Armenian ARMSCII Armenian
Պ-555-09.04.2020,11.06.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 62-րդ եւ 63-րդ կետերով.

«62) արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության պլան` արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթուղթ.

63) արտակարգ իրավիճակով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգ` անկախ սեփականության ձեւից` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներ եւ միջոցառումներ` ուղղված մարդկանց կյանքին եւ առողջությանն սպառնացող հնարավոր հետեւանքների կանխարգելմանը, նվազեցմանը եւ վերացմանը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 8.1

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 42.1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները

1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները սահմանում են արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության հիմնական սկզբունքները, արտակարգ իրավիճակի հետեւանքների կանխարգելման, նվազեցման եւ վերացման համար անհրաժեշտ միջոցառումները:

2. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները մշակում եւ հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:

3. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները վերանայվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից:

Հոդված 42.2. Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը

1. Արտակարգ իրավիճակի դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմինը, արտակարգ իրավիճակի առաջացման հիմքով պայմանավորված, ողջամիտ ժամկետում մշակում եւ հաստատում է արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը, որը պարտադիր է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: