Armenian ARMSCII Armenian
Կ-639-04.06.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «հիմք են» բառերը փոխարինել «հիմք է» բառերով.

2) հանել «եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն oրենքն ուժի մեջ մտնելու օրն է, ապա նրան, որպես չաշխատող անձ, մայրության նպաստը տրվում է «Պետական նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով:

Եթե մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածն սկսում է 2019 թվականին, ապա նրան, որպես չաշխատող անձ, մայրության նպաստ տրվում է «Պետական նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը խնամքի արձակուրդում գտնվող՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին (այդ թվում՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին) խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց 2020 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ), եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ից հետո: