Հոդված 1. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-182-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`
1. 3-րդ մասում «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.
2. 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«4. Կրեդիտառուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը եւ (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու պայմանով: Տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու` կրեդիտառուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտառուին պարտադրելու, այդ թվում` կրեդիտառուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ կրեդիտառուն հրաժարվի սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը եւ (կամ) քաղվածքը էլեկտրոնային կապով ստանալու իր իրավունքից:
Ընդ որում` կրեդիտառուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխել հաղորդակցման միջոցը ոչ ավել, քան տարին մեկ անգամ, եւ այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման վրա:»:
3. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«5. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվության ներկայացման կարգը չի գործում Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմականդրության դեպքում: Արտակարգ կամ ռազմական դրության դեպքում կրեդիտավորողն իր պաշտոնական ինտերնետային էջում եւ սոցիալական ցանցի պաշտոնական էջում (դրա առկայության դեպքում), իսկ դրանց անհնարինության դեպքում` հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կարող է իր ծառայությունների կամ դրանց մի մասի կամ բոլոր կրեդիտառուների կամ կրեդիտառուների որոշակի խմբի մասին հայտարարություն հրապարակել` որոշում կայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարությամբ պայմանավորված փոփոխությունների մասին կրեդիտառուի հետ հաղորդակցումն իրականացվում է կրեդիտավորողի սահմանված միջոցներով ու ժամկետներում:»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`
«2) կրեդիտառուի իրավունքի խախտման հետեւանքով կրեդիտառուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված կրեդիտառուների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ