Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-640-04.06.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՅՐԵՐԻ, ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԸՆԹԵՐՑՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԱՐԱՔԵՇԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2013 թվականի հունիսի 27-ին ընդունված « Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ
«Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին միանալու նպատակահարմարության վերաբերյալ

2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ընդունվել է «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր):

Պայմանագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձեւաչափով օրինակների մատչելիությունը:

Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները եւ այն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն:

Ամեն տարի աշխարհում հրատարակվում են մեծ քանակությամբ գրքեր, որոնցից միայն 2%-ն է հասանելի զարգացող, ինչպես նաեւ զարգացած երկրներում ապրող 285 միլիոն կույրերի եւ տեսողության խաթարումներ ունեցող մարդկանց համար:

Պայմանագրով սահմանվում են մի շարք սահմանափակումներ եւ բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել եւ մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունները այն ձեւաչափով, որով տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն:  Այն թույլ է տալիս նաեւ իրականացնելու արդեն փոփոխված ձեւաչափով ստեղծագործությունների միջսահմանային փոխանակումն այն իրավասու մարմինների միջեւ, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին:

Պայմանագրում հստակ սահմանվում է, թե ովքեր են շահառուները, եւ ինչպիսի ստեղծագործությունների վրա են տարածվում սույն Պայմանագրի դրույթները: Սահմանվում են նաեւ այն լիազոր մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրի համաձայն Պայմանավորվող կողմերն իրավասու են որոշակի հանգամանքներում՝ առանց իրավատիրոջ համաձայնության, հասանելի ձեւաչափով օրինակները ներմուծել, ինչպես նաեւ արտահանել:

Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը:

Մարաքեշի պայմանագրով հնարավորություն է տրվում՝

1. շահառուներին օգտվելու ստեղծագործություններից հասարակության մյուս անդամների հետ հավասարապես,

2. շահառուներին ապահովելու հասանելի ձեւաչափով կրթական նյութերի մատչելիությունը,

3. շահառուների մասնակցությունն ու ներգրավվածությունը մշակութային եւ սոցիալական կյանքին:

Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու համար նպատակահարմար կլիներ Հայաստանի Հանրապետության միանալը սույն Պայմանագրին:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Պապիկյան

Ի կատարումն Ձեր հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրի նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝    ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 2013 թվականի հունիսի 27-ին ընդունված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 2013 թվականի հունիսի 27-ին ընդունված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ, այդ թվում՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԿՈՒՅՐԵՐԻ, ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԸՆԹԵՐՑՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ  ՄԱՐԱՔԵՇԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պայմանագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթներ, սակայն դրանում առկա են օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ գտնում ենք, որ Պայմանագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ՝     Կ. ԽՏՐՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿՈՒՅՐԵՐԻ, ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԸՆԹԵՐՑՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԱՐԱՔԵՇԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է 1993 թվականից՝ միանալով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին կոնվենցիային (Հայաստանի Հանրապետության համար համար ուժի մեջ է մտել 1993թ. ապրիլի 22-ին):

 Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության շրջանակներում միացել է շուրջ 19 միջազգային պայմանագրերի:

 «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրն (այսուհետ՝ Պայմանագիր) ընդունվել է 2013թ. հունիսի 27-ին:

Պայմանագրի նպատակն է բարելավել տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ այլ տպագիր ստեղծագործությունների հասանելիության դժվարություններ ունեցող անձանց՝ հասարակությունում իրենց հավասար հնարավորություններն իրացնելու համար տպագիր ստեղծագործությունների մատչելիության հարցում առկա խոչընդոտները եւ մեծացնել մատչելի ձեւաչափով այդ ստեղծագործությունների օրինակների քանակը եւ այդ ստեղծագործությունների շրջանառությունը:

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2016թ. սեպտեմբերի 30-ին: 2019թ. հոկտեմբերի 16-ի դրությամբ Պայմանագրին անդամ է 61 պետություն, ( ցանկը կից ներկայացվում է ):

Պայմանագրի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՄՍՀԿ ցանկացած անդամ պետություն կարող է դառնալ Պայմանագրի կողմ:

Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների եւ բացառությունների կիրառումն այն ստեղծագործությունների նկատմամբ, որոնք համապատասխան մատչելի ձեւաչափով չեն կարող առեւտրային ճանապարհով ձեռք բերվել շահառուների համար ողջամիտ պայմաններով այդ շուկայում: Այս հնարավորությունից օգտվող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այդ մասին հայտնում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին ի պահ հանձնված ծանուցման մեջ՝ Պայմանագիրը վավերացնելու, ընդունելու կամ դրան միանալու ժամանակ կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ (հայտարարություն անելու նպատակահարմարության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հայտարարության տեքստի նախագիծ):

Ադրբեջանի Հանրապետությունը Պայմանագրին միանալու ժամանակ կատարել է հայտարարություն, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել կամ հաստատել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ հայտարարությամբ (կցվում է):

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ       Արտակ Ապիտոնյան

Հայաստանի Հանրապետության հայտարարությունը

«Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ

Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

16 հունվարի 2020 թվականի  N 32 - Ա

«ԿՈՒՅՐԵՐԻ, ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԸՆԹԵՐՑՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԱՐԱՔԵՇԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հավանություն տալ 2013 թվականի հունիսի 27-ին ընդունված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունվարի 17
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒ Մ

3 հունիսի  2020 թվականի N 654 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում 2013 թվականի հունիսի 27-ին ընդունված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 3
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2013 թվականի հունիսի 27-ին ընդունված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Հարգանքով՝     ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ