Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետեւ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում 61-րդ կետից հետո լրացնել նոր 62-րդ եւ 63-րդ կետերով.
«62. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ` տարբեր արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթուղթ:
«63. Արտակարգ իրավիճակով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգ` անկախ կազմակերպաիրավական ձեւից բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներ եւ միջոցառումներ` ուղղված մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր հետեւանքների կանխարգելմանը, նվազեցմանը եւ վերացմանը»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 8.1
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Հոդված 42.1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ
1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները սահմանում են համապատասխան արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության հիմնական սկզբունքները, հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման կարգը, արտակարգ իրավիճակի հետեւանքների, կանխարգելման, նվազեցման եւ վերացման համար անհրաժեշտ ռեսուրսների, մարդկային ներուժի, սարքավորումների, դեղերի եւ այլ ապրանքների պահանջարկը, դրանց համալրման կարգը, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների եւ ոստիկանության կողմից կատարման ենթակա միջոցառումները:
2. Առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների կողմից համատեղ մշակված արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները հաստատում է կառավարությունը:»:
3. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները վերանայվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ` կառավարության կողմից, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների նախաձեռնությամբ:
Հոդված 42.2 Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը
1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններից բխող համապատասխան արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը հաստատվում է կառավարությունը, արտակարգ իրավիճակ հայտարարելուց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ներկայացմամբ:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: