Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-515-12.03.2020,04.05.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

1) 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա»:

2) 2-րդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ եւ չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված (2018 թվականի եւ հետագա տարիների համար` բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված) բնապահպանական հարկի հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով: Ըստ համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացվում է Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 1-ին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծրագիրը յուրաքանչյուր տարի հրապարակվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում եւ/կամ համապատասխան մարզպետարանի կայքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ:»:

2) վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ. «Ընթացիկ տարվա Ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարը կազմում է հաշվետվություն եւ ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը: Համայնքի ավագանու կողմից հաստատված հաշվետվությունը մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը հրապարակվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում եւ/կամ համապատասխան մարզպետարանի կայքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ: Հաշվետվության ձեւը հաստատվում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`

1. սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները վեցամյսա ժամկետում սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշցած ըստ համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը վեցամյսա ժամկետում սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հաշվետվության ձեւը եռամսյա ժամկետում հաստատվում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից:

Հոդված 5. Անցումային դրույթներ

Մինչ սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված ցանկի սահմանումը սույն օրենքի կարգավորումները, ի լրումն բոլոր մետաղական օգտակար հանածո արդյունահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների, տարածվում են նաեւ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ», «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ», «ՀՐԱԶԴԱՆ ՑԵՄԵՆՏ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ», «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶՋԷԿ)», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ», «ԳԱՋԵԳՈՐԾ», «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» եւ «ԳԱՋ» փակ բաժնետիրական ընկերությունների, «ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ», «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» եւ «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» բաց բաժնետիրական ընկերությունների բնապահպանական հարկերի վրա:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ