Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-611-13.05.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր բովանդակությամբ 27.1.-րդ կետով`

«27.1. հաստատում է վճարովի կայանատեղիների վայրերը, մեքենայի համար նախատեսված վճարը, որոնք նախատեսված են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար` վաճառքի կամ վարձույթի նպատակով.»:»

Հոդված 2. Օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր բովանդակությամբ 24.1.-րդ կետով`

«24.1. սահմանում է վճարովի կայանատեղիների վայրերը, մեքենայի համար նախատեսված վճարը, որոնք նախատեսված են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար` վաճառքի կամ վարձույթի նպատակով.»:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում` մասնավորապես Երեւան քաղաքում, համայնքային ճանապարհների վրա վարձույթի տրամադրման եւ վաճառքի նպատակով կայանված տրանսպորտային միջոցները լուրջ խնդիր են առաջացնում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման գործընթացում: Մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում վարորդները չեն կարողանում կատարել տրանսպորտային միջոցների կայանում` կայանման համար գծանշմամբ թույլատրված վայրերում, քանի որ վարձույթի տրամադրման կամ վաճառքի նպատակով կայանված տրանպորտային միջոցները մշտապես կայանված են այդ վայրերում: Կայանված տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարվում է կայանման համար նախատեսված 12 հազար ՀՀ դրամի տարեկան վճարը, եւ տրանսպորտային միջոցները մշտապես կայանվում են այդ վայրերում` հաճախակի դառնալով խցանման պատճառ, վերջիններս խոչընդոտ են հանդիսանում ճանապարհային երթեւեկության բնականոն կազմակերպման համար:

Նախագծով առաջարկվում է ՏԻՄ-ի ղեկավարների կողմից սահմանվեն այն վայրերը, որտեղ թույլատրելի է կայանել վաճառքի կամ վարձույթի նպատակով տրանսպորտային միջոցները, սահմանել մեկ ամսվա համար նախատեսված վճարը` մեկ տրանսպորտային միջոցի համար, որը պետք է վճարվի տեղական ինքնակառավարման մարմնի բյուջե:

Միաժամանակ ՀՀ ՎԻՎՕ-ն սահմանում է վարչական պատասխանատվություն վերը նշված տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար, եթե վերջիններս իրենց պատկանող տրանսպորտային միջոցները կայանում են ՏԻՄ-ի կողմից չսահմանված վայրում, եթե տրանսպորտային միջոցը կայանվել է համայնքային ճանապարհի վրա:

Ընդ որում, սեփականատերը պարտավոր է 3 օրվա ընթացքում վերացնել խախտումը, հակառակ դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո կրկին նույն խատումը կատարելու դեպքում սեփականատերը ենթարկվում է պատասխանատվության նույն հոդվածի երկրորդ մասով, եթե չի լրացել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը: Նշված օրենսգիրքը ուժի մեջ մտնելու պահին համայնքի ղեկավարները պարտավոր են սահմանել համապատասխան վայրերը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծով ներկայացված կարգավորման ընդունման պարագայում համայնքային ճանապարհները կբեռնաթափվեն վարձույթի տրամադրման կամ վաճառքի նպատակով կայանված տրանսպորտային միջոցներից, ինչն էլ կբարելավի ճանապարհային երթեւեկությունը, ինչպես նաեւ կնվազեցնի կանգառի կամ կայանման համար թույլատրելի վայրերի զբաղվածությամբ պայմանավորված խցանումների քանակը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Պ Ա Տ Գ Ա Մ Ա Վ Ո Ր

12  մայիսի  2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող` Նիկոլայ Բաղդասարյան),

բ) նախագծերի փաթեթի  ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագծերի  փաթեթը դնել  շրջանառության մեջ:

Առդիր` 14 էջ:

Հարգանքով`

Մխիթար Հայրապետյան (049)
Նիկոլայ Բաղդասարյան (051)
Նարեկ Զեյնալյան (029)