1. 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2. 16-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ին, 1.2- րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 1.5-րդ, 1.6-րդ, 1.7-րդ եւ 1.8-րդ մասերով.
«1.1. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթի արդյունքում:
1.2. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:
1.3. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցները հարցազրույցի ժամանակ պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն իրենց կողմից մշակված համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ:
1.4. Պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը եւ չափորոշիչները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) սահմանում է կառավարությունը:
1.5. Մինչեւ գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը եւ անցկացնելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչեւ վեց ամիս ժամկետով:
1.6. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:
1.7. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները բավարարող անձը:
1.8. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է`
1) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի դեպքում.
2) մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
4) Պետական կազմակերպության գործադիր մարմնի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
5) օրենքով սահմանված այլ դեպքերում:»:
Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներկա իրավիճակը
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքը սահմանում է ՊՈԱԿ-ների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման կարգը, ինչպես նաեւ պետական կազմակերպության փոխհարաբերությունները պետական մարմինների հետ: Պետական կազմակերպության գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր եւ այլն): Օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում է, թե ով է պաշտոնի նշանակում կամ պաշտոնից ազատում գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձին, նրա հետ պայմանագիր կնքելը, նրան պաշտոնին նշանակելու սահմանափակումները, գույքային պատասխանատվությունը եւ այլ դրույթներ: Օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են այն դրույթները, որոնք վերաբերվում են պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելուն եւ ազատելուն: Սակայն վերը նշված հոդվածներով եւ ընդհանրապես օրենքով հստակ չի սահմանվում, թե ինչպե՞ս, ի՞նչ ընթացակարգով է իրականացվում գործադիր մարմնի նշանակումը, եւ օրենքով չի սահմանված, թե որ մարմինն է սահմանում պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության կարգը:
Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի 224-Ն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվում է ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը, մասնավորապես գործադիր մարմնի ընտրության նշանակման պայմանները, նրան ներկայացվող ընդհանուր որակական եւ մասնագիտական պահանջները: Կառավարության որոշմամբ մրցույթի անցկացման ընթացակարգի սահմանումը պատվիրակվում է լիազորված պետական մարմնին, սակայն հստակ չեն սահմանվում մրցույթի անցկացման ձեւը, չեն սահմանվում նաեւ մրցույթի արդյունքում հաղթողին որոշելու օբյեկտիվ հիմքերը:
«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ` Ուսումնական հաստատության տնօրենը եւ նրա իրավասությունները հոդվածում սահմանվեց դրույթ այն մասին, որ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդը անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:
Նման բովանդակությամբ հարցազրույցը հնարավորություն կտա օբյեկտիվ կերպով գնահատել թեկնածուի եւ տեսական, եւ գործնական ունակությունները եւ ճիշտ ընտրություն կատարել: Անհրաժեշտ է նման դրույթ սահմանել ՊՈԱԿ-ների մասին օրենքով եւ հնարավորություն տալ.
- թեկնածուներին` հարցազրույցի ժամանակ առավելագույնս դրսեւորել տեսական եւ գործնական գիտելիքներ,
-իսկ մրցութային հանձնաժողովներին` առավել օբյեկտիվ եւ ճիշտ որոշում կայացնել:
Առաջարկվող լուծումները.
Առաջարկվում է Օրենքով սահմանել.
1. գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որը բացի բարձրագույն կրթությունից ունի առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2. գործադիր մարմնի թափուր պաշտոնում ընտրվում (նշանակվում) են մրցույթի արդյունքում.
3. գործադիր մարմնի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պայմանները.
4. պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը.
5. մրցույթի անցկացման փուլերի վերաբերյալ դրույթ.
6. հարցազրույցի փուլում համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը քննարկելու վերաբերյալ դրույթ.
7. Առաջարկվում է վերացնել օրենքի բացը եւ օրենքով կառավարությանը լիազորել պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը սահմանելու համար:
Ակնկալվող արդյունքը
Օրենքով կհստակեցվեն պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակման, պաշտոնը զբաղեցնելու հետ կապված հարցերը, նաեւ գործադիր մարմնի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի պարտադիր պայման կդառնա համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգի քննարկումը, ինչը հնարավորություն կտա մրցութային հանձնաժողովին բացահայտել մասնակցի աշխատանքային եւ գործնական ունակությունները, նաեւ կատարել օբյեկտիվ ընտրություն:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,
ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`
ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Վարազդատ Կարապետյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Կանխավ շնորհակալ ենք:
Ազգային ժողովի պատգամավորներ`
Վարազդատ Կարապետյան
Լիլիթ Մակունց
Հերիքնազ Տիգրանյան