Հոդված 1. Վավերացնել 2019թ. նոյեմբերի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարության
վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) վավերացմամբ հիմքեր են ստեղծվում երկու պետությունների մաքսային ծառայությունների միջեւ փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման, երկու երկրների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպումների արդյունավետ եւ արագ իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրի անվտանգության ապահովման եւ առեւտրային հարաբերությունների ամրապնդման համար:
Արձանագրությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում էլեկտրոնային տվյալների մշակման եւ նախնական փոխանակման հնարավորություն: Ընդ որում, կողմերը պատասխանատու են ապրանքների եւ տրանսպորտային միջոցների (բացառությամբ՝ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների) մաքսային հայտարարագրման ընթացքում ուղղակիորեն ստացված նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակման համար՝ կողմերից մեկի պետության տարածքից ապրանքները եւ տրանսպորտային միջոցները դուրս բերելիս՝ մինչեւ դրանց մյուս կողմի պետության տարածք մուտք գործելը՝ արդյունավետորեն օգտագործելով ռիսկերի վերլուծության եւ ռիսկերի կառավարման մեթոդները:
Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով:
Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ սահմանված չեն:
Ելնելով վերոհիշյալից՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության՝ ՀՀ ԱԺ կողմից վավերացումը:
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ
Ի պատասխան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2020 թվականի N 113 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. փետրվարի 7
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2020 թվականի N 614 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. մայիսի 25
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Հարգանքով՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ