Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-638-04.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Մինչեւ 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչեւ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասերով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով` ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին



1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 16.10.2018թ. թիվ 02/16.12/34933-18 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ գործնականում օրենքի կիրառության ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Նախագծի ընդունումը պայմանավորված է հիշյալ օրենքը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ միջին մասնագիտական ծրագրով վարժարաններում եւ այլ ուսումնական հաստատություններում ուսանող կամ արդեն իսկ  պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներին ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

2017 թվականին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի 23-րդ հոդվածի համաձայն`  առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում համապատասխանաբար` 3 անգամ` 1 տարի ժամկետով եւ երեք տարի ժամկետով` միայն մեկ անգամ: Այնուհետեւ փորձաքննության արդյունքում ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում տվյալ քաղաքացին մինչեւ 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով: Նման նոր օրենսդրական կարգավորումների առկայության պարագայում ստացվում է այնպես, որ քաղաքացին մինչեւ 27 տարին լրանալը կարող է ենթակա լինել բժշկական վերափորձաքննության, սակայն փաստացիորեն տարկետում չունենալ, ինչի արդյունքում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձնագիրը զորակոչային տարիքը լրանալու դեպքում` տրամադրվում է մինչեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով: Մինչդեռ, ինչպես տարկետումը, այնպես էլ վերափորձաքննության ենթակա լինելը, տեսականորեն, անձի զինվորական ծառայության զորակոչվելը որոշակի ժամկետով հետաձգելու իրավական գործիքներ են: Նշված հարցը քննարկվել է նաեւ ՀՀ ՊՆ մասնագետների հետ եւ ոչ նպատակահարմար է գտնվել վերափորձաքննության ենթակա քաղաքացիներին վերափորձաքննության ժամկետից ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելը կամ դրանում վավերականության մասին նշում կատարելը: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը` օրինագծով սահմանվել է, որ վերափորձաքննության ենթակա քաղաքացիների անձնագրերը կտրամադրվեն վերափորձաքննության ժամկետով:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը` ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:  Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչեւ 18 տարին լրանալը: Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող եւ դեռեւս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ: Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեեւ սովորում են մինչեւ 18 տարին լրանալը եւ, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ: Նույն խնդիրն ունենում են նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը: Նշված խնդիրները լուծելու եւ արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:

Հարկ է նշել նաեւ, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող  արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ` օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր եւ հետեւաբար անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչեւ 18, այլ մինչեւ նրանց 19 տարին լրանալը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համապատասխանեցումը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի պահանջներին, ինչպես նաեւ կվերանայվեն արական սեռի զինապարտ քաղաքացիներին անձնագրեր տրամադրելու ժամկետները եւ ընթացակարգը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա հիշյալ օրենքին համապատասխանեցնել նաեւ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշումը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

21 մայիսի 2020 թվականի  N   796  - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ»
 ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 23
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

3 հունիսի 2020 թվականի  N 655  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի
66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 3
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 796-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

Հարգանքով`            ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ