Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 16-րդ հոդվածում 35-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1. կետ.
«35.1. սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար` բազային տուրքի տասնապատիկի չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ, ինչպես նաեւ վարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 330-Ա որոշման պահանջի կատարումից:
Օրենքով Առողջապահության նախարարությունը լիազորվել է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցում իրականացնել, որի հիմքով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր դրույթով` պետական տուրք սահմանելով սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար:
Սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմինն իրականացնելու է պետական գրացում` տրամադրելով սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթուղթը:
Արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթուղթը տալու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում): Համաձայն Որոշման հավելված 1-ի 5-րդ կետի սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի տրամադրման (ձեւակերպման) կարգը ներառում է`
1) հայտի (դիմումի) ընդունումը եւ գրանցումը.
2) ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը, ներառյալ այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են հայտատուի կողմից, եւ վերահսկողության ենթակա ապրանքների միասնական սանիտարական պահանջներին համապատասխանության վերաբերյալ լաբորատոր փորձաքննության եզրակացության արդյունքները.
3) վերահսկողության ենթակա ապրանքների մասին տեղեկատվության մուտքագրումը պետական գրանցման վկայականների ռեեստր.
4) սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձեւակերպումը եւ տրամադրումը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ պետական տուրք կսահմանվի սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար` բազային տուրքի տասնապատիկի չափով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2020 թվականի N 657 - Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. մայիսի 4
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 2020 թվականի N 543 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. մայիսի 7
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 657-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ