Armenian ARMSCII Armenian
Կ-515-12.03.2020,04.05.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում են եւ առանձին տողով արտացոլվում այն համայնքի բյուջեում, որի տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:

Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա:».

2) երկրորդ պարբերությունը երկրորդ նախադասությունից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ եւ չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված (2018 թվականի եւ հետագա տարիների համար` բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված) բնապահպանական հարկի հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով` սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով: Համայնքների եւ (կամ) բնակավայրերի ցանկի կազմումը եւ ըստ համայնքների եւ (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացնում է շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ծրագիրը յուրաքանչյուր տարի հրապարակվում է`

ա. համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում եւ (կամ)

բ. համապատասխան մարզպետարանի կայքում` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընթացիկ տարվա Ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարը կազմում է հաշվետվություն եւ ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը: Հաշվետվության ձեւը հաստատում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը: Համայնքի ավագանու հաստատած հաշվետվությունը մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը հրապարակվում է`

ա. համայնքի ղեկավարի կողմից համայնքապետարանի կայքում եւ (կամ)

բ. համապատասխան մարզպետարանի կայքում` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 4. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ցանկի սահմանումը սույն օրենքի կարգավորումները, ի լրումն բոլոր մետաղական օգտակար հանածո արդյունահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների, տարածվում են նաեւ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ», «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ», «ՀՐԱԶԴԱՆ ՑԵՄԵՆՏ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ», «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶՋԷԿ)», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ», «ԳԱՋԵԳՈՐԾ», «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» եւ «ԳԱՋ» փակ բաժնետիրական ընկերությունների, «ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ», «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» եւ «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» բաց բաժնետիրական ընկերությունների բնապահպանական հարկերի վրա:

2.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`

1) սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները Կառավարությունը սահմանում է վեցամսյա ժամկետում.

2) սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված համայնքների եւ (կամ) բնակավայրերի ցանկի կազմման եւ ըստ համայնքների եւ (կամ) բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը Կառավարությունը սահմանում է վեցամսյա ժամկետում.

3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հաշվետվության ձեւը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը հաստատում է եռամսյա ժամկետում: