Հոդված 1. 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 17-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով.
«4.Պարտադիր ժամկետային զինծառայողների «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ժամանակաշրջանը սույն օրենքի իմաստով հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ՝ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար:»:
Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
Ներկա իրավիճակը
«Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանվում է Հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը եւ հանրային պաշտոնները: Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը: Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:
Զինվորական ծառայողները, ովքեր պայմանագրային հիմունքներով են ծառայում, համարվում են հանրային ծառայողներ, իսկ նրանց հավասար զինվորական պաշտոնում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները չեն համարվում հանրային ծառայողներ, չնայած իրականացնում են նույնաբովանդակ ծառայություն, լուծում են նույն աշխատանքային խնդիրները, դրսեւորում են նույն մասնագիտական ունակությունները, ձեռք են բերում նույն մասնագիտական կոմպետենցիան: Բացի դրանից նույն ծառայությունը իրականացնելով հանդերձ ժամկետային պարտադիր զինծառայողները չեն օգտվում հանրային ծառայողների համար օրենքով սահմանված արտոնություններից, սոցիալական երաշխիքներից եւ այլն:
Պետական կենսաթոշակների մասին օրենքով աշխատանքային ստաժի մեջ հաշվառվող ժամանակահատվածում ընդգրկվում է զինծառայության ժամանակահատվածը: Սակայն այդ ստաժի ժամանակահատվածը պարտադիր ժամկետային զինծառայողին ծառայության ավարտից հետո չի տալիս հնարավորություն մասնակցելու քաղաքացիական ծառայության ոլորտում մասնագիտական պաշտոնների 1-ից 5-րդ ենթախմբերի համար հայտարարված մրցույթներին որտեղ պահանջվում է հանրային ծառայության ոլորտի 1-ից 2 տարվա ստաժ:եւ հավակնելու այդ պաշտոններին կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնների:
Առաջարկվող լուծումները
Առաջարկում ենք «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» օրենքներում սահմանել դրույթ այն մասին, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարվի հանրային ծառայության ստաժ:
Ակնկալվող արդյունք
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կվերանա օրենքի բացը, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, ճիշտ այնպես, ինչպես պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը, կհամարվի հանրային ծառայության ստաժ: Այսպիսով էականորեն կբարձրանա պարտադիր զինվորական ծառայության գրավչությունը, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող բարձրագույն կրթությամբ անձինք կլինեն շատ ավելի մոտիվացված եւ պարտադիր զինվորական ծառայությունը այդ իմաստով կդառնա շահեկան:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
06.05.2020թ.
ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա/ նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Վարդեւան Գրիգորյան),
բ) նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագծերի փաթեթը դնել շրջանառության մեջ:
Կանխավ շնորհակալ ենք:
Հարգանքով՝ Վարդեւան Գրիգորյան
Գեւորգ Պետրոսյան