Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-539-31.03.2020,25.05.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին»  2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք)     6-րդ հոդվածը 2-րդ մասից հետո ավելացնել նոր 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասեր.

«3. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են իրավունքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեի գործընթացը կասեցնելու մասին հայտարարությամբ:

4. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեն չի անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով, կարող է ուժը կորցրած ճանաչվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

5. Եթե մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը չի կորցրել, ապա հանրաքվեի գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն, եթե մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը չի կորցրել, ապա անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է չանցկացված հանրաքվեն` քվեարկության օրը պետք է լինի կիրակի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը` պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ եւ սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.1, 1.2, 1.3 եւ 1.4 կետերով.

«1.1 Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված եւ վերսկսված հանրաքվեի «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը: Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված եւ վերսկսված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:

1.2 Եթե մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը կորցրել է, ապա Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց հետո` տասն օրվա ընթացքում «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրավունք ունեն մարել իրենց պայմանագրային պարտավորությունները: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրենց պայմանագրային պարտավորությունները մարելու նպատակով իրավունք ունեն համալրել հիմնադրամները` սույն օրենքով սահմանված կարգով:

1.3 Մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշման ուժը կորցնելուց հետո տասնմեկերորդ օրը հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են: Հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել բարեգործական նպատակներով` մեկամսյա ժամկետում:

1.4 Մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշման ուժը կորցնելու դեպքում ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի կազմակերպման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած բոլոր իրավական ակտերն իրավունքի ուժով ուժը կորցնում են:»:

Հոդված 4. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի  մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացի վրա:   
  
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ   
 
Ամփոփաթերթ