Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6121-13.05.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 12-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել նոր 158.1.-րդ հոդվածով`

«Հոդված 158.1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը

1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում « 158-րդ հոդվածի 19-րդ մասով» բառերից հետո լրացնել «158.1.-րդ հոդվածով» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակը եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակը, վարորդների կողմից նույնացվելով տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթեւեկության ընթացքում շփոթություն են առաջացնում, եւ հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ: Վարորդները, նույնացնելով նշանի կանաչ լույսը լուսացույցի հետ, հատում են ճանապարհը` ենթարկվելով վարչական պատասխանատվության:

Նշված խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ` միաժամանակ ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջների կամ պայմանների կատարման ապահովումը:

Այսպիսով, առաջարկում ենք սահմանել վարչական պատասխանատվություն դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար: Այսպես, իրավաբանական անձի կողմից վերոնշյալ իրավախախտումը թույլ տալու համար նախատեսվում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը ստանալու պահից երեսուն օրվա ընթացքում այն չվերացնելու դեպքում, վերջինս ենթարկվում է պատասխանատվության` տույժի տեսքով, իսկ կրկին անգամ չվերացնելու դեպքում Տեսչությունը դիմում է համապատասխան լիցենզավորման մարմնին` լիցենզիայի կասեցման հարցը քննարկելու համար:

Այսպիսով փաստենք` Նախագծով նախատեսվող փոփոխությունների համաձայն, տնտեսվարող սուբյեկտի հետ անմիջականորեն շփում ունեցող մարմինը` Տեսչությունը, իրավասություն ունի իրականացնել վարչական վարույթ, վարչական պատասխանատավության ենթարկել տնտեսվարող սուբյեկտին` առանց լիցենզիայի կասեցման, ինչպես նաեւ հստակ գրավոր կերպով սահմանել, թե տնտեսվարող սուբյեկտը ինչ գործողություններ կատարելով կարող է իր վարքագիծը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշման պահանջներին: Այս նպատակով անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կբացառվեն վարորդների` գովազդային լուսատախտակների եւ տրանսպորտային լուսացույցների նույնացմամբ պայմանավորված իրավախախտումները, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հնարավորությունները կնվազեն:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մաuին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող` Նիկոլայ Բաղդասարյան),

բ) նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագծերի փաթեթը դնել շրջանառության մեջ:

Առդիր` 8 էջ:

Հարգանքով`

Մխիթար Հայրապետյան (049)
Նիկոլայ Բաղդասարյան (051)
Նարեկ Զեյնալյան (029)