Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի օրենքի (այսուհետ` օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասում` «ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների» բառերից հետո լրացնել «ծնողների, այրու,» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Տվյալ դեպքում օրենքով նշված զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներ, այրի, զրկված են ուսման արտոնություններից, իսկ պետության կողմից զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամների ուսանելու հնարավորության երաշխավորումը եւս մեկ անգամ նպաստում է հասարակությունում նրանց դերի ամրապնդմանը, հնարավորություն է ստեղծվում ձեռք բերել մասնագիտություն եւ զբաղվածություն, որը նաեւ աջակցելու է հոգեբանական խնդրի հնարավոր հեշտ հաղթահարմանը, ինչպես նաեւ պետության կողմից ցուցաբերվող հավելյալ ուշադրություն է:
Հարցմանս արդյունքում ԲՈՒՀ-երի տրամադրած տվյալներով ներկայումս բոլոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներ` ծնողներ, այրի, քույր, եղբայր, ուսանում են տասներկու հոգի:
2. Առաջարկվող լուծումները.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում, «ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների» բառերից հետո, առաջարկում եմ լրացնել «ծնողների, այրու» բառերը, որը հնարավորություն կընձեռի ընտանիքի անդամներին օգտվել պետության երաշխիքներից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Ակնկալվող արդյունքը.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի լրացման դեպքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները կարող են ուսանել Հայաստանի Հանրապետությունում պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
1) oրենքի նախագիծը,
2) oրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3) գործող օրենքի լրացվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով`
ԱԺ պատգամավոր` Սոֆիա Հովսեփյան