Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5988-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. մայիսի 5-ի թիվ ՀՕ-221 օրենքի (այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«1. Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով, իրավունք ունի հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, փոփոխել դրա կատարման եղանակն ու կարգը:

Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում եւ ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:

2. Դատարանի կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումի ըստ էության քննությունը չի կասեցնում կատարողական վարույթը` այդ թվում որպես հայցի ապահովման միջոց:» շարունակությունը ինչպես օրենքում:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին

Հիփոթեքային շուկայի զարգացման առումով շատ կարեւոր է հիփոթեքի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար գրավի առարկայի իրացման հստակ եւ արագ մեխանիզմների առկայությունը: «Դատական ակտերի հարկադիր կատամրամն մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի 1-ին կետը ներկայիս խմբագրությամբ հնարավորություն է ընձեռում պահանջատիրոջը կամ պարտապանին դիմելու կատարողական թերթ տված դատարան` դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու պահանջով: Ընդ որում նշված դրույթը չի սահմանափակում դատական ակտի կատարման հետաձգման կամ տարաժամկետման ժամկետները, ինչպես նաեւ չի սահմանափակում նշված պահանջով դիմումների հնարավոր թվաքանակը, որի պարագայում պարտապանը կարող է մի քանի անգամ դիմելով` անհարկի ձգձգել դատական ակտի կատարումը, որը հատկապես լուռջ խնդիրներ է առաջացնում բանկերի եւ այլ վարկատու կազմակերպությունների համար` տրամադրված վարկային միջոցների ժամանակին եւ առանձ ժամանակի անհարկի կորստի վերադարձնելու խնդրում:

Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակաուղղված են նշված խնդիրների լուծմանը, մասնավորապես առաջարկվում է սահմանել դատական ակտի կատարման հետաձգման կամ տարաժամկետման 1-ամսյա առավելագույն ժամկետները, ինչպես նաեւ թույլ չտալ պարտապանի դիմումով դատական ակտի կատարման ավելի քան մեկ անգամ հետաձգումը կամ տարաժամկետումը :