Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6391-04.06.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների վրա: Սույն մասում նշված անձանց ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում նրանց վարձատրությունը պահպանվում է:»

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետից հանել «, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամմինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների (այսուհետ՝ վարձու աշխատողներ)» բառերը,

2) 4-րդ մասում «ժամանակավորապես» բառերը փոխարինել «անորոշ կամ որոշակի ժամկետով» բառերով,

3) 6-րդ մասում «հիմնական գործատուի» բառերը փոխարինել «գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, ում ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասում «հիմնական (նպաստը հաշվարկող եւ նշանակող)» բառերը փոխարինել «նպաստը հաշվարկող եւ նշանակող» բառերով,

2) 10-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.

«10.1. Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում «օրվանից» բառը փոխարինել «օրվան հաջորդող ամսվանից» բառերով:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը «վարձու աշխատողին» բառերից հետո լրացնել «ժամանակավոր անաշխատունակության» բառերով, «հիմնական աշխատավայրի» բառերը փոխարինել «նպաստը հաշվարկող եւ նշանակող» բառերով,

2) 5-րդ մասի 4-րդ կետում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Վարձու աշխատողի մայրության նպաստը վերահաշվարկվում է նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում իր եկամտի վերաբերյալ վարձու աշխատողի կողմից գործատուին (նպաստը հաշվարկող եւ վճարող) լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում: Այս դեպքում մայրության նպաստը  վճարվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:»,

2) 5-րդ մասում «ընդհատվելու» բառից հետո ավելացնել «, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ գործատուներից մեկի մոտ ընդհատվելու» բառերը:

Հոդված 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի՝ միկրոձեռնարկատիրությանմեջներգրավվածվարձուաշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա(այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից առաջ է): Ընդ որում, այս դեպքում.

1) ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացած՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում,

2) եթե մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացած՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2019 թվականին եւ շարունակվել է 2020 թվականին, ապա նրան, որպես միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի, ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելիս ժամանակավոր անաշխատունակության առաջին օր է համարվում 2020 թվականի հունվարի 1-ը:

Սույն օրենքի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա(այն դեպքերի վրա, երբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո է): Ընդ որում.

1) եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչեւ սույն oրենքն ուժի մեջ մտնելու օրն է, ապա նրան մայրության նպաստը տրվում է «Պետական նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով,

2) եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (բացառությամբ՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը 2019 թվականին է, ապա նրան մայրության նպաստը տրվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով, գործատուի կողմից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծերի նպատակը ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի (այդ թվում՝ չաշխատող անձի), մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) համակարգերին առնչվող՝ հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկախնդիրները

«Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.1-ին գլխով կարգավորվում են չաշխատող անձին մայրության նպաստի իրավունքին առնչվող հարաբերությունները:

Մանավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չաշխատող անձանց մայրության նպաստի նպատակը պետությունից անվճար ծննդօգնության ծառայություն ստացող անձանց պետական բյուջեի միջոցներից միանվագ դրամական օգնություն (նպաստ) տրամադրելն է, օրենսդրությամբ ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը Օրենքով սահմանվել է որպես նպաստի իրավունք տվող պայման. երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

Բացի դրանից, ծննդօգնության պետական հավաստագիրն այն փաստաթղթերից մեկն է, որի հիման վրա նշանակվում է մայրության նպաստ:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշմամբ սահմանված են այն մայրության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ բացառությունները, երբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը նշանակվում է մայրության նպաստ:

Ծննդօգնության պետական հավաստագրերը հղիության 22-րդ շաբաթականը լրանալիս քաղաքացիներին տրամադրվել են Առողջապահության նախարարի 2008թ. մայիսի 30-ի N 761-Ա հրամանով սահմանված կարգով: Այդ հրամանը Առողջապահության նախարարի 2019թ. դեկտեմբերի 13-ի N 3748-Ա հրամանով ճանաչվել է ուժը կորցրած:

Խնդրին ժամանակավոր լուծում տալու նպատակով, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ կառավարությունը 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ կատաարված փոփոխությամբ սահմանել է, որ եթե մայրության նպաստ նշանակելու դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո, ապա Ծննդօգնության պետական հավաստագիր չի ներկայացվում (այսինքն, որպես բացառություն, սահմանել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է ծննդօգնության պետական հավաստագիր չստացած կնոջը):

Չաշխատող անձի մայրության նպաստին եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքին անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել նաեւ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ:

Հարկման հատուկ համակարգերի փոփոխությամբ պայմանավորված (վերացել է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը եւ ներդրվել է միկրոձեռնարկատիրության համակարգը)՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատողների համար նախատեսված սոցիալական երաշխիքները տրամադրվեցին միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին:

Մասնավորապես, Օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակվում է որպես չաշխատող անձ:
Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատողները չունեն խնամքի նպաստի իրավունք:

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները չունեն այդ օրենքով սահմանված  ժամանակավոր անաշխատունակության նպաստի, մայրության նպաստի իրավունք:

Չնայած այն հանգամանքին, որ եւ՛ ընտանեկան ձեռնարկատիրության, եւ՛ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերը հատուկ են, այնուհանդերձ, դրանք  ունեն ձեռնարկատիրական գործունեության, բովանդակային առումով, տարբեր բնութագրեր: Առաջին դեպքում ձեռնարկատիրական գործունեության համար կարեւորվում է գործունեությունը ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացնելը, իսկ մյուսի դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեության  սահմանված չափանիշներին բավարարելը:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետության կողմից միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին տրվող սոցիալական երաշխիքները:

Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտը գործունեությունը դադարեցնում է անորոշ կամ որոշակի ժամկետով: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքին:

Հստակեցման կարիք ունի «հիմնական գործատու» եզրույթը, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետում նշված դեպքերում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստ նշանակելու պայմանները (գործունեությունը դադարեցնելու մասով), լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում մայրության նպաստը վերահաշվարկելու կարգը:

1.2. Առկախնդրիառաջարկվողլուծումը

Հաշվի առնելով վերագրյալն՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքներում:

2. Կարգավորմանառարկան

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների համար չսահմանել խնամքի նպաստի իրավունքի որեւէ առանձնահատկություն՝ նրանց վրա տարածելով այլ գործատուների վարձու աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:

Հաշվի առնելով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված եւ այլ գործատուների վարձու աշխատողների եկամտային հարկի հաշվարկման տարբերությունը (միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողինը հաստատագրված է՝ ամսական 5000 դրամ, իսկ այլ գործատուի վարձու աշխատողինը հաշվարկվում է Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափով), «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստը եւ մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Հաշվի առնելով, որ խնդրո առարկա օրենքների՝ փոփոխության ենթակա դրույթների կիրառմամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները 2020 թվականի հունվարի 1-ից չեն կարողացել իրացնել իրենց խնամքի նպաստի եւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքները, նախագծերի անցումային դրույթներով նախատեսվում է կարգավորել անցումային ժամանակաշրջանի խնդիրները:

Նախագծերի փաթեթով կարգավորվել են իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշակի խնդիրներ, մասնավորապես.

1. Հարկային օրենսսգրքին համապատասխան՝ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի նախագծով  առաջարկվում է տնտեսվարող սուբյեկտի գործունեության դադարեցում անորոշ կամ որոշակի ժամկետով (գործող՝ ժամանակավորապես դադարեցնելու փոխարեն)

2. Հստակեցվել են նաեւ մայրության եւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի վերահաշվարկման հետ կապված կարգավորումները:

Հարկ է նշել, նախագծերի փաթեթի ընդունմամբ հավելյալ ծախսեր կատարելու ահնրաժեշտություն չի առաջանա, քանի որ ոչ մի նպաստի տեսակի մասով շահառուների շրջանակը չի ընդլայնվում (2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ որեւէ նպաստի իրավունք ունեցողը պահպանում է այդ իրավունքը):

3. Իրավականակտիկիրառմանդեպքումակնկալվողարդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների համար կսահմանվեն այլ գործատուների վարձու աշխատողների համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, ծննդօգնության պետական հավաստագիրը չի հանդիսանա չաշխատող անձանց մայրության նպաստի իրավունք տվող պայման:

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքներիընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն, 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշումների մեջ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ  մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

21 մայիսի 2020 թվականի N 804 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ  մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 23
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

3 հունիսի 2020 թվականի  N 657 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ  մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 3
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 804-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Հարգանքով՝  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ