը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք չեն համապատասխանում առկա համայնապատկերի բնութագրիչներին: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ուժի մեջ է մտել դեռեւս այն ժամանակ, երբ ավանդական անալոգային ռադիոն եւ հեռուստատեսությունը հիմնականում համարվել են տեսալսողական ծառայությունների միակ տեսակը, որը կարող էր հասանելի լինել քաղաքացիների մեծամասնության համար: Նորմատիվ իրավական ակտը փոփոխություններ է կրել մասնակիորեն վերգետնյա թվային հեռուստատեսությանը` անցում կատարելու գործընթացի համար: Տեսալսողական մեդիա ծառայությունների մատուցման եղանակների, ինչպես նաեւ ոչ վերգետնյա բաշխման համակարգերի (մալուխային, արբանյակային) ընդլայնումը բերել է տվյալ ոլորտում ծագող բազմաթիվ այլ հասրակական հարաբերությունների առաջացմանը, ինչի արդյունքում գործող կարգավորումները վերածվել են մի օրենսդրական ակտի, որով կարգավորվում է ներկայումս Հայաստանում մատուցվող ծառայությունների միայն մի մասը:

Ոլորտը կարգավորող օրենքի շրջանակներում պետք է կարգավորվեն տեսալսողական հաղորդակցության այն բոլոր տեսակները, որոնք գտնվում են ծառայություն մատուցողի խմբագրական անձնակազմի, դիստրիբյուտորի եւ տեսալսողական արտադրանքն օգտատերերին հասցնողների պատասխանատվության ներքո:

Սա ներառում է ոչ միայն ռադիոն եւ հեռուստատեսությունը, այլ նաեւ ըստ պահանջի ծառայությունները (անկախ նրանից, թե ինչ հատուկ տեխնոլոգիա եւ հարթակ է օգտագործվել դրանք բաշխելու համար): Այն ընդհուպ պետք է ընդգրկի նաեւ տեսագրությունների տարածման հարթակների գործունեության որոշ հայեցակետեր, ինչպիսիք են համացանցում տարածվող սակայն ցանցային օպերատորի կողմից հեռարձակման ընթացքում ծագող հասարակական հարաբերությունները: Գործող կարգավորմամբ` ելնելով սկզբունքներից, պետք է նախատեսված լիներ ծառայության տեսակներ, բովանդակություն, այլ ոչ թե կենտրոնացում այն տեխնոլոգիայի վրա, որը ապահովում է դրա տարածումը կամ բաշխումը, քանի որ այն այլ նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկան պետք է հանդիսանա: Բացի այդ, կենտրոնանալով տեխնոլոգիաների վրա` կորսվում է ճկունությունը, քանի որ տեխնոլոգիաներն արագ են զարգանում, իսկ օրենսդրի` քննարկվող իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտը պետք է լինի հարատեւ:

Ներկայումս տեսալսողական մեդիայի վերաբերյալ օրենքի դերը պետք է ուղղված լինի արդեն իսկ գոյություն ունեցող տարբեր մեդիա սուբյեկտների գործունեությունը հեշտացնելուն եւ հանրային ոլորտի շրջանակներում նրանց դերին եւ դիրքին համաչափ եւ համապատասխան իրավունքների եւ պարտականությունների համակարգ ստեղծելուն` այդպիսով խուսափելով ավելորդ կամ անհամաչափ սահմանափակումներից, բայց նաեւ բաց չթողնել կարգավորման համար անհրաժետ որեւէ հարաբերություն: Դրանով պետք է դյուրացվի նաեւ նոր սուբյեկտների մուտքը տեսալսողական շուկա, մասնավորապես` թվայնացմամբ եւ մասնավոր մուլտիպլեքս օպերատորի ներգրավմամբ պայմանավորված, եւ ապահովվի տարբեր տեսակի մեդիաների միջեւ հավասարակշռված մրցակցային միջավայր:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքը դրույթներ չի պարունակում տեսալսողական արտադրանքի որակի հետ կապված, սակայն դրույթներ է պարունակում բիզնես ծրագրերի վերաբերյալ: Տեսալսողական մեդիայի վերաբերյալ օրենքի դերակատարությունը ֆիզիկական անձնաց կամ մասնավոր ընկերությունների բիզնես եւ ֆինանսական հնարավոր մոդելները սահմանելը չէ: Ներկայումս մեդիա հարթակների համար կան հնարավոր տարբեր եղանակներ` հաջող գործունեություն ծավալելու համար, ինչը կախված է նաեւ նրանց կողմից մատուցվող ծառայությունների տեսակից եւ օգտատերերով ձեւավորվող այն լսարանից, որին նրանք նպատակ ունեն թիրախավորելու: Այդ պատճառով այդ խնդիրների հետ կապված ցանկացած իրավական կարգավորում ավելորդ է եւ միջամտողական: Օրենքը նաեւ պարունակում է ոչ բավարար դրույթներ` ուղղված բազմակարծությունն ու բազմազանությունը երաշխավորելուն:

Գործող օրենքը չի պարունակում հանրային շահը սպասարկող մեդիայի առաքելության եւ նպատակների վերաբերյալ պատշաճ եւ նյութաիրավական կարգավորում, որը թույլ կտար կարգավորող պետական մարմնին սահմանել իր գործողությունները եւ դրանք համապատասխանեցնել թվայնացված նոր միջավայրին: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն օրենքով պաշտոնապես բնութագրվում է որպես մի մարմին, որը գործում է անկողմնակալ, անկախ եւ թափանցիկ կերպով` հիմք ընդունելով օրենքը: Այնուամենայնիվ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը ներառում է նաեւ մի քանի այնպիսի տարրեր, որոնք չեն համապատասխանում հռչակված այս ընդհանուր պահանջներին, եւ այդ մասով նույնպես անհրաժեշտ է պատշաճ փոփոխություններ կատարել իրավական բարեփոխումների գործընթացի համատեքստում: Գործող օրենքը ներառում է լիցենզավորման կարգի վերաբերյալ մի շարք մանրամասն դրույթներ: Լիցենզիա ստանալն օրենքով սահմանված է որպես ռադիո եւ հեռուստատեսային ծառայություններ մատուցելու միակ հնարավոր եղանակ, այնինչ լիցենզիան տեսալսողական արտադրանք կազմողների ու հանրության ներկայացնողների համար պետք է հանդիսանա միմիայն հանրային մուլտիպլեքսի սլոթն օգտագործելու թույլտվություն, ինչն արդեն պետական սահմանափակ ռեսուրս է եւ այդ պարագայում է միայն հասկանալի լիցենզիայի տրամադրման իմաստը: Այն կարող էր հիմնավորվել վերգետնյա հեռարձակման համակարգի եւ ավանդական մեդիայի գերակայության համատեքստում, բայց ոչ երբեք համաչափ` թվային միջոցների ներկայիս տարատեսակության համատեքստում: Արդյունքում ունենք բազմաթիվ նմանատիպ կազմակերպություններ, որոնք իրենց եւ՛ ուղղվածությամբ, եւ՛ լսարանով, եւ՛ տեխնիակակն ու ֆինանսական միջոցներով, եւ՛ արտադրանքով ամբողջությամբ տեղավորվում են տեսալսողական մեդիածառայության տրամաբանության մեջ, մասնավորապես` ունեն տեսալսողական արտադրանք, այնինչ այնպիսի միջոցների օգտագործմամբ են արտադրանքի ազդանշաններն հասցվում օգտատերերին, որ դուրս են մնում գործող օրենքի կարգավորման դաշտից:

Գործող կարգավորմամբ պատասխանատվության միջոցները անարդար անհավասարության սկզբունքով են եւ ոչ թե արդար անհավասարության, քանի որ առկա սանկցիաները անհատական պատասխանատվության սկզբունք չեն ենթադրում որքան էլ որ ունեն հարաբերական որոշակի տեսք: Օրենքով արգելված հանրորեն վտանգավոր միեւնույն արարքի համար ֆինանսական շրջանառությամբ էականորեն տարբերվող երկու ընկերություններ կարող են պատասխանատվության ենթարկվել միեւնույն ձեւով եւ չափով, ինչը տուժամիջոցի նպատակները չի արդարացնում, քանի որ իրավախախտում կատարող սուբյեկտը, ունենալով մեծ միջոցներ եւ վճարելով իր հասույթի համեմատ չնչին չափ կազմող տուգանքը չի ուղղվում, դա չի նպաստում սոցիալական արդարության վերականգնմանը եւ չի հանդիսանում նաեւ կանխարգելում, քանի որ նմանատիպ հասույթ ունեցող այլ սուբյեկտների պարագայում եւս պետական հարկադրանքի այդ ձեւը եւ չափը պարզապես երաշխիք չէ նոր արարքների կանխման համար:

Իրավական ակտի ընդունման եւ կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

ա) հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում.

բ) իրավական բարենպաստ եւ հեռանկարանային դաշտի ստեղծում.

գ) մեդիա ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում.

դ)բարձրորակ լրագրության ստեղծում.

ե) մեդիա գրագիտության բարձրացում.

զ) ատելության խոսքի նվազում.

է) մեդիայի արդյունավետ կառավարում.

ը) մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն.

թ) հավաստի եւ բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում.

ժ) պատասխանատվության անհատականացման ապահովում.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտության մեկնաբանությունը

Առաջարկվող նախագծով մանրամասն առկա է օրենքի նպատակն ի տարբերություն գործող կարգավորման եւ այն առանձնացված է մասով:

Գործող օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ օրենքի կարգավորման առարկան ընդգրկում է «հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, հեռուստաընկերությունների լիցենզավորման եւ ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները»: Այս կարգավորումը շատ սահմանափակ է եւ դրանից նաեւ բխում է, որ պետք է լինի առեւտրային մեդիա հարթակների հետ կապված չափազանց միջամտողական մտադրություն:

Տեսալսողական մեդիա ծառայությունների վերաբերյալ օրենքի շրջանակներում պետք է կարգավորվեն տեսալսողական հաղորդակցության տեսակները, որոնք գտնվում են ծառայություն մատուցողի խմբագրական անձնակազմի պատասխանատվության ներքո: Սա ներառում է ոչ միայն ռադիոն եւ հեռուստատեսությունը, այլ նաեւ ըստ պահանջի ծառայությունները (անկախ նրանից, թե ինչ հատուկ տեխնոլոգիա եւ հարթակ է օգտագործվել դրանք բաշխելու համար):
Նախագծով առաջարկվում է կարգավորել մեդիա ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունների ավելի լայն հարթակ` բացառելով միայն համացանցը: Համացանցի վրա տարածվում է այնքանով, որ դրանում տարածվող տեսալսողական արտադրանքը կարող է հեռարձակվել ցանցային օպերատորների կողմից, իսկ նման պարագայում տեսալսողական արտադրանք տվողը ոչ այլ ինչ է, քան տեսալսողական մեդիածառայություն մատուցող` անկախ այն հանգամանքից իր կազմած տեսալսողական տեղեկատվությունը սեփական ցանցով է տարածվում, թե տեսալսողական տեղեկատվություն տարածողի կողմից: Արրդյունքում, ըստ էության տարածվում է ոչ թե համացանցի վրա, այլ ցանցային օպերատորի միջոցով տեսալսողական տեղեկատվությունն օգտատերերին տրամադրելու նպատակ ունեցող սուբյեկտների գործունեության վրա: Համացանցի վրա չի կարող տարածվել, քանի որ այդ միջոցները ստեղծված չեն Հայաստանի Հանրապետությունում, դրանց գործունեությունը ծավալվում է այլ երկրներում եւ կարգավորվում է տվյալ երկրների օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով:

Նախագծով ներկայացված են պահանջները, որոնք անհրաժեշտ են սուբյեկտին համարվելու Հայաստանի Հանրապետությունում գործող տեսալսողական մեդիածառայություն` նպատակ ունենալով հստակ տարանջատել օտարերկրյա տեսալսողական մեդիածառայություններին մեր երկրում գործողներից:

Նախագծում ներառվել են հիմանական հասկացություններ եւ տրվել են հնարավոր հասկանալի ձեւակերպումներ: Հիմնական հասկացություններում չեն ներառվել հանրածանոթ հասկացություններ: Տեսլասողական մեդիածառայություն հասկացությունը ֆիքսվել է որպես սուբյեկտ եւ այն հիմնական սուբյեկտը, որը կրելու խմբագրական պատասխանատվություն: Հստակ տարանջատվել են տեսալսողական մեդիածառայությունները տեսալսողական տեղեկատվություն տարածողներից: Տեսալսողական արտադրանքն ընդհանրապես` ներառվող գովազդով, ելքային տվյալներով, ենթագրերով ֆիքսվել է որպես առավելագույն կատեգորիա: Մյուս բոլոր տերմինները` արտադրանք, նյութ, տեղեկություն, լուր եւ այլն ունեն առավել շեշտված կենցաղային երանգ եւ պակաս պիտանի են բնութագրման համար եւ չեն կարող օգտագործվել ինֆորմացիայի փոխարեն: Տեսալսողական տեղեկատվություն տարածողներ հասկացության մեջ ընդգրկվել են ցանցային եւ մուլտիպլեքս օպերատորները եւ մեկ հասկացությամբ են օգտագործվում այն դեպքերում, երբ դրույթը վերաբերելի է երկուսին: Ցանցային օպերատոր է նշվել` պահպանելով տեխնոլոգիական չեզոքություն, քանի որ ընդհանրապես բացակայում է անհրաժեշտությունը ֆիքսելու միջոցները, այսինքն ֆիքսելու դրանք մալուխային են կամ այլ: Դիստրիբյուտոր հասկացությունում ֆիքսվել է տեսալսողական տեղեկատվության իրավատեր, որպեսզի շփոթմունք չառաջանա տեսասլողական մեդիածառայության հետ, բացի այդ այն նոր` արդյունավետ կարգավորման նպատակով է սահմանվել, որին անդրադարձ կլինի ստորեւ: Նոր մոդելի ներդրմամբ պայմանավորված ձեւակերպվել է հեղինակազորում հասկացությունը:

Նախագծով առաջարկվում է հստակ կարգավորում տեսալսողական տեղեկատվության լեզվի հետ կապված: Մասնավորապես առաջարվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից: Նախատեսվում է պահանջ կրկնօրինակել, հնչյունավորել այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները կամ դրանք մատուցել բնօրինակով եւ ենթագրերով: Կարգավորումն ունի նպատակ սույն օրենքի սկզբունքների համատեքստում բարձրացնել տեսալսողական արտադրանքի որակն ու պահանջարկը, մեծացնել հայրենական արտադրանքը: Նույն նպատակով պահանջներ են նախատեսված երաժշտական ստեղծագործությունների եւ դրանց մատուցման ժամի հետ կապված, որպեսզի ֆիքսվի նպատակը եւ տա իրական արդյունք, այլ ոչ թե դրանք սկսվեն մատուցվել միայն գիշերային ժամերի եւ կրեն ձեւական բնույթ: Դրույթներից որոշները տարածվում են միայն լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայությունների վրա այն հասկանալի պատճառով, որ նրանց տրամադրվում է պետական սահմանափակ ռեսուրս եւ պահանջներն էլ պետք է որոշակի տարբեր լինեն: Կարեւորագույն դրույթներից մեկը տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումն է:
Առաջարկվող արգելող նորմերը պայմանավորված են ոչ հավաստի տեղեկություններ տարածելու հանրորեն մեծ վտանգավորությամբ` այն էլ մեդիայում գերիշխող դիրք ունեցող տեսալսողական մեդիա սուբյեկտների համար:

Ոչ հավաստի տեղեկությունների ներազդումն անմիջականորեն ուղղված է մարդկանց մտածողության մոդելների ձեւափոխմանը` ի շահ ներազդող կողմին անհրաժեշտ ուղղվածության, որը հանգեցնում է ներազդման ենթակա հանրույթի ապակայունացմանը, նրա ամբողջության, բարոյական դրվածքների, վստահության խախտմանը, մասնատմանը, նրա ներսում բաժանման, պառակտման, փոխադարձ օտարացվածության ներմուծմանը, թշնամության հրահրմանը:
Ապատեղեկատվության տարածումն իրականացվում է ամենատարբեր ձեւերով, կախված նպատակներից` հաջորդականությամբ, կրկնությամբ, ժամանակի ընտրությամբ:

Մարդկանց պատկերացումների փոփոխման նպատակը դառնում է ապատեղեկատվություն տարածողի մասին իրականության խեղաթյուրումը:

Ապատեղեկատվության տարածումը` սոցիալական, հոգեբանական ներգործություն է, որն ուղղված է փոխելու անհատի, խմբի կամ հանրության ընկալումը` թաքնված, կեղծ գործելակերպով:

Ապատեղեկատվության տարածման անմիջական հետեւանքը անհատի մոտ կարող է լինել մեղքի զգացման, վախի, կասկածի ներշնչումը:

Խնդիրն արդիական է Հայաստանում:

Կեղծ լուրեր տարածելը դարձել է քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս եւ կարող է լուրջ ազդեցություն գործել նաեւ ընտրական գործընթացների վրա:

Այս դրույթի նախատեսումը ազատության դեմ հարձակում չէ, այլ` երաշխիք:

Նախատեսվող նորմերն ուղղված են հստակ տարանջատելու կարծիքը հավաստի հաղորդագրությունից:

Ոչ հավաստի տեղեկատվություն հասկացությունը բազմիմաստ չէ եւ նոր չէ, հասկացությունը ամենօրյա կիրառելի է եւ չի կարող տարակարծություն առաջացնել: Այն ներառում է իր մեջ բազմաթիվ հասկացություններ եւ առաջարկվող դրույթի եւ օրենքի նպատակի համադրված վերլուծությամբ հնարավորություն է տալիս կիրառողներին ընկալել տարանջատումը: Մասնավորապես տեղեկություն հասկացությունը եզրեր չունի կարծիք հասկացության հետ: Վերջին հասկացությունը եզրեր ունի տեսակետ, տեսանկյուն, վարկած եւ նմանատիպ այլ հասկացությունների հետ, ուստի չեն մասնավորեցվել դրանք անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված, սակայն անհրաժեշտությունը կա հիմնավորմամբ ներկայացման:

Պատճառահետեւանքային կապը, որ բերում է կարծիքի ձեւավորմանը, իր մեջ ներառում է տվյալ մարդու էմոցիաները, զգացմունքները, համոզմունքները, նրա տեսակետը, ըմբռնումը եւ ցանկությունները: Կարծիքը, ի տարբերություն իմացության , կարող է հիմնվել չապացուցված (չհաստատված), սխալ կամ կեղծ տեղեկատվության վրա: Այսինքն, կարծիքի եզրերն այնքանով են կեղծ տեղեկության հետ, որ կարող են միայն հանդիսանալ ելակետ, որում էլ կայանում է խնդիրը եւ որը պարունակում է սխալ կարծիքի ձեւավորման խնդիրը:

Կարծիքը կարող է լինել պաշտոնական, հասարակական, անհատական, խմբային` օրինակ կուսակցական եւ այն պաշտպանված է սահմանադրաիրավական նորմերով, ուստի այն ենթակա չէ որեւէ կերպ սահմանափակման:
Տեղեկությունն այլ կերպ ասած հարցերի պատասխան է, որը կապված է փաստական տվյալների հետ եւ որը, հետեւաբար, կարող է համադրվել փաստական տվյալների հետ եւ նույնացվել կամ լինել տրամագծորեն հակառակ կամ էականորեն տարբերվող: Վերջին դեպքում տեղեկությունը դառնում է ոչ հավաստի:

Լուր եւ իրազեկում բառերը չեն կիրառվել, քանի որ տեղեկատվության համեմատությամբ ավելի պարզունակ են, հարաբերակցվում է որպես սեռային եւ տեսակային հասկացություն, իսկ դրանով առավել կսահմանափակվեր կարգավորումը:
Դրույթը բավականին մեծ հասարակական հարաբերություններ է կարգավորում եւ էական փոփոխություն է մտցնում տեսալսողական մեդիա ոլորտում:

Կարեւոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունքը նույնպես շարադրված է առանձին` սուբյեկտների դերերի, իրավունքների եւ պարտականությունների հստակ բաշխմամբ:

Սահմանվել են տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքներ` ուղղված տեսալսողական մեդիա ոլորտում ատելության խոսքի վերացմանը, անչափահասների վրա վատ ազդեցություն թողնող տեսալսողական արտադրանքի այնպիսի սահմանափակմանը, որը կբացառի այդ ազդեցությունը: Սահմանափակում է նախատեսվել այնպիսի հաղորդումների կազմակերպման համար, որոնց ընթացքում իրենց բնույթով պայմանավորված կարող են կատարվել մարդու աողջության կամ հասարակական կարգի եւ բարոյականության պաշտպանությանն ուղղված հասարակակն հարաբերությունների դեմ մեծ վտանգավորություն ունեցող ոտնձգություններ: Նորմում հստակ նախատեսված է շարժառիթ, այն է` կենցաղային հողի վրա նախկինում առաջացած վիճաբանություն, որը հանգեցնում է վրեժի, խանդի կամ այլ վտանգավոր շարժառիթի, ինչը որեւէ կերպ վերաբերելի չէ քաղաքական հակասություններին:

Տեսալսողական հաղորդումների կազմակերպանն ուղղված կարգավորումներում հատկանշական է հատկապես հանրային հեռարձակողի վրա դրված պարտականությունն առ այն, որ առաջին ամրագրման կրթական, մշակութային, մանկական հաղորդումները` այդ թվում ֆիլմերը, որոնց իրավատերն է հանդիսանում, այսինքն` սեփական արտադրության են կամ ձեռք են բերվել այլ անձինց, սակայն առկա է օտարելու իրավունքը, պետք ոչ ուշ, քան մեկ տարի անց դրվի ազատ շրջանառության մեջ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայությունների համար: Հանրային հեռարձակողն, այլ կերպ ասած, տեսալսողական արտադրանքը տալիս է պետական բյուջեի շնորհիվ, ուստի, ստացվում է` Հայաստանի Հանրապետությունում օգտատերերն, ովքեր նաեւ հարկ վճարողներն են, սահմանափակ են օգտվում այդ արտադրանքից, քանի որ հանրային հեռարձակողն, ըստ էության, իր վարած քաղաքականության մեջ չի ընդգրկի միեւնույն հաղորդումը` մասնավորապես ֆիլմը, մեկ տարվա ընթացքում բազմիցս ցուցադրելը: Բացի այդ հնարավորություն կտրվի այլ տեսալսողական մեդիածառայություններին` մասնավորապես փոքր սփռում ունեցողներին, ցուցադրել բարձր որակի արտադրանք: Շեշտվում է բարձր որակի արտադրանքը, քանի որ հանրային հեռարձակողների զարգացման նպատակով ստորեւ կներկայացվեն նաեւ պայմաններ, որոնք ուղղակիորեն նպաստելու են դրան:

Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայությունների համար սահմանվել է նաեւ լրացուցիչ պարտականություն` տեսալսողական ծրագրերում շաբաթական ընդհանուրն առնվազն 20 տոկոս մանկական, կրթական եւ մշակութային պարտադիր թեմատիկ ուղղվածությունների ընդգրկումը: Այն նույնպես նախատեսվել է բազմազանությունը ապահովելու եւ նշված ոլորտները մեծապես զարգացնելու նպատակով: Տեսալսողական հաղորդումների կազմակերպմանը վերաբերող մյուս դրույթներն առավել, քան հասկանալի են նախագծից: Տեսալսողական մեդիածառայությունների ազատության ու անկախության երաշխիքի նպատակով է տեսալսողական հաղորդումներում սահմանվել հովանավորության սահմանափակումներ: Այդ նույն երաշխիքով սահմանափակումներ են նախատեսվել նաեւ տեսալսողական մեդիածառայությունների հիմնադիների մասով եւ դրանցից բացառություն չեն կազմում նաեւ բարձրաստիճան պաշտոնատար եւ իրենց փոխկապակցված անձինք, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները, սահմանվել են հակամենաշնորհային երաշխիքներ: Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին առաջադրելու մեխանիզմը գործող օրենքով էլ բավականին բարդ է: Անդամները նշանակվում են վարչապետի կողմից` հատուկ մրցութային հանձնաժողովի առաջադրմամբ, որն ընտրվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից սահմանված կանոններին համապատասխան: Խորհրդի անդամների նշանակման այս բարդ ընթացակարգը որոշակի առումով երաշխավորում է դրանց անկախությունը քաղաքական ղեկավարությունից: Նոր նախագծով մշտական մրցութային հանձնաժողովի փոխարեն առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որ ը կգործի մինչեւ Խորհրդի անդամի թափուր պաշտոնը համալրելը եւ դա հավելյալ երաշխիք է խորհրդի անկախության համար: Նոր մոդելով առաջարկվում է, որ խորհրդի նախագահին Խորհուրդն ընտրի իր կազմից 4 տարի ժամկետով` այդկերպ հնարավորություն տալով խորհրդի այլ անդամներին եւս իրենց պաշտոնավարման ընթացքում դրսեւորվել եւ ընտրվել նախագահի պաշտոնում: Ինչպես վերը նշվեց, հանրային հեռարձակողի զարգացման նպատակով նախատեսվել է ավելացնել խորհրդի անդամների քանակը եւս երկուսով եւ սահմանվել է հաստիքների հստակ ուղղվածություն համաձայն որի Խորհրդի անդամներից երկուսը պետք է լինեն տեսալսողական հեռարձակման կառավարման, մեկը` լրագրության, երկուսը` կրթության կամ գիտության, երկուսը` մշակույթի կամ արվեստի բնագավառի գործիչներ, ունենան բարձրագույն կրթություն եւ տիրապետեն հայոց լեզվին: Նախապատվությունը տրվել է ունենալու երկուական անդամներ թվարկված բնագավառների մասնագիտացմամբ` ելնելով համեմատական զարգացվածությունից, կարեւորությունից:

Առավել ճկուն կարգավորումներ ունենալու նպատակով, առաջարկվող նախագծով, բացի հիմնական լիազորություններից, կարգավորող պետական մարմնին տրվում են նաեւ օրենքից բխող որոշումներ կայացնելու լիազորություն յուրաքանչյուր գործընթացում` ուղղորդող պարամետրերը որոշելու համար: Նախատեսվում են լիազորություններ ոլորտին վերաբերելի քաղաքականության մշակման, նորմատիվ իրավական ակտերի նախագծերին եզրակացություններ տալու: Դրանք ոչ այլ ինչ են, քան ոլորտն առավել ճկուն կարգավորող եւ կարգավորող մարմնին ինքնուրույնության ու անկախության երաշխիք տվող դրույթներ:

Բոլորովին նոր մոդել է տեսալսողական մեդիածառայության հեղինակազորումը, դրա ընթացակարգը բավականին պարզ է, դյուրին` ի տարբերություն լիցենզավորման: Մոդելը նախատեսվել ոլորտը ամբողջությամբ կարգավորելու նպատակով, քանի որ, ինչպես վերը նշվեց, կան կազմակերպություններ կամ անհատներ, որոնք իրենց բնույթով մատուցում են տեսալսողական բնագավառի ծառայություններ եւ մրցակից են լիցենզիա ստացած կազմակերպություններին եւ տարբերությունը կայանում է նրանում, որ չեն օգտագործում հանրային մուլտիպլեքսի սլոթ, սակայն իրենց կազմած տեսալսողական ծրագիրը հեռարձակում են ցանցային օպերատորի միջոցով: Եվ դրա չնախատեսումը պարզապես անհավասարություն է առաջ բերում բնագավառում: Չնախատեսման պարագայում կարգավորումից դուրս կմնան նաեւ մասնավոր մուլտիպլեքսի սլոթ օգտագործող տեսալսողական մեդիածառայությունները: Ուստի բոլոր տեսալսողական մեդիածառայությունները նախ պետք է հեղինակազորվեն եւ որպեսզի չհամարվի այն ավելորդ վարչարարություն, լիցենզիա ստանալու պարագայում չեն ներկայացնում այնպիսի տեղեկություններ, որոնք ներկայացվել են հեղինակազորման ընթացքում եւ չեն ենթարկվել փոփոխության: Այսկերպ հստակ տարանջատվում են տեսալսողական տեղեկատվություն տարածողները, քանի որ նրանք ընդամենը ազդանշանը օգտատերերին հասցնողն են եւ տեսալսողական արտադրանքի բովանդակության համար պատասխանատվություն չեն կարող կրել: Օրենքում կիրառվող կանոններում, եթե չկան նշված լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայութ բառերը, նշանակում է, որ դրանք կիրառելի են բոլորի վրա: Ցանցային օպերատորների վրա դրվել է պարտականություն` հեռարձակելու հանրային մուլտիպլքեսում ներառված տեսալսողական ծրագրերը` իրենց սփռման գոտիներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում հանրային մուլտիպլեքսում ներառված տեսալսողական ծրագրերն օգտատերերին մատուցվում են անվճար, ուստի ցանցային օպերատորներին եւս պետք է դրանք տրամադրվեն, իսկ ցանցային օպերատորները չեն կարող հրաժարվել այդ ծրարգրերից որեւէ մեկը հեռարձակելուց: Ցանցային օպերատորները չեն կարող արտադրել սեփական տեսալսողական հաղորդումներ, հակառակ պարագայում կհամարվեն տեսալսողական մեդիածառայություներ: Մեկ այլ կարգավորում առավել նվազեցրել է վարչարարությունը ցանցային օպերատորների մասով եւ արդյունավետ դարձրել վերահսկողությունը դիստրիբյուտորների կողմից տրամադրված ծրարգրերի հեռարձակման մասով: Նոր կարգավորմամբ առաջարկվում է վերացնել վերահեռարձակման թույլտվությունը, որը տրվում էր ցանցային օպերատորներին, փոխարենը, դիստրիբյուտորից ստանալ ծանուցում տրմադարվելիք ծրարգրերի վերաբերյալ: Որպես օրինակ հարկավոր է նշել հետեւյալը. դիստրիբյուտորը կարող է լինել մեկը, իսկ օպերատորները բազմաթիվ, որոնց կփոխանցվեն վերահեռարձակման իրավունքը եւ առավել է հեշտ է վերահսկողությունը սկսել մինչեւ հեռարձակումը մեկ սուբյեկտի նկատմամբ, քան մի քանի ցանցային օպերատորների: Դիստրիբյուտորը չի կարող ներկայացնել տեսալսողական տեղեկատվության ծրագիր, որում ներառված է օտարերկրյա գովազդ: Այսինքն դրա պատասխանատվությունը բացառապես կրում է դիստրիբյուտորը: Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի համար գործող կարգավորմամբ, ինչպես նշվեց, սահմանված են խիստ պայամաններ` առ այն, որ տվյալ սուբյեկտը պետք է ապահովի հանրային մուլտիպլեքսի սփռման տարածքի 60 տոկոսի չափով սփռման տարածք, որպիսի պարագայում գրեթե հնարավոր չէ մասնավոր մուլտիպլեքս օպերատորի մուտքը տեսալսողական շուկա: Առաջարկվող նախագծով նախատեսվել է տարածքի չափը երկու մարզի կամ Երեւան քաղաքի չափով, ինչը հավանական է դարձնում մասնավոր մուլտիպլեքսի մուտքը շուկա: Բացի այդ վերացվել են ավելորդ վարչարարությունները` մասնավորապես հանրային քննարկումները մուլտիպլեքս օպերատորի մրցույթում, որոնց անհրաժեշտությունը եւ տրամաբանությունը բացակայում է: Պատասխանատվության միջոցներում նունպես կատարվել են մոդելային փոփոխություններ: Գործող կարգավորմամբ պատասխանատվության անհատականացումը կատարվում է միայն մի քանի հարաբերական որոշակի սանկցիաների միջոցով, որոնք ռիսկեր են պարունակում եւ արդարության սկզբունքին չեն համապատասխանում: Չի կարող կիրառվել միեւնույն պատասխանատվության միջոցը մեծ շրջանառություն ունեցող սուբյեկտի նկատմամբ եւ փոքր կամ շրջանառություն ընդհանրապես չունեցող սուբյեկտի նկատմամբ: Ուստի ներդրվել են այնպիսի միջոցներ, որոնցով առաջին հերթին վրա են հասնում սուբյեկտի նախորդող տարվա հասույթի տոկոսների չափով տուգանքներ, այդպիսիք չլինելու պարագայում բացարձակ որոշակի, սակայն բավականաչափ նվազեցված սանկցիաներ, որոնք նպատակ ունեն կիրառվել սկզբնական փուլում, երբ դեռ բացակայում է նախորդող տարվա հասույթը, ինչպես նաեւ պակաս հասույթ ունեցող կամ չունեցող սուբյեկտների նկատմամբ:



29 ապրիլի 2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Վահագն Թեւոսյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքների նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`

Վահագն Թեւոսյան (037)
Մխիթար Հայրապետյան (049)
Արման Բաբաջանյան (115)