Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6251-23.05.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանված կանոններով» բառերից հետո լրացնել «`բացառությամբ վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգի» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր` 415.1-րդ հոդվածով.

«Հոդված 415.1. Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը

1. Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

2. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում:

3. Վճռաբեկ դատարանում բողոքը քննվում է ողջամիտ ժամկետում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 417-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենսգրքի 418-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 418. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում

1. Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը եւ դատավարության մյուս մասնակիցները ծանուցվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:

2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է գործի հանգամանքները, դատավճռի կամ որոշման բովանդակությունը, վճռաբեկ բողոքի եւ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

3. Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին եւ նիստին ներկայացած դատավարության մասնակիցներին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր` 418.1-րդ հոդվածով.

«Հոդված 418.1. Վճռաբեկ դատարանում բողոքի քննության գրավոր ընթացակարգը

1. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:

2. Վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում դատավարության մասնակիցները տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի կայացման օրվա մասին:

3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին:

4. Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը կարող է լրամշակել որոշման նախագիծը:

5. Վճռաբեկ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից դիտողություններ եւ առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակվելուց հետո կամ ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները չընդունվելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:

6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից եւ նրանց կողմից որոշված դատավորը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 423-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 423. Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումը եւ օրինական ուժի մեջ մտնելը

1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում:

2. Դատական նիստում վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ:

3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 414.3-րդ հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն:»:

Հոդված 7. Օրենսգրքի 424-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 424. Վճռաբեկ դատարանի որոշումը դատավարության մասնակիցներին եւ համապատասխան դատարան ուղարկելը

1. Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին եւ համապատասխան դատարանին ողջամիտ ժամկետում:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունվելու դեպքում քննվում են գրավոր ընթացակարգով, եթե վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում չի կայացվել:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

14 մայիսի 2020 թվականի  N  733  - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 15
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

22 մայիսի 2020 թվականի  N  603 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 22
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի  N 733-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
 

Հարգանքով`           ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ