Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 169.7-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.7. Վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը
Գործունեություն չսկսած /չիրականացնող/ գործատուի կողմից վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրք ունենալու սահմանված ժամկետը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Գործատուի կողմից վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրքի պահպանման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
Գործատուի կողմից վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրքում հրամանների գրանցման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
Գործունեություն իրականացնող գործատուների կողմից վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրք չունենալը կամ չվարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հաշվի առնելով բազմաթիվ գործատուների կողմից դիմումները, նկատի ունենալով, որ`
վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը իր մեջ ներառում է մի քանի գործառույթներ, որոնցից յուրաքանչյուրի խախտումը կարող է հիմնված լինել տարբեր հանգամանքներից եւ պատճառներից եւ առաջ բերել տարբեր հետեւանքներ, իսկ որոշ դեպքերում այն կարող է ընդհանրապես հետեւանք չունենալ, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 169.7-ի ` վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգի բոլոր գործառույթների խախտման համար սահմանված է միեւնույն չափի վարչական տուգանք, որը հատկապես գործունեությունը դեռեւս չսկսած կամ ոչ դիտավորությամբ խախտում կատարած գործատուների համար կարող է ունենալ կործանարար, այլ ոչ կանխարգելիչ կամ դաստիարակչական ազդեցություն: